Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հրավերով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ պաշտոնական այցով մեկնել է Ժնեւ: Այցի շրջանակում Ս. Սարգսյանն այցելել է Գրքի եւ մամուլի 25-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառ: «Մեզ համար ընթերցող հասարակություն ունենալը կենսական պայման է: Չկարդացող Հայաստան պարզապես չի կարող լինել: Մենք նաեւ օգտագործում ենք այս առիթը` կարգի բերելու մեր գրադարանները, նորոգելու եւ բացելու նոր գրախանութներ, գրքի կենտրոններ: Արդեն գրեթե ավարտված են Մատենադարան թանգարան-ինստիտուտի նոր շենքի շինարարական աշխատանքները: Եվ այդ նոր շենքի չափերը, ծավալը երեք անգամ ավելի են, քան այսօր գործող ձեզ ծանոթ Մատենադարանի չափերը: Շուտով մենք սկսելու ենք Մատենադարանի գործող` հին շենքի վերանորոգման աշխատանքները, որպեսզի արդեն աշնանն ունենանք ինչպես գրքի պահպանման, ուսումնասիրման, պրոպագանդման ժամանակակից կենտրոն, այնպես էլ մեծ ցուցասրահներ` նախկին շենքում: Ամբողջովին կվերանորոգվի մեր Հանրային գրադարանի գլխավոր մասնաշենքը եւ Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի շենքը: Կվերանորոգվեն նաեւ 10 մարզային գրադարաններ: Գրական միջազգային ծրագրերի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներից Երեւան կժամանեն գրողներ, ովքեր համատեղ կքննարկեն իրենց նոր ու նորարարական գաղափարները, ժամանակակից գրականության խնդիրները եւ, իհարկե, դրանց լուծմանն առնչվող թեմաներ: 2012թ. պատեհ առիթ է մեր գրական ժառանգությունն աշխարհին ներկայացնելու համար: Հայ միտքն ու հոգին ստեղծել են գործեր, որոնք արժանի են միջազգային ուշադրության եւ ճանաչման»,- ասել է Ս. Սարգսյանը: