Վտանգավոր հայցեր

03/05/2011

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մայիսի 1-ին հրապարակած իր հայտարարության մեջ մտահոգություն է հայտնել հայաստանյան լրատվամիջոցների դեմ հարուցվող դատական գործընթացների առնչությամբ: Կազմակերպության ներկայացուցիչները նկատում են, որ թեեւ զրպարտության եւ վիրավորանքի համար քրեական պատիժը վերացվեց 2010թ. ապրիլին, ինչն ընկալվեց որպես քայլ դեպի ժողովրդավարություն, այնուհանդերձ` «պարբերականների դատական հետապնդումները շարունակվում են»: Հայտարարության մեջ կազմակերպության ներկայացուցիչներն ընդգծել են, որ միայն 2011թ. առաջին եռամսյակում մամուլի դեմ ներկայացվել է 12 դատական հայց եւ դրանց «գլխավոր թիրախն անկախ պարբերականներն են»: «Ժամանակ» օրաթերթի դեմ ներկայացվել է դատական երեք հայց, հայցեր են ներկայացվել նաեւ «Հայկական Ժամանակ» եւ «Հրապարակ» պարբերականների դեմ: Հայցվորի դերում հաճախ է հանդես գալիս նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը: Ինքը` Քոչարյանը, նույնպես վերջերս դիմեց դատարան` «Հրապարակ» օրաթերթին մեղադրելով զրպարտության եւ վիրավորանքի մեջ: Թեեւ հայցով դատարան դիմելու որոշակի հիմքեր գուցե առկա էին, այնուհանդերձ, լիովին հիմնազուրկ էր պարբերականի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնելու` հայցվորի ներկայացրած պահանջը: Թեեւ այդ որոշումը հետագայում վերանայվեց, այնուամենայնիվ նախկին նախագահի գործողությունները շարունակում են վտանգ պարունակել, քանի որ կարելի է ենթադրել, որ ներկայացվող հայցերի իրական նպատակը պարբերականի սնանկացումն է»,- նշում են կազմակերպության փորձագետները` ընդգծելով, որ կազմակերպությունը շարունակելու է ուշադրությամբ հետեւել այս գործերի ընթացքին: Ի դեպ, բացի վերոնշյալ դատական հայցերից, կազմակերպության ներկայացուցիչները ներկա կգտնվեն նաեւ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի` «Երկիր» օրաթերթի դեմ ներկայացված հայցի քննությանն ու «Գլենդել Հիլզն» ընդդեմ «Ժամանակի» դատական պրոցեսին:

«Մամուլի ինքնակարգավորումը Հայաստանում պետք է զարգանա, իսկ նման հայցադիմումների քննության ընթացքում դատարանները պետք է հավատարիմ մնան փոխհատուցման համարժեքության սկզբունքին»,- ասված է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարության մեջ: