«Երբ քեզ հաճելի է, ինձ էլ է հաճելի»

03/05/2011 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Միմյանց ներդաշնակորեն լրացնող զրույցը, որը սկսվել է իշխանությունների եւ ՀԱԿ-ի միջեւ, անկեղծ է: Անհամեմատ անկեղծ, քան ՀԱԿ-ի եւ ՀԱԿ համակիրների միջեւ «ծավալված» բազմանշանակ լռությունը: Ի վերջո, թե՛ իշխանությունները, թե՛ ՀԱԿ-ը իրավունք ունեն շարժվել` ըստ իրենց քաղաքական նպատակահարմարության: Իսկ այն պահին, երբ իշխանությունների եւ ընդդիմության շահերը հետաքրքիր զուգադիպությամբ համընկնում են, երկուստեք սկսում են վստահեցնել, թե անգամ կիսաբաց դռնից երկխոսելը բխում է բացառապես երկրի անվտանգության, ժողովրդի շահերից: Եվ, որ դա չտեսնված մի մարտավարություն է` միտված լիցքաթափելու ներքաղաքական լարվածությունը: Մի բան ակնհայտ է` անկեղծ է իշխանությունների եւ ՀԱԿ-ի երկխոսելու ցանկությունը: Սակայն անկեղծ չեն պնդումները, թե ներքաղաքական լարվածությունը պարպելու լավագույն միջոցն այս երկխոսությունն է: Քանի որ այդ երկխոսության ունկնդրին` հասարակությանը, դարձյալ վերապահված է մնալ իրադարձությունների լուսանցքում: Հասարակությանը դարձյալ վերապահված է էպիզոդներում խաղալ ոչ այնքան պատվաբեր «մասսովկայի» դերը:

Սակայն հարց է առաջանում` ինչո՞ւ է այդ երկխոսության անհրաժեշտությունն առաջացել հիմա: Դժվար է միայն նախընտրական իրավիճակով բացատրել այս քայլը: Այսօր եւ երեք տարի առաջ, 2009թ. փետրվարի 20-ին, ելակետային առումով նույն իրավիճակն է` հասկանալի է, էմոցիոնալ այլ դաշտերով: Ինչո՞ւ հնարավոր չէր այդ երկխոսությունը երեք տարի առաջ, նախագահական ընտրություններից անմիջապես հետո: Այն ժամանակ երկխոսելու հոգեբանական արգելքը պակաս մեծ էր, քան այսօր: 2008թ. փետրվարի 20-ին երկխոսելու համար անհամեմատ բարենպաստ վիճակ էր այն առումով, որ Ազատության հրապարակն ընդդիմության հանրահավաքների համար բաց էր օրը 24 ժամ: Ամենակարեւորը` տեղի չէր ունեցել Մարտի

1-ի ողբերգությունը. այդ պահին ողջ էին մեր այն տասը հայրենակիցները, ովքեր ավելի ուշ զոհվեցին ոստիկանների հետ բախումների ժամանակ: Եվ, վերջապես, ձերբակալված չէին ընդդիմության այն համակիրները, ովքեր հետագայում արդեն դարձան քաղբանտարկյալներ:

Բայց ոչ. բարձրացավ բողոքի հզոր ալիք. մարդիկ Ազատության հրապարակից տուն չէին գնում: Անգամ կանայք ու երեխաներն իրենց ամուսինների, հայրերի կողքին գիշերում էին վրաններում: Կրակոտ ելույթներն ազդարարում էին, թե հերթական անգամ ընտրությունները կեղծվել են, պետք է իշխանափոխություն, միմիայն իշխանափոխություն: Իրավիճակն ահագնանում էր, լարվածությունը հասավ այն աստիճանի, որ մարդկանց դժգոհությունն իրո՛ք վտանգավոր էր դառնում իշխանությունների համար: Հետո տեղի ունեցան Մարտի 1-ի իրադարձությունները: Եվ արդեն մարտի 1-ի գիշերը, դեռեւս չիմանալով` քանի մարդ է զոհվել, քանիսը` վիրավորվել, քանիսը` ձերբակալվել, շատերին սկսեց անհանգստացնել միտքը, թե ինչու Տեր-Պետրոսյանն, այնուամենայնիվ, կյանքը վտանգելու գնով, դուրս չեկավ ցուցարարների մոտ:

Սակայն իշխանությունների հանդեպ անվստահությունը, հերթական կեղծված ընտրություններից դեռեւս թարմ հիշողությունները, տասը անմեղ զոհերը, ձերբակալությունները, արտակարգ իրավիճակը մի միջավայր ձեւավորեցին, երբ բարդ էր սառը դատելը: Եվ տասնյակ-հազարավոր մարդիկ հայացքները դարձյալ հառեցին ՀԱԿ առաջնորդին` վստահ, որ այս դեպքում արդեն Արթուր Բաղդասարյանի, Դաշնակցության նախադեպերը չեն կրկնվի: Թեեւ դրանից առաջ եւս նախադեպեր ենք ունեցել, երբ բախումներից խուսափելու համար իր ձայները Ռոբերտ Քոչարյանին բաշխեց նաեւ Կարեն Դեմիրճյանը: Արդեն օրինաչափություն է, որ նրանք, ում ընտրում է մեծամասնությունը, իրենց ձայների համար ընդհանրապես չեն պայքարում եւ ավելի նպատակահարմար են գտնում այդ ձայները թանկ վաճառել իշխանություններին: Միակ բացառությունը, թերեւս, Ստեփան Դեմիրճյանն էր:

ՀԱԿ-ի եւ իշխանությունների երկխոսության դեպքում խնդիրն ամենեւին խոստացված հեղափոխությունը չէ: Մարդու կյանքն ամենաթանկ, ամենակարեւոր արժեքն է, եւ այն զոհելը (եթե մարդը կամավոր չի գնում այդ քայլին, այլ պարտադրված) ոչինչ չի արդարացնում: Այսինքն` ընդդիմությունից ակնկալիքներն ավելի շուտ բարոյական դաշտում էին:

Այսօր իրավիճակն արդեն փոխվում է: Հիմա ՀԱԿ-ն իշխանություններին է ներկայացնում իր «ճակատագրական» երեք պահանջները (քաղբանտարկյալների ազատ արձակում, Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացման վրա դրված ապօրինի արգելքի վերացում եւ 2008թ. մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պատրաստակամության վերաբերյալ հավաստիացում): Այս պահանջներն, ի դեպ, պարտավորեցրել էր կատարել նաեւ ԵԽ-ն: Իշխանությունները հաջողեցին շուկայականից կրկնակի թանկ վաճառել իրենց «բարի կամքը»: Գոհ կմնա ընդդիմությունը, գոհ կմնան միջազգային կառույցները: Իսկ երբ հաճելի է ընդդիմությանը, հաճելի է նաեւ իշխանություններին:

Տասը անմեղ մարդու կյանք անդառնալիորեն կորած է: Դրան գումարած` ՀԱԿ-ը սահուն վայր է դնում ընդդիմության իր դափնիները` վստահ, որ այն վերցնելու պատրաստ ուժ առայժմ չկա: ՀԱԿ առաջնորդը պարզ ասում է` մենք հեղափոխություն չենք անում, մենք ընտրել ենք պայքարի այլ ճանապարհ` առանց մարդկային զոհերի, մեր մարտավարությունն այնքան հզոր է ու խորիմաստ, որ խճճվել են անգամ իշխանությունները` միամտաբար կարծելով, թե ՀԱԿ-ի` երկխոսության առաջարկը սոսկ երկխոսության առաջարկ է:

Բայց կա կարեւոր մի հանգամանք: Հուսահատության, հուսախաբության, հավատի կորստի գործոնն այս դեպքում մեծանում է: Մարդիկ, ովքեր հիացական հայացքները հառել էին Տեր-Պետրոսյանին եւ նրան ընդունում էին որպես մեսիա, չեն հասկանում` ո՞ւր է իրենց առաջնորդում ՀԱԿ առաջնորդը: Ընդդիմադիր հայացքներ կրողներն այլեւս կսկսեն չհավատալ ոչ մեկին, ընդդիմադիրի հայտ ներկայացրած ցանկացած ուժի: Հերթական անգամ նա, ում հավատում էին, ում տվել էին իրենց ձայները, հարմար չգտավ տեր կանգնել այդ ձայներին: «Սակայն ես վայրկյան անգամ չեմ կասկածում, որ հուսահատության դուռը հասցված ժողովուրդը, վաղ թե ուշ, ասելու է իր վճռական խոսքը, եւ գալու է այդ մարդկանց հատուցման ժամը, եթե, իհարկե, նրանք ժամանակին չսթափվեն ու արմատապես չփոխեն իրենց վարքագիծը»: ՀԱԿ առաջնորդի` ապրիլի 28-ի հանրահավաքին արտասանած այս միտքն ուղղված է ոչ թե հանրահավաքի մասնակիցներին, այլ իշխանություններին եւ բնավ` ոչ «հուսահատության դուռը հասցված ժողովրդին»: Ում հուսահատությունն, ի դեպ, ինչպես նախադեպերն են ցույց տալիս, խիստ կառավարելի վիճակ է: Եվ այդ դերն այնքան պատվով կատարում են ընդդիմադիր ներկայացող բոլոր ուժերը:

Ինչ վերաբերում է իշխանությունների կատարելիք երրորդ եւ վերջին պահանջին` քաղբանտարկյալների ազատ արձակմանը, ապա հասարակական խորհրդի թախանձագին խնդրանքներին, մտավորականների, հասարակական կազմակերպությունների, ԱԺ նախագահի հորդորին` վերջապես ցուցաբերել բարի կամք, մեծահոգություն, ներողամտություն, երկրի նախագահն ուղղակի անզոր կլինի դիմադրել: Չէ՞ որ խնդրողները չափազանց անկեղծ են…