Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես է եկել հերթական հայտարարությամբ` նշելով, որ Պաշտպանի աշխատակազմը կշարունակի ներքաղաքական խնդիրների լուծմանն ուղղված իրավիճակի իր դիտորդական գործառույթը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հաշվի առնելով Հայ Ազգային կոնգրեսի ու իշխանությունների միջեւ ձեւավորվող քաղաքական երկխոսության ներկայիս զարգացումները, շարունակելով հավատալ, որ այդ երկխոսությունը կարող է հանգեցնել 2008 թվականի մարտի ցավալի իրադարձությունների հետեւանքով մի շարք մարդկանց խախտված իրավունքների պաշտպանությանը, հավաստելով, որ Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստ է միջամտել քաղաքական գործընթացներին միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում, այն էլ բացառապես մարդկանց իրավունքների պաշտպանության նպատակով, ընդունելով Հայ Ազգային կոնգրեսի եւ իշխանությունների պնդումները` միջնորդի կարիք չունենալու մասին, եւ ներկա իրավիճակում նպատակահարմար չհամարելով կողմերին ներկայացնել գրավոր առաջարկներ, վերահաստատելով իմ պատրաստակամությունը ցանկացած ժամանակ հանդես գալ որպես միջնորդ պետության եւ հասարակության տարբեր խմբերի միջեւ` ի շահ մարդու իրավունքների պաշտպանության, դիմելով հատկապես մեր այն համաքաղաքացիներին, ովքեր գտնում են, որ 2008 թվականի մարտի ցավալի իրադարձությունների հետեւանքով դեռեւս վերականգնված չեն իրենց խախտված իրավունքները` հայտնում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կշարունակի նշված խնդիրների լուծմանն ուղղված իրավիճակի իր դիտորդական գործառույթը, ինչպես նաեւ` պատրաստ է ընդունել անհատական դիմումներ այս եւ այլ խնդիրների առնչությամբ»: