Մտայնություն ու ցանկություն

29/04/2011

Նախօրեին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, թե ԲՀԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին, այսինքն` առանց կոալիցիոն գործընկերների: Երեկ, սակայն, խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն ասել է, թե առանձին մասնակցելու մասին հայտարարություններն իր գործընկերների «մտայնությունն ու ցանկությունն» են: «Միաժամանակ ուզում եմ ասել, որ քանի որ մենք համոզված ենք, որ ամեն ինչ լավ է իր ժամանակին, գալիք ընտրությունների հետ կապված հարցերը սկսելու ենք դիտարկել ոչ շուտ, քան խորհրդարանական արձակուրդներից հետո: Այն ժամանակ է սկսվելու մեր վերլուծական խմբի աշխատանքը նախընտրական պլատֆորմի վրա»,- հավելել է Սաֆարյանը: Հարցին, թե խորհրդարանական ընտրություններին միայնակ մասնակցելով` ԲՀԿ-ն չի՞ շեղվում կոալիցիոն հուշագրից` Արամ Սաֆարյանը պատասխանել է. «Կոալիցիոն հուշագիրը մենք ստեղծել ենք այն պարզ եւ անկեղծ մտայնությամբ, որ ստեղծված արտաքին եւ ներքին մարտահրավերներին հաջողությամբ դիմագրավելու համար պետք է սատարել եւ օգնել երկրի ղեկավարին, ինչը եւ մենք անում ենք»: Ըստ նրա` այս պահին խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցերի վրա «երկար-բարակ ծավալվելը ուղղակի անժամանակ է», քանի որ հիմա երկրի առջեւ ծառացած քաղաքական, ռազմական, տնտեսական եւ ֆինանսական հիմնախնդիրները պահանջում են «համաձայնեցված մոտեցումներ եւ պատասխանատու քաղաքական կեցվածք»: Նա եւս մեկ անգամ հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սատարում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես որ դա արտացոլված է կոալիցիոն հուշագրում: