Որտեղ հաց՝ այնտեղ մի կաց

29/04/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հայրենի կառավարությունը, ըստ երեւույթին, մի պահ մոռացել է առօրյա խնդիրները՝ գնաճը, զրոյական տնտեսական աճն ու արտագաղթը, եւ էլի իրեն տվել է ապագայի փայլուն տեսլականներին։

Ինչ-որ տեղ սա զարմանալի է, քանի որ Ներսես Երիցյանը, ով կառավարության կազմում ամենառոմանտիկ գործիչն էր, այլեւս գործադիր իշխանության մեջ չէ։ Փոխարենը` նրա ֆունկցիաները կարծես սկսել է կատարել սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Այսպես՝ հայկական ազգային մրցունակության խորհուրդ, համահայկական բանկ ու «Հայկական աշխարհ» գաղափարախոսության մեջ տեղավորվող մյուս բաղադրիչները «հորով-մորով» անելուց հետո կառավարությունը որոշել է ստեղծել մի նոր կառույց՝ Հայկական առեւտրական ցանց։ Սակայն միայնակ չեն ստեղծելու, այլ Հայ-կանադական գործարար խորհրդի հետ միասին։ Այդ նպատակով վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ երեկ Երեւանում անցկացվել է այդ ցանցի ստեղծման հիմնադիր խորհրդաժողովը, որին մասնակցել են ավելի քան 9 երկրներից ժամանած երեք տասնյակից ավելի սփյուռքահայ գործարարներ: Եվ ամենակարեւորը՝ խորհրդաժողովը կազմակերպվում է ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ:

Սփյուռքի նախարարը խորհրդաժողովի բացման խոսքում նշել է, որ նախորդ 20 տարիների ընթացքում սփյուռքահայերը մեծ ներդրումներ են կատարել Հայաստանի զարգացման համար, սակայն, այսօր եկել է պահը, որպեսզի համախմբեն աշխարհի տարբեր երկրներում գտնվող սփյուռքահայ գործարարների ահռելի ներուժը: Ցավոք, չի նշել, թե ինչպե՞ս են որոշել, որ այդ պահը հենց այսօր է եկել, կամ՝ ինչո՞ւ այդ պահը չէր գալիս 2, 5 կամ 10 տարի առաջ։

«Այս համաժողովը, կարծում եմ, այն հարթակը պետք է լինի, որ ստեղծենք այնպիսի կառույց, որի միջոցով կկարողանանք հետագայում առավել ակտիվացնել Հայրենիք-Սփյուռք կապերը տնտեսության բնագավառում»,- ասել է նախարարը: Դե իհարկե՝ բացի տնտեսությունից, մյուս բոլոր ոլորտներում՝ քաղաքական, մշակութային, բարեգործական, արդեն համապատասխան կառույցներ կան, եւ կապերն էլ առավել քան ակտիվ են։ Ցանկանում էինք նշել նաեւ գիտական ներուժի համախմբման մասին, սակայն հիշեցինք աշխարհահռչակ երիտասարդ աստղագետին, ում հյուրընկալել եւ մեծարել էր սփյուռքի նախարարը։

Հրանուշ Հակոբյանը հիշեցրել է ՀՀ նախագահի այն խոսքերը` ուղղված սփյուռքահայ գործարարներին, թե պետք է կոտրել այն կարծրատիպը, որ Հայաստանում միայն բարեգործություն չեն անում, այլ նրանք կարող են Հայաստանում գումար վաստակել, շահ ունենալ, եւ դրանով արդեն իսկ կօգնեն Հայաստանի զարգացմանը: «Այստեղ պետք են զարգացման ծրագրեր, քանի որ Հայաստանում ներդրումներ կատարելու համար ստեղծվել են շահավետ պայմաններ, իսկ դրանից առաջին հերթին պետք է օգտվեն աշխարհասփյուռ հայ գործարարները»:

Սակայն ամենաուշագրավը նախարարի ելույթի այն մասն է, որը վերաբերում է այս նախաձեռնության անվանման հապավմանը` ՀԱՑ (Հայ առեւտրական ցանց)։ Հրանուշ Հակոբյանը պատահական չի համարել, որ հապավումը հենց այդպես է կոչվում։ «ՀԱՑ-ը պետք է օգնի, որ մեր հայրենակիցները մնան Հայաստանում, աշխատանք ունենան, կրճատվի արտագաղթը, աղքատությունը, հացի շնորհիվ հայը վաստակի իր հանապազօրյա հացը, եւ այսպիսով զարգացնեն Հայաստանը»,- ասել է նա։ Փաստորեն, արդեն հացը կա, պանիրը, ինչպես մի ժամանակ նշել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, շուտով կփայլի աշխարհի առջեւ։ Մնում է մի ծրագիր էլ հորինել, կարեւոր չէ ինչ ծրագիր՝ կարեւորը, որ հապավումը հնչի որպես «պոմիդոր», եւ ամեն ինչ կընկնի իր տեղը։

Խորհրդաժողովին, բնականաբար, ելույթ է ունեցել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նա սփյուռքահայ գործարարներին ներկայացրել է Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը, տնտեսության բացթողումներն ու խնդիրները, եւ նշել, որ այսօրվա տնտեսական իրավիճակը էականորեն պայմանավորված է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցություններով: Հետո նշել է, որ այս ճգնաժամը բացահայտեց Հայաստանի տնտեսական համակարգի թույլ եւ ուժեղ կողմերը: Դժվար է ասել՝ սփյուռքահայ գործարարները, ի վերջո, ի՞նչ եզրակացության են եկել՝ Հայաստանի տնտեսությունը խնդիրներ ունեցել է մինչեւ ճգնաժա՞մը, եւ ճգնաժամը պարզապես դրանք տեսանելի՞ է դարձրել, թե՞ խնդիրներն առաջացել են ճգնաժամի արդյունքում։ Վարչապետի խոսքը երկու ձեւով էլ կարելի է հասկանալ։

Եվ, իհարկե, վարչապետը չի մոռացել հին ու բարի թեման՝ ճգնաժամի դասերի մասին, նշելով, որ ճգնաժամից Հայաստանի կառավարությունը մի շարք դասեր է քաղել, որոնցից մեկն էլ այն է, որ պետք է ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացվեն երկրում, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարին, հարկային եւ մաքսային վարչարարությունների բարելավմանը։ Այստեղ էլ սփյուռքահայ գործարարների համար թերեւս հարց է ծագել՝ արդյո՞ք մինչեւ ճգնաժամը կոռուպցիան Հայաստանում դրական երեւույթ էր համարվում, որի դեմ պետք չէր պայքարել։

Հետո Տիգրան Սարգսյանը լրջագույն խնդիրների թվում նշել է գյուղատնտեսական ոլորտում նախորդ տարի արձանագրված անկումը, որը հիմնականում պայմանավորված էր բնակլիմայական վատ պայմաններով, ինչի արդյունքում` գյուղատնտեսական ապրանքների գները բարձրացան Հայաստանում: Սակայն գյուղատնտեսության վիճակի բարելավման առումով սփյուռքահայ գործարարները բախտ չեն ունեցել ծանոթանալու մեր կառավարության հանճարեղ քայլերի հետ, ինչպես օրինակ՝ հողերն աղոթելը կամ գյուղատնտեսության նախարարի կողմից «հարգելի» դիմելաձեւի արգելման մասին հրահանգը։

Բայց, դատելով խորհրդակցության մասին պատմող լուրերից՝ սփյուռքահայ գործարարներին նման մանր-մունր հարցերը չեն էլ հետաքրքրում։ Նրանք ավելի գլոբալ բաների մասին են մտածում եւ տիեզերական ծրագրերի ու տեսլականների առումով արժանի գործընկեր են մեր կառավարությանը։ Մասնավորապես, Հայ-կանադական գործարար խորհրդի նախագահ Վահրամ Փրջանյանը նշել է, որ Հայաստանի բյուջեն 3 մլրդ դոլար է, իսկ միայն Կանադայի Օնտարիո նահանգում հայ գործարարների շրջանառությունն անցնում է 4 մլրդ դոլարից, իսկ ողջ Կանադայում 10 մլրդ դոլար է։ Սփյուռքի կարողությունները գնահատելու համար նա առաջարկել է այդ 10 մլրդ դոլարը բազմապատկել մի քանի տասնյակ անգամ եւ նշել, որ Սփյուռքի այդ վիթխարի ներուժը պետք է միացնել Հայաստանի ներուժի հետ, եւ հետո նոր միայն բազմապատկումներ անել։ Փրջանյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել սփյուռքահայերի կողմից Հայաստանում փոքր եւ միջին բիզնես հիմնադրելու ջանքերին։

Բա։ Մինչ մենք էստեղից-էնտեղից ծիծաղելի փոքր՝ ինչ-որ մի քանի հարյուր միլիոն դոլարների վարկեր ենք փնտրում, մեր հայրենակիցները հարյուրավոր միլիարդ դոլարների հետ են խաղում։ Սակայն ամենաառաջին հարցը, որ մարդու գլխում ծագում է, հետեւյալն է՝ հետո՞ ինչ։ Կարողանալո՞ւ են իրենց ՀԱՑ-ով համոզել, որ նրանք իրենց շրջանառության գոնե մեկ տոկոսի չափով ներդրում անեն Հայաստանում, ինչի արդյունքում Հայաստանը միանգամից կդառնա տարածաշրջանի ամենահարուստ երկիրը։ Որքան էլ ցավալի լինի, ստիպված ենք խոստովանել, որ դա այսօր գրեթե անհնարին է։ Ավելին՝ այս պահին ոչ միայն չի հաջողվում արտերկրի մեծահարուստ հայերին համոզելով «տուն բերել», այլ՝ պահել անգամ ժամանակավորապես «տուն եկածներին»։ Օրինակ, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Քըրք Քըրքորյանը, դեմոնստրատիվ կերպով փակեց Լինսի հիմնադրամը, իսկ ներդրումներ անելու մասին չի էլ մտածում։ Հայաստանից հիացած չէ նաեւ Ջերարդ Գաֆեսճյանը։ Եվ վերջապես, անգամ տեղի գործարարներն են կամաց-կամաց իրենց բիզնեսը տեղափոխում արտասահման։ Իսկ դա ամենամեծ հակագովազդն է դրսի ներդրողներին Հայաստան բերելու համար։

Բայց դե, դա կարեւոր չէ մեր իշխանությունների համար։ Կարեւորը, ինչպես նշեցինք, «պոմիդոր» կառույցի ստեղծումն է։ Դրանից հետո՝ հաց-պանիր-պոմիդորով կարող ենք վայելել ամառը։ Մյուս կողմից, այս կառույցի ստեղծումից հետո, կարծում ենք, փոփոխություն կկրի նաեւ ժողովրդական բանահյուսությունը, որն ասում է` որտեղ հաց` այնտեղ կաց: Հաշվի առնելով, թե ինչպես են Հայաստանից հեռանում նույնիսկ տեղական գործարարները, այս ասույթը առաջիկայում կհնչի` որտեղ ՀԱՑ` այնտեղ մի կաց: