Ռուսները մտահոգված են

29/04/2011

Ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ն երեկ անդրադարձել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Թինա Քեյդենաուի այս օրերին Հարավային Կովկաս կատարած այցերին: Հիշեցնենք, որ նա Վրաստան եւ Ադրբեջան կատարած այցերից հետո նախօրեին ժամանել էր Երեւան: «Նեզավիսիմայա գազետա»-ն շեշտում է, որ Հարավային Կովկասի երեք երկրներում էլ Քեյդենաուի ծրագրում են ընդգրկվել իշխանության ներկայացուցիչների, ազդեցիկ ընդդիմադիր գործիչների ու ազդեցիկ հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումները, որոնց արդյունքում ամերիկացի դիվանագետը պետք է ծանոթանար Հարավային Կովկասում ընթացող ժողովրդավարական գործընթացներին: Դա փորձագետներին հիմք է տվել զուգահեռներ անցկացնելու Հարավային Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի ու Հյուսիսային Աֆրիկայի միջեւ, ուր տիրում է ներքաղաքական լարված իրավիճակ: Խոսակցություններ են շրջանառվում, որ անհանգիստ Հարավային Կովկասի երեք երկրների ներքաղաքական կյանքում կարող են գրանցվել լուրջ փոփոխություններ: Ըստ «Նեզավիսիմայա գազետա»-ի, եթե Հայաստանում ու Վրաստանում բողոքի ակցիաներն ընդհանուր առմամբ դարձել են սովորական երեւույթ, ապա նույնը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, ուր ընդդիմությունը նույնպես ոտքի է ելել: Հենց դրա համար էլ Կոսովոյում ԱՄՆ նախկին դեսպան, դեմոկրատական արժեքների խնամակալ (Կոսովոյի անկախության գլխավոր ճարտարապետներից) Թինա Քեյդենաուի այցը տարածաշրջան հիմք է դրել Հարավային Կովկասում «գունավոր հեղափոխությունների» ծավալման մասին լուրերին: Ռուսական թերթի կարծիքով, դա առավել է ընդգծվում, երբ հաշվի է առնվում այն, որ Քեյդենաուն Բաքվից Թբիլիսի է մեկնել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի ուղեկցությամբ: Վերջինս Քեյդենաուի տարածաշրջանային այցի կապակցությամբ էլ առաջ էր քաշել Թբիլիսիում Հարավային Կովկասի երկրներում ամերիկյան դեսպանների հավաքի գաղափարը: Սակայն Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը չմասնակցեց դրան` գործուղելով իր տեղակալ Բրյուս Դոնահյուին: «Նեզավիսիմայա գազետա»-ն հիշեցնում է, որ Մ. Յովանովիչը մինչ այդ եղել է Ղրղըզստանում ԱՄՆ դեսպանը, եւ նրա անունը մեկ անգամ չէ, որ շոշափվել է այնտեղ տեղի ունեցած «կակաչների հեղափոխության» առնչությամբ: Թերթը նշել է նաեւ, որ ապրիլի 28-ին տեղի ունեցավ Հայաստանի ընդդիմության հերթական բազմահազարանոց ակցիան: «Ներքաղաքական իրավիճակի լարվածության ցուցանիշով Հայաստանը գերազանցում է հարեւան Վրաստանին ու Ադրբեջանին: Չորեքշաբթի օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արտոնեց Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացումը, որի արգելքը գործում էր 2008 թվականի մարտի 1-2-ի աղետալի դեպքերից, երբ սպանվեց 10 մարդ: Դրանով նա վերացրեց ընդդիմադիրներին զայրացնող գլխավոր գործոններից մեկը: Դժվար է ասել, թե Թբիլիսիում ինչի մասին են խոսել ամերիկյան դիվանագետները (Բրայզայի խոսքերով, կարծիքներ են փոխանակել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի շուրջ), փոխարենը` Քեյդենաուն չի թաքցնում իր գործուղման նպատակները: Ի տարբերություն Բաքվի` Քեյդենաուն Թբիլիսիում հանդիպումներ ունեցավ ազդեցիկ ընդդիմադիր գործիչների հետ` նրանց հետ քննարկելով 2012 թվականի խորհրդարանական եւ 2013 թվականի նախագահական ընտրությունները: Դրանով նա լավ ոգեւորեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հակառակորդներին: Ժողովրդավարական պետություն տեսնելու ԱՄՆ ցանկության մասին Քեյդենաուն հայտարարել էր նաեւ Բաքվում եւ, ամենայն հավանականությամբ, կհայտարարի Երեւանում նույնպես»,- գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն: