Եթե ամբողջ աշխարհում աշխատավորների միջազգային օր համարվող Մայիսի 1-ը տոնվում է գոնե առանց վախերի ու բողոքի ցույցի մեծ ալիքների, ապա Թուրքիայի բնակչության մոտ տոնը սովորաբար ուղեկցվում է միջադեպերով: Մինչ Ստամբուլ գալը 5 հայ լրագրողներին նախապես զգուշացրել էին այս մասին` ասելով, որ այդ օրը կրակոցներ են լինում, սպանություններ եւ վիրավորներ, եւ խորհուրդ էին տվել մեզ մայիսի 1-ին փողոց դուրս չգալ: Չնայած նախազգուշացումներին, մայիսի 1-ի առավոտյան որոշեցինք ներկա գտնվել թուրքերի համար մեծ իրադարձություն համարվող, այսպես ասած` «մարտատոնին»: Բեյօղլու ոստիկանության մոտ հավաքված ոստիկանները մեզ արգելեցին փողոց դուրս գալ (մենք բնակվում ենք Ոստիկանության անմիջական հարեւանությամբ)` ասելով, որ Մայիսի 1-ն է: Չնայած արգելքին, զառիվեր փողոցով իջնելով` գտանք դեպի Ստամբուլի կենտրոնական հրապարակ տանող ճանապարհը: Փողոցները, որոնք սովորաբար եռում էին առեւտրականներով ու անցորդներով, գրեթե դատարկ էին: Փոխարենը` լարվածություն էին առաջացնում զինված ոստիկանները, ովքեր դեպի հրապարակ գնացողներին պարտադիր ստուգում էին` ռումբ կամ պայթուցիկ այլ նյութեր հայտնաբերելու կասկածամտությամբ: Իսթիքլալ փողոցը, որտեղով օրական մոտ 4մլն մարդ է անցնում, կիսադատարկ էր: Հրապարակ հասնելուն պես մեզ կրկին ստուգեցին: Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Թուրքիայի սոցիալիստները կամ, ինչպես ասում են` ձախ ուժերը, արդեն հավաքվել էին: «Ամեն Մայիսի 1-ին հրապարակ եմ գալիս: Այսօր առաջին անգամ հրապարակ է եկել նաեւ հայրս: Նա վախենում է այս օրը տնից դուրս գալ: Թուրքիայում աշխատավորների պրոպագանդան սկսեց 1977թ.: Նրանք սկսեցին պաշտպանել իրենց իրավունքները»,- ասաց թուրք ուսանող Սետան: «Սա մեզ համար ազատության օր է: Բոլոր մարդիկ հավաքվում են այստեղ, իսկ ամենից շատ այստեղ գալիս են գործազուրկները` իրենց բողոքն արտահայտելու համար»,- շարունակեցին թուրք ուսանողները: Հրապարակ եկել էին ոչ միայն երիտասարդները, այլեւ մանկասայլակներով երեխաները: Հրապարակում ելույթների դադարներից հետո հնչում էր երաժշտությունը: Շատերն էին զարմացել, որ այս տարի մայիսի 1-ն անցավ առանց արտառոց միջադեպերի, բախումների եւ կրակոցների:
Ստամբուլ-Երեւան