Այս տարվա մայիսի 1-ից Ռուսաստանում բենզինի նկատմամբ սահմանվող արտահանման տուրքը կբարձրանա 44 տոկոսով` կազմելով մեկ տոննայի դիմաց` մինչեւ 408,3 դոլար: Համապատասխան փոփոխությունը կատարվել է ՌԴ կառավարության որոշման մեջ: Ավելի վաղ սպասվում էր, որ մայիսի 1-ից նավթամթերքների արտահանման մաքսը մեկ տոննայի դիմաց կավելանա ավելի նվազ չափով, մեկ տոննայի դիմաց ներկայիս 283,9 դոլարից հասնելով 304 դոլարի: Նշենք, որ վերջին մի քանի օրերին ՌԴ մի շարք շրջաններ բախվել են «բենզինի խնդրի հետ». որոշ շրջաններում զգալիորեն բարձրացել են գները, որոշներում` բենզինի պակաս է առաջացել: Բացի այդ, հայտնի դարձավ, որ ՌԴ էներգետիկայի նախարարությունը կանխատեսում է, որ երկրում առաջիկայում բենզինի գինը 5 տոկոսով կբարձրանա: Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը բենզինի ճգնաժամի առաջացման պատճառը բացատրում է նավթամթերքների արտահանման ծավալների` 67 տոկոսով ավելացմամբ, ինչպես նաեւ` նավթային խոշոր ընկերությունների կողմից վառելիքը պահելու հանգամանքով: Ապրիլի 28-ին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը էներգետիկայի նախարարությանը հրահանգել էր բենզինի արտահանման տուրքի բարձրացման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր պատրաստել: Արդյունքում ռուսական նավթի նկատմամբ սահմանվող արտահանման տուրքը մայիսի 1-ից կբարձրանա 30 դոլարով (7%)` մեկ տոննայի դիմաց` կազմելով մինչեւ 453,7 դոլար (ներկայիս 423,7-ի փոխարեն): Իսկ Արեւելյան Սիբիրի եւ Կասպից ծովի հյուսիսային հատվածի նավթի արտոնյալ տուրքը մեկ տոննայի դիմաց կհասնի մինչեւ 211,7 դոլարի` ներկայիս 191-ի փոխարեն: Մուգ գույնի նավթամթերքների արտահանման տուրքը կհասնի մինչեւ 211,8 դոլարի` այժմյան 197,9-ի փոխարեն: «Tert.am»-ը փորձել է պարզել, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ՌԴ իշխանությունների որոշումը հայաստանյան բենզինի շուկայի վրա: Հայաստանի բենզինի շուկայի խոշոր ներկրող «Ֆլեշ» ընկերության (բենզինի շուկայում մասնաբաժինը` 42,62%) փոխտնօրեն Մուշեղ Էլչյանն ասել է, որ իրենց ընկերությունը Ռուսաստանից բենզին չի ներկրում: «Մենք բենզինը հիմնականում ներկրում ենք Ռումինիայից ու Բուլղարիայից»,- նշել է նա: Բենզինի մյուս խոշոր ներկրող «Սիթի պետրոլ գրուպում» (բենզինի շուկայում մասնաբաժինը` 41,76%) նույնպես ասել են, որ ներկայում իրենք Ռուսաստանից բենզին եւ դիզվառելիք չեն ներկրում, եւ ներկրումները հիմնականում կատարվում են Բուլղարիայից, Ռումինիայից եւ Իտալիայից: «Այդ երկրներից ներկրվող բենզինը ռուսական ծագում չունի, այնպես որ` Ռուսաստանում բենզինի շուկայում նախատեսվող միջոցառումները Հայաստանի բենզինի շուկայի վրա մատակարարման առումով ազդեցություն չեն ունենա»,- ասել են ընկերության ներկայացուցիչները: