«Եթե 2008-ի իրադարձություններին լիարժեք անդրադարձ չի եղել, եթե պատմության այդ էջը չի փակվել լիարժեքորեն, ապա դժվար կլինի հասարակության մեջ իրականում ստեղծել նպաստավոր միջավայր 2012-ի ապրիլյան ընտրությունների համար»,- երեկ Արտգործնախարարությունում տեղի ունեցած ասուլիսում այդ մասին հայտարարել է Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: «Մարտիմեկյան իրադարձությունների անկախ քննություն անցկացվում է, եւ ես բավականությամբ ի գիտություն ընդունեցի նախագահի վերջին հայտարարությունը` Մարտի 1-ի գործի քննությունը վերսկսելու մասին,- ասել է Ֆյուլեն եւ հավելել,- Անձամբ ես գտնում եմ, որ եթե լիարժեքորեն չխորհենք 2008թ. դեպքերի մասին, ապա դժվար կլինի ընտրությունների համար համապատասխան մթնոլորտ ստեղծելը, երբ լիարժեքորեն այդ էջը չի փակվել»: Հիշեցնենք, որ 2010 թվականի դեկտեմբերին Շ. Ֆյուլեն, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, անթաքույց թերահավատությամբ էր արտահայտվել իշխանությունների գործելաոճի մասին՝ ասելով. «Հայաստանում կան քաղաքական գործիչներ, որոնք միայն խոսում են, մինչդեռ անհրաժեշտ է, որ մենք նաեւ նրանց գործը տեսնենք»։