Խորհրդային նմուշի «կարմիր անձնագիր» ունեցող քաղաքացիների հարցում ՀՀ իշխանությունները ստիպված են զիջումների գնալ: Ինչպես նշված է ՀՀ Ոստիկանության երեկ տարածած հաղորդագրության մեջ` «Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր դեռեւս չեն փոխանակել նախկին ԽՍՀՄ նմուշի անձնագրերը, մինչեւ 2005թ. նոյեմբերի 25-ը կարող են ներկայանալ իրենց հաշվառման վայրի, իսկ հաշվառում չունեցող քաղաքացիները` փաստացի բնակության վայրի անձնագրային ծառայություններ՝ անձնագիրը փոխանակելու համար, ներկայացնելով ԽՍՀՄ նմուշի անձնագիրը:
Լուսանկարի, ինչպես նաեւ` պետական տուրքով անձնագրավորման եւ հաշվառման համար սահմանված գումարները կփոխհատուցվեն ՀՀ կառավարության կողմից»: Իսկ թե այդ նպատակով որքան գումար է հատկացվելու, ՀՀ կառավարությունից երեկ չկարողացան ասել: Ամենայն հավանականությամբ, այդ մասին գործադիրը որոշում կընդունի առաջիկա նիստի ժամանակ: Նշենք, որ ըստ տարբեր տվյալների, այսօր ՀՀ-ում 200-300 հազար քաղաքացիներ դեռ «կարմիր անձնագիր ունեն»: Նշենք, որ մեկ անձնագրի համար պահանջվում է 1000 դրամ պետտուրք, եւս 500 դրամ էլ արժե լուսանկարվելը: Այսինքն՝ մեկ մարդու համար պահանջվում է 1500 դրամ: