Երեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել համատեղ խորհրդակցություն` ՀՀ վերահսկիչ պալատի եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմերի, ինչպես նաեւ` վարչական շրջանների սոցիալական ծառայությունների տարածքային բաժինների պատասխանատուների մասնակցությամբ: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը տեղեկացրել է, որ լայնածավալ ստուգումներ են սկսվելու պետական նպաստների հաշվարկման եւ տրամադրման գործընթացի, ինչպես նաեւ` ՀՀ կառավարության թիվ 352 եւ 510 որոշումների համապատասխան ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդների, ընտանեկան, մինչեւ երկու տարեկան երեխաների խնամքի եւ այլ պետական նպաստների հատկացումների օրինականությունը պարզելու ուղղությամբ: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ բոլոր ոլորտներում կոռուպցիոն ռիսկերը եւ խախտումները անթույլատրելի են, իսկ սոցիալական ոլորտում` առավել եւս: Իրականացվող ստուգումների եւ ուսումնասիրությունների գործընթացի հետ կապված քաղաքապետը հանձնարարել է ցուցաբերել խիստ հետեւողականություն եւ դրսեւորել առավելագույն աջակցություն: