Տնտեսական ոլորտի մեր պատասխանատուները վերջերս սկսել են մեծ գոհունակությամբ խոսել Հայաստանի արտաքին առեւտրի ցուցանիշների մասին` նշելով, որ արտահանումը առաջանցիկ աճ է արձանագրում ներմուծման նկատմամբ։
Հիշեցնենք, որ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներով` այս տարվա առաջին եռամսյակում արտահանումն աճել է 25.2%-ով, ներմուծումը` 6.4%-ով։
Նախնական ցուցանիշները հրապարակելու ժամանակ (10 օր առաջ) մենք ենթադրել էինք, որ արտահանման աճը պայմանավորված կլինի գների աճով՝ նախորդ տարիների փորձից ելնելով։ Խոստացել էինք նաեւ ասվածը հիմնավորել թվերով։ Ազգային վիճակագրական ծառայությունը, սակայն, արտահանման կառուցվածքը ներկայացնում է միայն ըստ արժեքի։ Օրինակ, նշվում է, որ հանքահումքային արտադրանքի արտահանումը կազմել է 73.4 միլիոն դոլար, ինչը 42%-ով գերազանցում է նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը (56.1 միլիոն)։ Չի նշվում, թե 42%-անոց աճն ինչի հաշվին է արձանագրվել` քանակի՞, թե՞ հանքահումքային արտադրանքի գների աճի։ Սակայն ցուցանիշները, որոնք վկայում են վերը նշված պնդման իրավացիությունը, կարելի է գտնել մեկ այլ տեղ` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության բաժնից։
Արտաքին առեւտրի վիճակագրության բաժնում մաքսայինը առանձին փաստաթղթով ներկայացնում է առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների արտահանման ցուցանիշները։ Այլ կերպ ասած` այդ ցանկն իրենից ներկայացնում է մեր արտահանման կառուցվածքի հիմքը։
Որպեսզի առավել պարզ լինի, թե ինչ դեր ունի 29 անուն ապրանքներից կազմված այդ ցանկը արտահանման ցուցանիշների մեջ` նշենք, որ միայն այդ ցանկում ներառված ապրանքների արտահանումը կազմել է ավելի քան 230 միլիոն դոլար։ Դա ընդհանուր արտահանման ծավալի 92%-ն է (արտահանման ծավալներն այս տարվա առաջին եռամսյակում կազմել են 248 միլիոն դոլար)։
Ընդ որում, միայն առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած ապրանքները կազմում են մեր արտահանման կեսը` հանքաքար եւ պղնձի խտահանք (60.4 միլիոն դոլար), երկաթահամահալվածք (32.5 միլիոն դոլար) եւ պղինձ չզտած (27.2 միլիոն դոլար)։ Այսինքն` այս ցանկը ցույց է տալիս, որ մեր արտահանում կոչվածը հիմնված է միայն հումքի եւ մետաղների վրա, եւ դիվերսիֆիկացիայի նշույլ անգամ չկա։
Սակայն վերադառնանք բուն նյութին` գների ազդեցությանը արտահանման ցուցանիշների վրա։ Մաքսայինի ցուցակի հիման վրա կազմված աղյուսակում այդ ամենը հստակ երեւում է (աղյ. 1)։
Աղյուսակում ներառել ենք 2011թ. առաջին եռամսյակում Հայաստանից արտահանված առավել բարձր մաքսային արժեք ունեցող 15 անուն ապրանքները։ Դրանց ընդհանուր արժեքը կազմում է 217.7 միլիոն դոլար` ընդհանուր արտահանման 88%-ը։ Այսինքն` այս ցանկը մեր արտահանման կմախքն է։
Հիմա տեսնենք` ինչ է կատարվում։ Ամենաշատ արտահանումը, ինչպես նշեցինք, արձանագրվել է «հանքաքար եւ պղնձի խտահանք» հոդվածով։ Նախորդ տարվա առաջին եռամսյակում արտահանվել է 43.3 միլիոն դոլարի ապրանք, իսկ այս տարի՝ 39%-ով շատ՝ 60.4 միլիոն դոլար։ Սակայն, եթե դիտարկում ենք բնեղեն ծավալներով՝ ապա այս տարի 2187 տոննայով ավելի քիչ պղնձի հանքաքար եւ խտահանք է արտահանվել։ Սա նշանակում է մի բան` այս հոդվածով արտահանման աճը գրանցվել է միայն գնի աճի հաշվին։ Այսինքն՝ եթե նախորդ տարի մեկ տոննայի մաքսային արժեքը կազմել է 1574 դոլար, ապա այս տարի` 2385 դոլար։
Նույն տրամաբանությունը գործում է նաեւ մյուս ապրանքատեսակների դեպքում։ Օրինակ` երկաթահամահալվածքի արտահանումը բնեղեն ծավալներով աճել է 6%-ով (1255 տոննայից հասնելով 1331 տոննայի), սակայն գներն ավելի շատ են բարձրացել, ինչի արդյունքում արտահանման մաքսային արժեքն աճել է 17%-ով։
Գների աճը ցուցանիշի վրա դրական ազդեցություն է ունեցել անգամ այն դեպքում, երբ գումարային առումով արտահանման ծավալները նվազել են։ Օրինակ` նախորդ տարվա առաջին եռամսյակում Հայաստանից արտահանվել է 20.2 միլիոն դոլարի ադամանդ, իսկ այս տարի` 13%-ով պակաս (17.5 միլիոն դոլարի)։ Սակայն բնեղեն արտահայտությամբ՝ ադամանդի արտահանումը նվազել է 37%-ով՝ 103 հազար կարատից հասնելով 63 հազար կարատի։ Այսինքն՝ եթե նախորդ տարվա սկզբին մեկ կարատի մաքսային արժեքը կազմել է 196.5 դոլար, այս տարի հասել է 269.6 դոլար։ Թանկացումը մեղմացրել է արտահանման նվազման ցուցանիշը։
Մյուս դեպքերում` երբ աճել են թե՛ բնեղեն ծավալները, թե՛ արժեքը, գնի թանկացումը ավելի է լավացրել ցուցանիշը։ Օրինակ` մոլիբդենի արտահանումը տոննաներով ավելացել է 3 անգամ, իսկ արժեքով` 3.8 անգամ։ Եվ այսպես շարունակ։
Այս թվերը ապացուցում են, որ արտահանման աճով պետք չէ պարծենալ 3 պատճառներով.
1. Արտահանման կառուցվածքը դիվերսիֆիկացված չէ, եւ 3 անուն ապրանքը կազմում են արտահանման ծավալների կեսը։
2. Արտահանումը հիմնված է հանքահումքային արդյունաբերության եւ մետաղների վրա, որոնք կազմում են արտահանման ծավալների 70%-ը։
3. Արտահանման աճը առաջին հերթին պայմանավորված է գների աճով եւ ամենեւին չի վկայում երկրի տնտեսության մրցունակության բարձրացման կամ հզորությունների ավելացման մասին։
Միգուցե ոմանք կասեն` ի՞նչ տարբերություն` ինչի հաշվին է ավելացել արտահանումը, թեկուզ դա լինի գների թանկացման` միեւնույն է, այդ գումարները գալիս են Հայաստան։ Դրա բացասական կողմն այն է, որ, երբ արտահանումը կախված է մի քանի անուն ապրանքից, ապա մի գեղեցիկ օր կարող է տեղի ունենալ հակառակը՝ գները կարող են շեշտակի ընկնել, եւ դա շատ ուժեղ հարված կհասցնի ողջ տնտեսությանը (ինչպես եղավ ճգնաժամի ժամանակ)։
Հետաքրքրվողների համար մենք մի թիվ էլ ենք հաշվել, որը պայմանականորեն կարող ենք անվանել «արտահանման ճշմարիտ ցուցանիշ»։ Բացառել ենք գնաճի գործոնը, եւ հաշվել, թե որքա՞ն կլիներ վերը նշված 15 անուն ապրանքների արտահանման արժեքը, եթե դրանց գները լինեին նախորդ տարվա մակարդակին, այսինքն` փոփոխություն կրած չլինեին։ Այլ կերպ ասած` ինդեքսավորել ենք արտահանումը։ Օրինակ` եթե այս տարի արտահանվել է 25.321 տոննա պղնձի հանքաքար, նախորդ տարվա գներով դրա արժեքը կկազմեր 39.8 միլիոն դոլար (այսօրվա 60.4 միլիոնի փոխարեն)։
Նույն պարզ թվաբանությունը կիրառելով ցանկում նշված բոլոր 15 ապրանքների համար` կստացվի, որ դրանց արտահանման «ճշմարիտ ցուցանիշը» 179 միլիոն դոլար է` ներկայիս 217.7 միլիոն դոլարի փոխարեն։ Այսինքն՝ 28% աճի փոխարեն այս ապրանքների արտահանման ծավալներն իրականում աճել են շուրջ 5 տոկոսով։ Սա էլ իր հերթին` նշանակում է, որ արտահանման ցուցանիշների մասին հիացմունքով խոսող մարդկանց ոգեւորությունը 5 անգամ ուռճացված է։