Գլխավոր դատախազը՝ «ոչ»-ի քարոզիչ

02/11/2005

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը շաբաթ օրն ավելի քան 10 րոպե մասնակցել է ընդդիմության կազմակերպած «ոչ»-ի քարոզարշավին: Երբ ընդդիմության ներկայացուցիչները «Ոչ» մակագրությամբ ծիրանագույն դրոշներով զարդարված 150 ավտոմեքենաներով մեկնելիս են եղել Շիրակի մարզ, ճանապարհին նրանց են հանդիպել նաեւ Գյումրի՝ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի շենքի բացմանը շտապող Ա. Հովսեփյանն ու արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Քանի որ ընդդիմության ավտոշարասյունը մեծ է եղել ու փակել է ողջ ճանապարհը, Ա. Հովսեփյանի մեքենան չի կարողացել վազանց կատարել ու ստիպված է եղել միանալ շարասյանը: