Փողոցում հայտնված երիտասարդը

03/05/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

21-ամյա Հայկազ Մարգարյանը հայտնվել է փողոցում: Այս տարվա փետրվարի 1-ից նա ապրել է բոլոր հնարավոր եւ անհնարին վայրերում` «Գարուն» կարի արտադրամասում, «Սերնդապահ» կազմակերպության նախագահի միջնորդությամբ` մի ծեր կնոջ տանը, փողոցներում:

Ասում է` ուղիղ 15 օր փողոցներում է գիշերել` անկոպեկ, անոթի: Վերջին հանգրվանին հրաժեշտ է տվել երեք օր առաջ, քանի որ տանտերը վերանորոգում է կատարում եւ խնդրել է ազատել ապրելատեղը: Մոսկվայի ակադեմիայի երեւանյան մասնաճյուղի իրավաբանական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող այս տղան շուտով նաեւ դուրս կմնա ինստիտուտից` այս տարվա ուսման վարձը չվճարելու պատճառով: «2004թ. մարտ ամսին մայրս քաղցկեղից մահացավ: Երբ ես ծնվել եմ` հայրս չի եղել, բաժանվել, հեռացել է մորիցս: Մորս մահից հետո, 14 տարեկանում ես մի դարով մեծացա, մեծահասակ դարձա: Կյանքս դժոխքի վերածվեց: Տատիկիս ու մորաքրոջս հետ էի ապրում, վիճաբանություններ, ահավոր երեւույթներ: Մայրս անհաջող ամուսնությունից հետո վերադարձել էր մոր տուն, գիտեք երեւի, թե հետո ոնց է լինում: Մորս մահից հետո էլ` ինձ հետ չէին հաշտվում…»,- պատմում է նա` չցանկանալով շատ խոսել ցավոտ հիշողությունների մասին: Մոր մահը համարում է բժիշկների անփութության հետեւանք, քանի որ, ունենալով քաղցկեղ, այդուհանդերձ, նա դեռ կարող էր ապրել. «Երկու անգամ սխալ վիրահատություն են կատարել: Վիրահատության ժամանակ աղիքը ծակել են, առողջ օրգանը, կույրաղիքը հանել են, որի հետեւանքով թարախակալում է առաջացել: Այսինքն` ճիշտ է, նա քաղցկեղով հիվանդ է եղել, բայց կարող էր դեռ ապրել, վաղաժամ չվախճանվել»: Հայկազն ասում է, որ յոթ տարի շարունակ տատիկի տանն ապրելուց հետո այս տարվա փետրվարի 1-ին տատիկն ու մորաքույրն իրեն տանից դուրս են հանել` սպառնալով, որ եթե իր կամքով չհեռանա` Ոստիկանություն կկանչեն: Աշտարակում գտնվող նրանց բնակարանը տատիկը նվիրաբերել է մորաքրոջը, հետեւաբար, ըստ օրենքի` նա այդ բնակարանից բաժնեմաս պահանջելու իրավունք չունի, քանի որ սեփականատերը մորաքույրն է. «Այս ընթացքում մնացել եմ ուր պատահի: Եղել են բարի մարդիկ, ովքեր հանգրվանելու տեղ են հատկացրել, այնուհետեւ փողոցներում եմ ապրել: Ինձ օգնել է երգչուհի Սուսաննա Սաֆարյանը: «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումն իմ պատմությունը եթեր հեռարձակեց, ու բարի մարդիկ գտնվեցին, ովքեր ինձ ձեռք են մեկնել մինչեւ օրս: Մի խոսքով` «Տեխնոլոգների միության» նախագահ Սերգեյ Դավթյանն ինձ թույլ էր տվել այնտեղ ապրել, բայց երեկ այնտեղից դուրս եմ եկել, որովհետեւ մարդիկ խնդրել են ազատել` վերանորոգում կատարելու համար: Հիմա երկու օր է` ընկերոջ տանն եմ, բայց շուտով կրկին փողոցներում կմնամ»: Ասում է` դիմել է ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին ու ԱԺ պատգամավորներին` խնդրելով ինչ-որ մի տեղ մի փոքրիկ կացարան տրամադրել, սակայն անօգուտ: Այս ընթացքում 400-ից ավելի դիմում է գրել պետական պաշտոնյաներին ու բարերարներին, 2850 ռեզյումե էլ լրացրել է աշխատանքի տեղավորվելու համար: Գործատուներն աշխատանք չտրամադրելու մերժումը հիմնականում պատճառաբանում են գրանցում չունենալու հանգամանքով: Ասում է` որոշ ժամանակ ակումբում մատուցող է աշխատել, այնուհետեւ մի ընկերությունում արկղեր է կրել, բայց առողջական խնդիրները թույլ չեն տալիս ծանր աշխատանք կատարել. «Սրտային ու նյարդային խնդիրներ ունեմ: Ճիշտն ասած` մատուցողի աշխատանքում ձախողվեցի, որովհետեւ չէր ստացվում ինձ մոտ այդ աշխատանքը: Ես երեւի հաճախորդներին վանում էի, մոտեցման, ըստ էության, սկուտեղի բռնելու ձեւը չէի գտնում, որովհետեւ պատրաստ չէի նման աշխատանք կատարելուն: Ադմինիստրատորի աշխատանք եմ շատ կատարել եւ շատ լավ ինձ մոտ ստացվել է, երեխաների հետ եմ աշխատել, խնամել, դաստիարակչական աշխատանքներ եմ կատարել: Ճիշտ է` քար ու ցեխ թափելու ի վիճակի չեմ, բայց ուղեղ ունեմ, կարող եմ ուղեղս հօգուտ ուրիշների աշխատեցնել: Ես չեմ համարում, որ բանվորություն կատարելն ամոթ է, որովհետեւ նման աշխատանք կատարել եմ, պարզապես առողջությունս չի ներում: Ի վերջո, մեր տան հողի գործն ամբողջությամբ ես եմ արել, քանի որ տանն ուրիշ տղամարդ չկար»: Չնայած դրան, չի համակերպվում այն երեւույթի հետ, որ մեր երկրում մարդիկ կատարում են մի աշխատանք, որի համար կոչված չեն. «Ես թքած ունեմ մեր իրականության վրա, էդպես չպիտի լինի: Ո՞ւր էր էդ իրականությունը, երբ սովալլուկ, որբացած տղան մարդկանից բարոյական աջակցություն էր խնդրում»: Հայկազն ու հասարակությունն իրար մի քիչ չեն հասկանում, որովհետեւ հասարակության օրինաչափությունները մի քիչ այլ են` անընդունելի: Չնայած դրան` նա դեռ ջահել է` հասկանալու համար, որ ապրելու համար պետք է ընդունել հասարակությանը եւ ուրիշներից տարբերվելու սահմանը առավելություն կամ թերություն չդարձնել: Ըմբոստ ու շտապողական է, չի ցանկանում ընդունել խաղի այն կանոնները, որտեղ ապրում ենք մենք ու ապրելու համար էլ` մի քիչ հարմարվում ենք: Հայկազն առայժմ ընդվզելով մեր իրականության վարք ու բարքի դեմ` գոյատեւում է այլոց գթասրտության հաշվին, բայց, երբ ամեն գնով ապրելու պայքարը սկսվի` հասարակությունն ու իրականությունը դժվար թե տանուլ տան: Հասարակության ու իրականության երախն էնքան մեծ է, որ շատ մեծեր ու հանճարներ էնտեղ տեղավորվել են ու դեռ շատերի համար էլ ազատ տարածությունը գրկաբաց սպասում է: «Պարոն խելագար` հավերժ Ջուլիա» գրքի հեղինակ այս երիտասարդն ուզում է պայքարել մի երեւույթի դեմ, որի դեմ պայքարելով «էն աշխարհ» են գնացել էնպիսի տաղանդներ, որոնց գրքերն ու մտքերն էսօր աշխարհով մեկ «թափառում» են: «Ամբողջ կյանքում չեմ ընդունել մի երեւույթ, երբ մարդն իր երամից տարանջատվել ու ընկել է մեկ ուրիշ երամի մեջ: Ոչ թե ամոթ է նման աշխատանք կատարելն, այլ ես ցանկացել եմ ինձ արժանին ստանալ: Բոլորն էլ էդպես ուզում են, բայց, չդիմանալով պայմաններին, ուրիշ պայմաններ են ընդունում եւ ընտելանում են դրան: Ես էդ պայմանները չեմ ընդունի եւ չեմ էլ ընտելանա: Ուզում եմ թեկուզ փոքրիկ վարձատրությամբ աշխատանք, բայց ինձ արժանի: Ես ընտելանում եմ էն գործին, որը հարազատ ու մոտ է իմ սրտին ու հոգուն,- ասում է նա: -Աբսուրդ ու ահավոր է, որ մարդ էդքան դիմում, խնդրագիր գրի Ազգային ժողովին ու ոչ մի պատասխանի չարժանանա: Բոլորս էլ գիտենք, որ նրանցից շատերը տարածքներ ու սեփական կառույցներ, օբյեկտներ ունեն, ու հնարավոր չի, որ ինձ նման մի փոքրիկ երեւույթի համար մի գործ չգտնեին»: Հայկազ Մակարյանը աշխատանք է ուզում, ընդ որում` հավուր պատշաճի աշխատանք, իսկ եթե ոչ, ուրեմն` «Աստված ինձ հետ»: 21-ամյա այս երիտասարդը թեեւ հայտարարում է, որ «թքած ունի այս հասարակության վրա», այդուհանդերձ, բարի մարդկանցից աջակցություն է խնդրում. «Թող աջակցեն, ինձ աշխատանք տան գործարանում, աշխատավայրում եւ օգտագործեն իմ մտավոր ներուժը: Ի վերջո, ես կարող եմ պիտանի լինել իրենց ուղեղով: Եթե երիտասարդը չի կարող ուժային կարողություններ ցուցաբերել, ուրեմն` պետք չի՞ մեր գործատուներին: Ես էլի կկատարեմ այլընտրանքային աշխատանք, բայց դրա հետ մեկտեղ` ես կցանկանայի ստանալ ինձ արժանին»: Ասում է` ամսական եկամուտը կերակրող կորցնողի սոցվճարն է` 10.500 դրամ: Թեեւ առաջադեմ ուսանող է, այդուհանդերձ, շուտով ինստիտուտի վերջին` 5-րդ կուրսից դուրս կմնա` «Ուսման հարցում ինձ շատերն են ձեռք մեկնել` ԱՄՆ-ից Գագիկ Թամրազյանը, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը…»: Հարցնում եմ` «Չե՞ս կարծում, որ աշխատելու դեպքում կարող ես ինչ-որ բանի հասնել»: «Ոչ, ես մեկ ամիս ակումբներից մեկում բարմեն եւ արկղեր կրող էի աշխատում: Ստանում էի օրական 2650 դրամ, որից ամեն օր Երեւան-Աշտարակ ճանապարհածախսը հանած, ինձ մնում էր 1000-1200 դրամ, որով ոչ կարող էի տան վարձը վճարել, ոչ կոմունալ ծախսերը կատարել, ոչ էլ ապրել: Հասկանո՞ւմ եք, ինձ աշխատանք է պետք, որով հնարավոր կլինի ապրել»,- պատասխանում է նա: Ասում է` իր հաջողության գրավականը եւ կյանքի բարելավումը կլինի գրքի տպագրումը, որից, ճիշտ է, մի քանի օրինակ տպագրվել է, այդուհանդերձ…

Ինչեւէ, Հայկազն իր երամից չի ցանկանում տարանջատվել, մյուս երամներին էլ` համարում է իրեն ոչ արժանի: Շատ անկեղծ ու համարձակ է, բայց ոչ այնքան, որ կարողանա հայելու մեջ իրեն նայել ու հասկանալ, որ բազմազան այդ երամների մեջ նույն ինքն էլ կա: Այս երիտասարդի խառնվածքը հետաքրքիր, ըմբոստ, ջղային է, թերեւս այն, ինչը պակասում է մեր «գոլ» ու միջակ կյանքում: Բայց հարցն այն է, որ Հ. Մակարյանը թքած ունի մի հասարակության վրա, որից աջակցություն է խնդրում: