Ազատություն քաղբանտարկյալներին

29/04/2011

Երեկ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` քաղբանտարկյալ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանին ներում շնորհելու խնդրանքով: «Միանալով խորհրդարանական կոալիցիոն քաղաքական ուժերի առաջարկին եւ մտահոգ լինելով մեր նախկին գործընկեր Սասուն Միքայելյանի առողջական վիճակով, խնդրում եմ Ձեզ քննարկելու նրան ներում շնորհելու հնարավորությունը»,- ասված է Հ. Աբրահամյանի նամակում: Այսպիսով, իշխանությունը պատասխան քայլ է կատարում Հայ Ազգային կոնգրեսի ապրիլի 28-ի հանրահավաքին` ավելի բաց անելով Լեւոն Տեր-Պետրոսյանի նկարագրած «կիսաբաց դուռը»: Իրադարձությունների նման զարգացման դեպքում կարելի է կանխատեսել եւ հույս հայտնել, որ քաղբանտարկյալները կարող են ազատվել նույնիսկ Լ. Տեր-Պետրոսյանի նշած մեկամսյա ժամկետից ավելի շուտ: Դա, բնականաբար, կլինի վերջին երեք տարիների ամենադրական քայլը Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում: Անկախ նրանից, թե ինչի արդյունքում դա տեղի կունենա: Խնդիրն այն է, սակայն, թե ինչ են պատասխանելու առաջին հերթին` իշխանությունները, ապա նաեւ` նույն ՀԱԿ-ը` բանտից ազատված քաղբանտարկյալներին: Կոնկրետ Սասուն Միքայելյանի առողջությունը անցած երեք տարիների ընթացքում վատթարացել եւ կրիտիկական վիճակի է հասել առնվազն մի քանի անգամ, սակայն իշխանությունները նման մարդասիրություն չեն ցուցաբերել: Նույն կերպ` ՀԱԿ-ն անցած ժամանակահատվածում թեեւ միշտ պահանջել է քաղբանտարկյալների ազատ արձակումը, սակայն պահանջները չի հասցրել այն նվազագույն մակարդակին, որ հնարավոր լիներ նրանց օր առաջ ազատումը: Ընդդիմության փաստարկները, թե այսօր ժողովրդի ճնշումն ավելի ուժեղ է, մեղմ ասած` հիմնավոր չեն, քանի որ մեկ-երկու տարի առաջ համաժողովրդական շարժումն անհամեմատ ավելի հզոր էր: Իշխանությունն ընդհանրապես որեւէ փաստարկ չի կարող ներկայացնել «կոնյունկտուրային մարդասիրությունն» արդարացնելու համար: Բոլոր դեպքերում, ավելի լավ կլինի, եթե իշխանությունների եւ ՀԱԿ-ի երկխոսությունը շարունակվի քաղբանտարկյալների ազատության պայմաններում եւ ոչ թե` քաղբանտարկյալների ազատությունը սակարկելով: Երկուստեք: