Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Վ. Յոհաննեսը մայիսի 3-5-ը Հայաստանում դիտարկելու է ԱՄՆ ֆինանսավորմամբ իրականացվող ՀՄՀ-Հայաստան ծրագրի արդյունքները: Այցի ընթացքում նա հանդիպումներ է ունենալու նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, շահառու ֆերմերների, գործընկեր դոնորների, մասնավոր հատվածի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ 2006թ. Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան (ՀՄԿ) եւ ՀՀ կառավարությունը համաձայնագիր են ստորագրել, որը նպատակ ուներ գյուղատնտեսության ոլորտում կայուն տնտեսական աճի միջոցով նվազեցնել գյուղական աղքատությունը: Ծրագրի ավարտին` 2011թ. սեպտեմբերին, ՀՄԿ այս դրամաշնորհի ներքո ՀՄՀ-Հայաստան ծրագրի իրականացման համար կատարված ներդրումը կկազմի 180 միլիոն ԱՄՆ դոլար: Ծրագիրը երկրի մայր ջրանցքների հիմնական հատվածների վերականգնման, մեծ կարեւորության պոմպակայանների արդիականացման, նոր ինքնահոս համակարգերի ձեւավորման, ներտնտեսային ջրանցքների վերակառուցման ու Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգի առանձին հատվածների վերականգնման արդյունքում կունենա ավելի քան 420.000 գյուղաբնակ շահառուներ Հայաստանի շուրջ 350 համայնքներում: ՀՄՀ-Հայաստան ծրագրի շրջանակում տնտեսության վարման առաջադեմ փորձի վերաբերյալ վերապատրաստումներ են անցնում շուրջ 45.000 ֆերմերներ, տեխնիկական աջակցություն է ցուցաբերվում ջուր մատակարարող հաստատություններին, իսկ ծրագրի նպատակների իրագործման համար ֆերմերներին ու ագրոբիզնեսի փոքր ձեռնարկություններին տրամադրվել են 8.5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկեր: