Բեն Լադենը սպանված է

03/05/2011

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախօրեին հայտարարել է, որ «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա Բեն Լադենը սպանվել է Պակիստանում իրականացված օպերացիայի արդյունքում, եւ նրա մարմինը գտնվում է ամերիկյան հատուկ ծառայությունների մոտ: «Բեն Լադենի մահը «Ալ-Ղաիդային» պարտության մատնելու ճանապարհին մինչ այժմ մեր ունեցած խոշորագույն ձեռքբերումն է,- ամերիկյան հեռուստատեսության ուղիղ եթերում ասել է Օբաման,- Կասկած չկա, որ «Ալ-Ղաիդան» կշարունակի հարձակումներ իրականացնել մեր դեմ: Մենք պետք է զգոն լինենք երկրի ներսում եւ մեր սահմաններից դուրս»: Օբաման նաեւ հայտարարել է, որ Բեն Լադենի դեմ մայիսի 1-ին իրականացված օպերացիայի արդյունքում ամերիկյան հատուկ ջոկատայինները կորուստներ չեն կրել: Նրա խոսքով` Պակիստանի հատուկ ծառայություններն օգնել են` ամերիկացիներին «ուղղորդելով Բեն Լադենի մոտ»: Նա շնորհակալություն է հայտնել Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիին` ցուցաբերած աջակցության համար: «Ժամանակին Բեն Լադենին հաջողվեց խուսափել գերությունից, եւ նա թաքնվում էր Պակիստանում: Ես հրամայել էի ԿՎՀ-ի տնօրենին նրան գերելը դարձնել թիվ 1 առաջնահերթությունը»,- հայտարարել է Օբաման: Նաեւ հավելել է. «Մեկ շաբաթ առաջ մենք հետախուզական տվյալներ ստացանք Պակիստանում Բեն Լադենի գտնվելու վայրի վերաբերյալ: Ես համարեցի, որ բավական տեղեկատվություն կա օպերացիա իրականացնելու համար»: Իր հեռուստաելույթում Օբաման նաեւ հատուկ ընդգծել է, որ ամերիկյան ուժերի իրականացրած գործողությունները Իսլամի դեմ պատերազմ չեն հանդիսանում: «Արդարությունը հաղթեց»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը: Ուսամա Բեն Լադենի ոչնչացման հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են նրա երկու կանայք եւ չորս երեխաները: Առայժմ չճշտված տվյալներով, սպանվել է նաեւ ահաբեկչի որդիներից մեկը: Բացի այդ, հաջողվել է ձերբակալել նրա անձնական օգնականներից մի քանիսին: Այդ մասին հայտնում են պակիստանյան լրատվամիջոցները` վկայակոչելով Պակիստանի Միացյալ հետախուզական վարչության ներկայացուցչին: Բեն Լադենը բնակվել է Աբբոտաբադ քաղաքի առանձնատներից մեկում` Իսլամաբադից 100 կմ հեռավորության վրա: Նրա տունը գտնվում է Պակիստանի ամենահայտնի ռազմական ակադեմիաներից մեկի մոտ: Ամերիկյան երկու ուղղաթիռներ հզոր հրթիռային հարվածներ են հասցրել այն տան վրա, որտեղ ապրում էր ահաբեկիչը: Ի դեպ, երեկ ինքնաբուխ հանրահավաք է տեղի ունեցել Սպիտակ տան առջեւ: Նման հանրահավաք տեղի է ունեցել նաեւ Նյու Յորքում: Երեկ բրիտանական թերթերն արդեն արձագանքել են Ուսամա Բեն Լադենի սպանության մասին տեղեկությանը: Գրեթե բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են Պակիստանում ամերիկացիների կողմից իրականացված հատուկ գործողության մանրամասներին: «Guardian»-ը գրում է, որ դա 2001-ից ի վեր տարվող ահաբեկչության դեմ պայքարում շրջադարձային պահ է, եւ որ դրա հետեւանքները հետագայում «աշխարհով մեկ իրենց զգացնել կտան»: Ըստ թերթի` դա նաեւ լավ նորություն է ԱՄՆ արտաքին քաղաքականության համար. «Համար առաջին ահաբեկչի մահվան մասին լուրն ամենայն հավանականությամբ կապահովի 2012թ. ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վերընտրումը նախագահի պաշտոնում. Օբաման 2008թ. իր նախընտրական արշավում պարբերաբար ասում էր. «Մենք կսպանենք Ուսամա Բեն Լադենին»:

«Guardian»-ի փոխանցմամբ` որոշ վերլուծաբաններ մտավախություն ունեն, որ «Ալ-Ղաիդայի» ղեկավարի սպանությունը կարող է արագացնել տարածաշրջանից ամերիկացի զորքերի դուրսբերումը` չնայած որ թալիբների հետ պատերազմը դեռ ավարտված չէ: Հնարավոր է, որ փոխվեն նաեւ Պակիստանի եւ Վաշինգտոնի հարաբերությունները: «Այն, որ Բեն Լադենը սպանվել է Աֆղանստանի սահմանից հեռու, հարց է առաջացնում, թե ինչպե՞ս է հաջողվել 2մ հասակ ունեցող այս մարդուն, որն արտաքնապես հայտնի է ամբողջ աշխարհին, այդքան երկար ժամանակ թաքնվել արդարադատությունից»,- գրում է պարբերականը: