Երկուշաբթի ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվել է Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանի լիազորությունները տնօրենի պաշտոնում:
«Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով 2011թ. ապրիլի 30-ից դադարեցվել է «Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Սուսաննա Նազարյանի լիազորությունները տնօրենի պաշտոնում: Հրամանի համար հիմք են հանդիսացել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերը, 121-րդ հոդվածի 1-ին մասը, 123-րդ հոդվածը»,- ասված է ԿԳՆ տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ խոսքը դպրոցում բարոյահոգեբանական հիվանդ մթնոլորտ ստեղծած, աշակերտներին սեռական բնույթի վիրավորանքներ տվող տնօրենի մասին է: Հիշեցնենք նաեւ, որ մեր թերթի խմբագրություն էր դիմել դպրոցի այլեւս նախկին աշակերտ, 10-րդ դասարանցի Ալբերտ Հարությունյանը եւ, հենց նրա միջոցով էլ, այսպես ասած` բացահայտվեցին դպրոցում տիրող անառողջ բարքերը, որոնք այնուհետ հաստատեցին նաեւ դպրոցի ներկա եւ նախկին աշակերտները: «Լյուբոյին էլ ասում ա` մի քիչ մեղմ, մի քիչ կոպիտ: Դուք ուղղակի չեք ճանաչում մեր տնօրենին»,- մեզ հետ զրույցում դպրոցի այլեւս նախկին տնօրենից բողոքում էին դպրոցի ներկա աշակերտները: Նրանց պատմելով` «խուժան, այլանդակ, լկտի, տավար, ոչխար» եւ մի շարք այլ արտահայտություններ դպրոցի տնօրինուհի, հայոց լեզվի մասնագետ Սուսաննա Նազարյանի կողմից ամենաշատ օգտագործվող բառերն են: Նրանց համար սովորական էին նաեւ «նազարյանական» պատժամիջոցները: Աշակերտները հերթականությամբ հիշում էին տնօրինուհու արարքները, որոնք ներկայացնելիս շատ հաճախ ամաչում էին, ներողություն խնդրում տնօրենի ասած այս կամ այն բառի համար: «Մի անգամ մեր դասարանի սաղ տղաներին շարք էր կանգնեցրել եւ բոլորին հերթով խփելով գնում էր: Նենց չի, որ մի հատ էր խփում: Չգիտեր` ինչով պատժել»,- ասում էին աշակերտները: «Քննության ժամանակ շատ վատ մթնոլորտ էր, տնօրենի բառերից օրինակ նշեմ` հետ տված կաթ եք կերել: Սա 2 տղաների էր ասել, որոնց մոտ շպարգալկա էր գտել: Հետո ամբողջ 9-րդ դասարանի երեխաների մոտ նրանց ապտակեց, որ իրանք ընկան գետնին: Մի քիչ ամոթ ա ասելը, բայց քննությունների ժամանակ մեզ ասաց, որ բոլորիդ մինչեւ վերջ հանվացնելու եմ ստուգեմ, որ հանկարծ ինչ-որ թերթիկ լինի»,- մեր թերթի նախորդ հրապարակումներում պատմում էին դպրոցի նախկին աշակերտները, որոնցից ոմանք հենց Ս. Նազարյանի պատճառով էին դպրոցից դուրս եկել: Այսօր շատերն են ուրախ, որ Ս. Նազարյանին վերջապես հեռացրեցին տնօրենի պաշտոնից: Նախկին տնօրենի մասին զայրույթով էին խոսում նաեւ ծնողները: «Ասում էր` ինչ ուզի` կանի, ինչ ուզում է` անում է, իրա ասածով` իրա դեմ խաղ չկա, իրա թուրը աջ ու ձախ կտրում ա, եւ էդ արտահայտությունները կրկնում են դպրոցի բոլոր ուսուցիչները` Հակոբյանը, Մելոյանը, Ենոքյանը: Վախենալով նրանից` կրկնում են նրա այլանդակությունները: Ինչ սուտ, ինչ շանտաժ անի, կանգնում են հետեւին ու հաստատում են»,- պատմում էին ծնողները: «Անցած տարի էլ 10-րդ դասարանի տղաներին ասել էր` շալվարներդ իջեցնեմ, մեջը բան չի լինի, տղա չեք լինի, էլի»,- ամաչելով շարունակում էին պատմել աշակերտները:
Այս ամբողջ ընթացքում մեր թերթի խմբագրությունը հսկայական քանակությամբ նամակներ եւ զանգեր էր ստանում ոչ միայն Հայաստանից, այլեւ` արտերկրից: Մեզ զանգահարում էին դպրոցի նախկին շրջանավարտներն ու ծնողները` հանգամանորեն պատմելով դպրոցի տնօրենի արարքների մասին: Դրան զուգահեռ` քիչ չէին նաեւ նախազգուշացումները տնօրենի կողմից ինձ որեւէ վնաս հասցնելու մասին: «Աղջիկ ջան, ինքը ամուր նստելու ա իր տեղում, նայի քեզ մեքենայի տակ գցել չտա: Մեկ ա` Կրթության եւ գիտության նախարարը ոչ մի բան էլ չի անի: Հանրապետականը հանրապետականին վնաս չի տա»,- խորհուրդ էին տալիս մեր թերթի խմբագրություն զանգահարողները: Սակայն այս մտահոգություններն անտեղի էին, քանի որ ամեն դեպքում նախարար Ա. Աշոտյանի նման քայլը ոչ միայն անակնկալ էր, այլեւ հույսեր ներշնչեց հենց դպրոցի աշակերտներին` քաղաքացիական իրենց կեցվածքն էլ ավելի ամրացնելու համար: Եվ այն ծնողները, աշակերտներն ու նույնիսկ ուսուցիչները, ովքեր սարսափում էին Նազարյանից, այսօր արդեն կվերագտնեն իրենց` հասկանալով, որ այնուամենայնիվ, ինչ-որ դրական բաներ տեղի են ունենում: Ս. Նազարյանի մասին բոլորը խոսում էին վախեցած, հոգեբանորեն ճնշված` անընդհատ կրկնելով` «Դուք ախր մեր տնօրենին լավ չեք ճանաչում: Եթե ինքն իմանա, որ մենք բողոքում ենք, մեզ հաստատ ավելի շատ կճնշի»:
Իսկ հիմա, երբ Ս. Նազարյանի հեռացման հրամանը հրապարակվեց, աշակերտները, ծնողներն ու ուսուցիչները հասկացան, որ Ս.Նազարյանի մասին բարձրաձայնած իրենց մտահոգություններն անիմաստ չէին, որ իրենց բողոքներին ընդառաջող եղավ: Եվ Ա. Աշոտյանի նման արձագանքը, շատերի կարծիքով` շատ լավ նախադեպ կարող է դառնալ, որպեսզի կրթական մյուս հաստատություններում նման կերպ իրենց դրսեւորող տնօրենները պատկերացնեն, թե ինչ կարող է տեղի ունենալ նաեւ իրենց հետ:
Հ. Գ. Հիշեցնենք, որ ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը երկու անգամ խիստ նկատողություններ էր տվել Ս. Նազարյանին, իսկ վերջինիս դեմ հարուցված քրեական գործը` պաշտոնական լիազորությունները չարաշահելու մասին, դեռ քննության ընթացքում է: Գործի վարույթը գտնվում է ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունում: