«9-րդ դասարանում գրեթե «սափրագլուխ» էի»,- ասում է երգչուհի Աննա Խաչատրյանը

02/05/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դեռեւս ձմռանը, երբ երգչուհի Աննա Խաչատրյանին հարցնում էինք` «ո՞ւր ես կորել», նա շատ հանգիստ, կարելի է ասել նաեւ` «կիսաքուն» ձայնով, պատասխանում էր. «Տանը, հանգստանում եմ»: Հանդիպելով երգչուհու հետ` պարզ դարձավ, որ նա մինչ օրս վայելում է իր տնային հանգիստը:

Մեզ հետ զրույցում նա անկեղծորեն խոստովանեց, որ իր տաքուկ բնակարանում առանձնանալու, «աստղային» հավաքույթներից եւ հեռուստանախագծերից հեռու մնալու պատճառը հիասթափությունն է:

– 2005 թվականից մինչ օրս երգում ես «Բելաջիո» ռեստորանում: Վաղուց նորություն չունենք քեզանից: Այսուհետ քեզ միայն ռեստորանո՞ւմ կարելի է հանդիպել:

– Իհարկե ոչ: Բացի ռեստորանից, նաեւ մանր-մունր անելիքներ ունեմ:

– Ի՞նչ ասել է` մանր-մունր անելիքներ:

– Չեմ ուզում մյուսների պես ամպագոռգոռ բառեր ասել իմ ապագա ծրագրերի վերաբերյալ: Ճանճից փիղ դարձնելու սովորություն չունեմ:

– Միգուցե պարզապես առաջարկնե՞ր չկան:

– Նախ արժանավայել առաջարկներ իրապես չկան, երկրորդն էլ` իմաստ չեմ տեսնում տեղի-անտեղի քիթս մտցնել յուրաքանչյուր առաջարկվող նախագիծ: Անկեղծ ասեմ, որ ժամանակ առ ժամանակ լուրջ հիասթափվում եմ, այդ իսկ պատճառով նախընտրում եմ զբաղվել միայն իմ գործով, իսկ իմ գործը երգելն է:

– Հիասթափությանդ պատճառը կոլեգաներիդ վերաբերմո՞ւնքն է:

– Երգարվեստում առկա պահանջարկի որակից եմ հիասթափված: Ամեն ինչ շատ տխուր է ներկայիս երաժշտական ոլորտում: Որակյալ առաջարկները բանի տեղ չեն դնում: Ով փող ունի, նա էլ ինչ ուզում` երգում է: Իսկ երգելն այսօր դարձել է ինքնանպատակ:

Տեղից մի բան չէր ներկայացվող երաժշտության մակարդակը, իսկ հիմա օր օրի այն ավելի ու ավելի է ընկնում:

– Եթե համարում ես, որ կարող ես լավ առաջարկներով հանդես գալ, ինչո՞ւ քայլեր չես ձեռնարկում:

– Իմ կողմից առաջարկներ, բնականաբար, լինում են, սակայն, քանի որ յուրաքանչյուր առաջարկի իրականացում առնչվում է գումարների հետ, ամեն ինչ մնում է օդում: Տխուր է: Կարծում եմ, որ այդ ամենի պատճառն ընդհանուր ժողովրդի մակարդակի արդյունքն է:

– Ժողովրդին առաջարկվում է միայն «ճ» դասի երաժշտություն: Իսկ ո՞վ է որոշել, որ ժողովուրդը հենց դա է ուզում լսել: Առաջարկեք լավը, որակյալը, հետո միայն կարծիք հայտնեք հանրության ճաշակի մասին: Ի դեպ, քո վերջին երգը եւս 6/8 չափի մեջ էր:

– Ճաշակի ձեւավորման մեջ ամենամեծ դերը խաղում է հեռուստատեսությունը, որն այսօր հանդիսանում է ամենահզոր քարոզչամիջոցը: Իսկ այն այսօր քարոզում է միայն «տաշի-տուշի» եւ ցածրորակ երաժշտություն: Այդ քարոզչության արմատներն այնքան խորն են, որ երբեմն թվում է, թե այս իրավիճակն անդառնալի է: Երբ ես որեւէ լուրջ երաժշտական աշխատանք եմ կատարում եւ փորձնական լսումներ եմ կազմակերպում` կարծիքներ իմանալու համար, շատ տխուր պատկեր է ստացվում: Տասից մեկն է հասկանում եւ իրապես ընդունում որակյալ երաժշտական գործը: Խոսքս հասարակ լսարանի մասին է: Իսկ երբ այդ նույն գործը լսում են երաժշտական բնագավառի ներկայացուցիչները, միայն դրական կարծիքներ են հնչում: Կարող եմ անգամ բառացիորեն հայտնել իմ կոլեգաներից մեկի կարծիքը, ով լսելով հերթական լուրջ երաժշտական գործն` ասաց. «Ե՞րբ ես թարգելու անեկամտաբեր երգեր կատարել»:

– Եկամո՞ւտն էր պատճառը, որ 6/8 չափի մեջ «Տարան-տարանը» երգեցիր:

– 6/8 կատարելու պատճառներից մեկն էլ, այո, եկամուտն էր: Եվ անկեղծորեն ասեմ, որ ստացվեց: Բայց ես երբեք լուրջ չեմ վերաբերվել 6/8-ին: Անգամ տեսահոլովակիցս երեւում է, որ հումորով եմ մոտեցել այդ ամենին: Չեմ կարող հասկանալ լուրջ, դարդոտ դեմքով 6/8 երգողներին: Դա ուրախ ռիթմ է, որը եւս իրավունք ունի լինելու երաժշտության մեջ: Սակայն, երբ այն դառնում է դոմինանտ, դա արդեն իսկ մտածելու տեղիք է տալիս: Կան 6/8 չափի մեջ արված բավականին հաջողված երգեր, որը ես կարող եմ անգամ ինքս ինձ համար, քթիս տակ երգել: Սակայն այդ ոճն իմը չէ, ես դա չեմ:

– Եթե դա չես, ներկայացիր այնպիսին, ինչպիսին կաս: Հանդիսատեսը քեզ ընդունում է այնպիսին, ինչպիսին տեսնում է: Նա միացնում է հեռուստացույցը եւ տեսնում, որ Աննա Խաչատրյանը գյուղում կով է կթում, հաց թխում եւ այդ ամենը` «տաշի-տուշիի» ներքո: Միգուցե քեզ պրոֆեսիոնալ պրոդյուսե՞ր է անհրաժեշտ:

– Մեր երկրում կան հաշված թվով պրոֆեսիոնալ պրոդյուսերներ, որոնց «գլխին» այնքան մարդ կա, որ չգիտեն, թե ուր փախչեն: Ինձ ճանաչողները գիտեն, թե ես ինչ ոճի երգչուհի եմ:

– Արդեն քանի տարի է` երգում ես ռեստորանում: Այդպիսով քեզ չե՞ս դավաճանում:

– Չեմ դավաճանում: Անկեղծ ասեմ, որ ռեստորանում մեծամասամբ երգում եմ «Տարան-տարանը», որը 6/8 է, սակայն դրա հետ մեկտեղ` կատարում եմ շատ լուրջ երգեր: Պատկերացրեք, շատ հաճախ նույն ուրախ երգ պատվիրողը դրանից անմիջապես հետո շատ լուրջ երգ է պատվիրում:

– Ո՞րն է տարբերությունը ռեստորանի հաճախորդի եւ դահլիճի հանդիսատեսի միջեւ:

– Բեմում երգիչն առնվազն մեկ մետր բարձր է կանգնած դահլիճում նստած հանդիսատեսից: Նրանք նայում են միայն քեզ եւ այդ ընթացքում չեն ուտում, չեն խոսում, չեն կռվում: Ռեստորանում երգիչը չէ ուշադրության կենտրոնում, այլ իրենց հավաքույթի առիթը:

– Որպես երգչուհի չե՞ս վիրավորվում, երբ քո կատարման ժամանակ լսում ես արբած տղամարդկանց վեճը, տեսնում անվերջ ծամող բերաններ:

– Ինձ ոչ ոք չի ստիպել, որ ռեստորանում երգեմ: Համաձայնելով աշխատել ռեստորանում` պարզ գիտակցում էի, թե ինչ է ինձ այնտեղ սպասվում: Ասեմ նաեւ, որ երբ ես երգում եմ, ինձ լսում են: Ուզում եմ մի զվարճալի դեպք պատմել: Մի անգամ, երբ ռեստորանում շատ լուրջ երգ էի երգում, մի արբած այցելու մոտեցավ ինձ եւ զայրացած ասաց. «Մի հատ սուս մնա, հա»: Երբեմն լինում են այցելուներ, որոնք ռեստորան գալով, մոռանում են տուն գնալու մասին: Եվ երաժիշտը ստիպված մնում է մինչ առավոտյան 7-ը, իսկ հաջորդ օրը նորից երգում է: Շատ դժվար է ռեստորանի երաժշտի աշխատանքը:

– Ավելի դժվար` քան հացթուխի՞նը, ով ամբողջ գիշեր վառարանի մոտ կանգնած հաց է թխում, թե՞ բժշկինը, ով շատ անգամ կյանքի ու մահվան հարց է լուծում:

– Յուրաքանչյուրի աշխատանքն էլ լի է դժվարությամբ: Սակայն երգչի դեպքում գոյություն ունի ձայնալարեր հասկացողությունը: Եթե վնասես ձայնդ, իսկ այն շատ հեշտ է վնասվում, այլեւս չես կարող երգել:

– Չե՞ս ուզում փոխել սանրվածքդ: Ասես` երկար մազերիդ գերին լինես:

– Մինչ դպրոց գնալս սափրած գլխով եմ եղել: Շատերն անգամ չգիտեին, որ աղջիկ եմ: Ասեմ, որ ինձ անչափ դուր էր գալիս իմ անմազ գլուխը, քանի որ փոքրուց շատ ակտիվ եմ եղել, նախընտրել եմ միայն տղայական, աշխույժ խաղերը: Իսկ 9-րդ դասարանում, չգիտես ինչո՞ւ, որոշեցի մազերս ահավոր կարճ կտրել: Գրեթե սափրել էի գլուխս` միայն վերեւի հատվածում մի փոքր մազ թողնելով: Այդ ժամանակ նորաձեւ էր այդ սանրվածքը: Միայն վարսավիրանոցից տուն գալով, հասկացա, թե ինչ հիմարություն եմ արել: Երկու օր լացել եմ: Ինչ վերաբերում է իմ երկար մազերին, ասեմ, որ մտադիր չեմ երբեւէ կարճ կտրել իմ վարսերը: Հայելու մեջ նայելով, հասկանում եմ, որ սա է իմ սանրվածքը: