Քաշմի սիրո ցողունը
Հազարամյակներ առաջ բույսը տարածվել է դեպի Այսրկովկաս։ Բույսը հայտնի է եղել Հին Հունաստանում եւ Հռոմում։ Բույսի գիտական անվանումն առաջացել է լատիներեն Ligusticum բառից, քանի որ հնում մեծ քանակությամբ աճել է Լիգուրիա շրջանում։ Միջնադարում այն օգտագործվել է բազմաթիվ հիվանդությունների բուժման համար։ Հատկապես տարածված է Ուկրաինայում, որտեղ հին ժամանակներում համարվել է սիրո խորհրդանիշ։ Հավատացել են, որ բույսի օգնությամբ հնարավոր է գերել երիտասարդ տղաների սիրտը, այդ պատճառով այն անվանել են «Լյուբիստոկ»։ Ֆինները, գերմանացիները, հոլանդացիները այս բույսը կիրառում են որպես միզամուղ միջոց, այն ընդունված է նաեւ ավանդական բժշկության կողմից։ Բույսը թարմ եւ չորացրած վիճակում օգտագործում են սննդի մեջ քարավուզի (նեխուր) փոխարեն, պատրաստում են ապուրներ, օգտագործում ձկնեղենով եւ մսով կերակրատեսակների, աղցանների մեջ, նաեւ` մարինադներ պատրաստելու ժամանակ։ Օշարակի մեջ եփված մատղաշ ցողուններից պատրաստում են կոնֆետներ` տնային պայմաններում։ Քաշմ բժշկականն ունի սուր, հաճելի համ ու հոտ, որը նման է քարավուզին։ Մատղաշ ցողունները եւ արմատներն օգտագործում են հրուշակեղենին, թեյին, օծանելիքին բուրմունք հաղորդելու համար։ Քաշմը խոշոր մինչեւ 2 մետր բարձրության բազմամյա խոտաբույս է, զարգացած մինչեւ 40 սմ խորությամբ արմատով։ Ցողունն ուղղաձիգ է, սնամեջ, մերկ մինչեւ 3 սմ տրամագծով։ Տերեւները խոշոր են, մուգ կանաչավուն փայլով։ Ծաղկում է ամռանը, երկսեռ դեղնավուն ծաղիկները հավաքված են մոտ մեկ տասնյակ ճառագայթներ ունեցող բարդ հովանոցներում։ Պսակաթերթերը դեղնականաչավուն են, էլիպսաձեւ դեպի ներս ծռված։ Պտուղն ունի 5-7 մմ երկարություն, սուր անկյուններ, դեղին եւ շագանակագույն սերմիկներ։ Քաշմը վաղահաս բույս է։ Պարունակում է կարոտին, ասկորբինաթթու, ռուտին, B խմբի վիտամիններ, ֆիտոնցիդներ, խնձորաթթու, վալերիանաթթու, հանքային աղեր։ Բույսի բոլոր մասերում հայտնաբերված են եթերային յուղեր. արմատներում` 0,5-2 տոկոս, տերեւներում` 0,1, սերմերում` 1,4։ Արմատներում հայտնաբերված են նաեւ խեժանյութ, կումարին, դաբաղանյութեր, շաքար։ Քաշմը լայնորեն օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ։ Արմատի թուրմը լավացնում է ախորժակը եւ մարսողությունը, բուժում է մետեորիզմը։ Խորհուրդ է տրվում սրտային եւ երիկամային բնույթի այտուցների, միգրենի, բրոնխիտի դեպքում։
Բույսը ունի հանգստացնող, ցավազրկող, վերքամոքիչ, մանրէասպան հատկություններ։ Մատղաշ ցողունների կամ տերեւների խաշուկը խմեցնում են երեխաներին` որպես հակաճիճվային միջոց։ Արմատի խաշուկը տրորում են գլխամաշկին` մազերը ամրացնելու համար։ Դրանով բուժում են նաեւ թարախային վերքերը եւ մաշկային հիվանդությունները։
Հակացուցված է հղիության, երիկամների եւ միզուղիների սուր բորբոքման դեպքում։
Բույսը ցրտադիմացկուն է, աճում է ամեն տեսակ հողերում, բազմացնում են սերմերով եւ արմատները բաժանելով։ Կանաչ տերեւները ստանում են ամբողջ ամռան ընթացքում։ Բուժական նպատակներով հավաքում են 3-4 տարեկան բույսի արմատները, կտրատում, չորացնում են բաց ծածկի տակ, պահում փակ ապակե տարայի մեջ։
– Մեկ ճ/գ քաշմի արմատին ավելացրեք 400 մլ եռջուր, եփեք 20 րոպե մարմանդ կրակի վրա (ջրային բաղնիք), թրմեք 30 րոպե, քամեք։ Խմեք մեկական ճ/գ, օրը 3 անգամ, սնունդ ընդունելուց առաջ։
– Յուրաքանչյուր սնունդ ընդունելուց առաջ խմեք կեսական գրամ փոշիացրած արմատ։
Հիստերիայի դեպքում. Հավանգով մանրացրեք քաշմի սերմերը։ Խմեք մեկական գրամ, օրը երեք անգամ, սնունդ ընդունելուց առաջ։
Թուրմի պատրաստման եղանակը. Ավելացրեք 1 ճ/գ չոր տերեւներին 200 մլ եռջուր, թրմեք 24 ժամ։ Քամեք, բաժանեք 3 մասի։ Խմեք սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ։ Խորհուրդ է տրվում որպես լուծողական միջոց եւ դաշտանի խանգարումների ժամանակ։
Բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի դեպքում. Մեկական ճ/գ փոշիացրած խատուտիկի արմատի եւ քաշմի տերեւի խառնուրդին ավելացրեք 500 մլ եռջուր։ Երբ խառնուրդը գոլանա, ավելացրեք 2 թ/գ մեղր, թրմեք 2 ժամ, երբ համոզվեք, որ մեղրը լուծվել է, քամեք։ Բաժանեք մասերի, խմեք օրվա ընթացքում, սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ։
Քաշմի պատրաստուկները ուժեղացնում են արյան շրջանառությունը կոնքերի շրջանում։
ա) Մանրացրեք 20 գրամ արմատը եւ թրմեք 200 մլ 70 տոկոսանոց սպիրտի մեջ 7 օր։ Խմեք 20-30 կաթիլ` 50 մլ ջրի հետ խառնած։ Ուժեղացնում է սեռական կարողությունը։
բ) Զգուշորեն կտրեք ցողունը, հավաքեք բաժակի մեջ արտազատվող դեղնավուն թանձր խեժահյութը, տաքացրեք այն սպիտակ գինու մեջ (1։4)` մինչեւ եռալը։ Խմեք երկուական թ/գ, օրը 3 անգամ։
Սնունդը` դեղ
– Բույսի չորացրած կանաչ մասը, մանր կտրատած արմատները եւ սերմերը օգտագործեք որպես համեմունք։
– Բույսի 1 կգ կանաչ մասը եւ 200 գրամ աղը շերտերով տեղավորեք ապակե տարայի մեջ եւ ամուր փակեք։ Պահեք հով տեղում։
– Թարմ արմատները ցայեք խնձորի քացախով` որ չսեւանա։ Օգտագործեք աղցանների մեջ։
Կոտլետ
Քաշմի 0,5 կգ խաշած արմատներն անցկացրեք մսաղացով, խառնեք 3 ճ/գ ալյուրի եւ մեկ ձվի հետ, համեմեք ըստ ճաշակի, տապակեք յուղի մեջ։