Եվս մեկ նամակ

03/05/2011

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան (ասոցիացիայի նախագահը Հայկ Քոթանջյանն է) դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին խնդրանքով` ներում շնորհել ներկայումս ազատազրկման մեջ գտնվող 2008 թ. մարտի 1-ի դեպքերի մասնակիցներին: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Ներում շնորհելու նախագահի որոշումը կլինի պետության ղեկավարին արժանի պատասխանատու քայլ` միտված հասարակության շահագրգիռ բոլոր խմբերի միջեւ ներքաղաքական երկխոսության առաջ մղմանը` ուղղված ողջ ժողովրդի ջանքերի համախմբմամբ Հայաստանի ազգային անվտանգության եւ կայուն, ժողովրդավարական զարգացման առաջնահերթությունների շուրջ համահայկական կոնսենսուսի ձեւավորմանը: Ներքաղաքական հակամարտությունը օրինապատշաճ քաղաքական մրցակցության կերպափոխելու այս նախաձեռնությունը ենթադրում է մեր ազգային պետության ճակատագրի համար պատասխանատվության բաշխում Հայաստանի Նախագահի եւ քաղաքական բոլոր ուժերի միջեւ, ինչը ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի զարգացման ու անվտանգության արդյունավետ ապահովման գործում ազգի համախմբմանն ուղղված անհրաժեշտ քայլ է, հատկապես մեր պետությունների դեմ Ադրբեջանի ագրեսիվ շրջանների կողմից ծրագրվող պատերազմի վերսկսման սպառնալիքի համատեքստում: Ներման շնորհումը կարող է դառնալ Հայաստանի եւ համաշխարհային հայության բոլոր առաջադեմ հայրենասիրական ուժերի համախմբման հիմք` նրանց առավել ուժեղ կողմերի օգտագործմամբ հանուն կառուցողական քաղաքական համագործակցության` ուղղված ՀՀ-ում համակարգային ժողովրդավարական բարեփոխումների առաջ մղմանը: 2008թ. մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կալանավորվածներին ներում շնորհելու Ձեր որոշումը կլինի բարի կամքի դրսեւորում` ուղղված ազգային ջանքերի համախմբմամբ մեր պետության զարգացմանը, միջազգային ասպարեզում նրա դրական իմիջի ամրապնդմանը, ինչպես նաեւ ողջ հասարակության ջանքերով ազգային անվտանգության ապահովմանը»:

Հիշեցնենք, որ առաջինը, ով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դիմել է (Ազատության հրապարակից) քաղբանտարկյալներին ներում շնորհելու խնդրանքով` ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր: Իսկ ուրբաթ օրը ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին ներում շնորհելու նամակով հանդես է եկել նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: