ՀՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում կրկին բացառել է արտահերթ ընտրությունների անցկացումը Հայաստանում: Ըստ նրա` իշխանության օրակարգում նման հարց չկա. «Հայաստանում այսօր արտահերթ ընտրությունների անցկացման որեւէ նախադրյալ, որեւէ պատճառ ես չեմ տեսնում, մանավանդ, որ այսօր արդեն ծայրահեղական տրամադրություններն անցնում են երկրորդ պլան, եւ մանավանդ, որ մեկ տարի հետո լինելու են խորհրդարանական ընտրություններ: Ես կարծում եմ, որ տրամաբանական չէ: Նաեւ մեր գործընկերներն են գիտակցում, որ դժվար թե լինի արտահերթ ընտրություններ»: Հարցին, թե ինչպես է պատկերացնում երկխոսությունը, նա պատասխանել է. «Քանի որ արդեն խաղի կանոնները մշակվում են, եւ դու գիտես, որ քո օպոնենտները պատրաստ են այս խաղի կանոններով շարժվել, չեն գնալու ծայրահեղության, կարծում եմ` սա արդեն առաջին երաշխիքներից է, որ կարող են նստել, բանակցել: Ես չեմ կարծում, որ նախագահի խորհրդակցությունները սահմանափակվեցին այդ երեքով: Կլինեն, կարծում եմ, էլի խորհրդակցություններ, որովհետեւ սա նոր մշակույթ է մեր քաղաքական դաշտում: Կարծում եմ` այն ուժերը, ովքեր ժամանակին բոյկոտել են, կգիտակցեն, որ ոչ ճիշտ քայլ են կատարել… եւ կգան, կնստեն կլոր սեղանների շուրջը, կխոսեն իրենց կարծիքների մասին` լինի դա ղարաբաղյան հիմնահարցի լուծում, լինի դա սոցիալ-տնտեսական ճգնաժամերի վերացում, լինի դա հայ-թուրքական հարաբերություններ, սոցիալական բեռի թեթեւացում»: