ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Թինա Քեյդենաուի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարման ճանապարհները, մասնավորապես` ՀԱԿ-ի պահանջների կատարումից հետո իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը եւ երկրում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը: Հանգամանալից վերլուծվել է Հայաստանում արմատավորված լայնածավալ կոռուպցիայի հաղթահարման, քրեաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժման, մանր եւ միջին բիզնեսի, գյուղացիության վիճակի բարելավման եւ նրանց համար նպաստավոր պայմաններ ստեղծելու ուղիները, ինչպես նաեւ` ծայրահեղ չափերի հասած արտագաղթի խնդիրը: Անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին: Ի դեպ, հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: