ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը երեկ հայտարարել է, որ նրանք, ովքեր իր դեմ «հոդվածներ են պատվիրում», երկու նպատակ են հետապնդում։ «Ուզում են սեւացնել ինձ եւ իմ ներկայացրած քաղաքական ուժը, այսինքն Հանրապետական կուսակցությունը, եւ ստորացնել ինձ որպես տղամարդու»,- երեկ ասել է նա` մեկնաբանելով տեղեկությունները, թե իրեն ծեծի են ենթարկել կազինոներից մեկում: Ի դեպ, պատգամավորը կարծում է, թե «ամոթալի» ոչինչ չկա, որ ինքը կազինո է այցելում: «Իսկ ով է ասել, որ կազինոն դա վատ է: Ի վերջո, խաղատները Հայաստանում թույլատրված են օրենքով, 19 մլրդ դրամ հարկեր են վճարում: Եվ ո՞վ է ասել, որ խաղատուն այցելողները պարտադիր խաղում են: Ես, օրինակ, չեմ խաղում: 4-5 անգամ եղել եմ Լաս-Վեգասում ու ոչ մի անգամ չեմ խաղացել: Եթե խաղատները վատ են, եկեք փակենք, նաեւ բաղնիքները, քանի որ դրանց մասին էլ տարբեր բաներ են ասում»,- ասել է Վ. Այվազյանը: