Ռուսաստանի ռազմական ծրագրավորման կենտրոնի ղեկավար, պահուստային գնդապետ, ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը Վրաստանի կողմից երկրի տարածքով ՌԴ ռազմական բեռների տարանցումն արգելելուց հետո Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազա տեխնիկա հասցնելու մի քանի տարբերակներ է կանխատեսել: «Մեր կարծիքով, իրադարձությունները կարող են զարգանալ մի քանի տարբերակներով: Մենք չպետք է տեսականորեն բացառենք ռուս-վրացական երկխոսության վերականգնումը եւ նոր համաձայնագրերի կնքումը,- ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ին ասել է Ցիգանոկը` ավելացնելով,- «Սակայն իրականության մեջ առավել իրատեսական են հետեւյալ տարբերակները.
ա. Թուրքիայի տարածքով` օդային ճանապարհով եւ ցամաքով: Շատ հավանական է, որ ռուս-վրացական հարաբերությունների վատթարացմանը հրահրող Թուրքիան կհամաձայնի ռուսական զինամթերք տեղափոխել իր տարածքով. դա Անկարային հնարավորություն կտա տարանցիկությունը վերցնել վերահսկողության տակ եւ անհրաժեշտության դեպքում` կասեցնել այն:
բ. Ադրբեջանի տարածքով` օդային ճանապարհով: Եվս հավանական տարբերակ, սակայն այս պարագայում Ռուսաստանը պետք է զիջումների գնա Ադրբեջանին, ընդ որում, ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմատեխնիկական, տնտեսության եւ այլ ոլորտներում: գ. Աստրախան/Օլյա (Ռուսաստան)-Էնզելի (Իրան)-Մեղրի (Հայաստան) երթուղիով: Սա ամենաիրատեսական երթուղին է, սակայն ամենաերկարն ու ամենածախսատարը: դ. Գյումրիում ստեղծել մեծ պահուստներ։
ե. Հնարավոր է` կա տեսական եւ գործնական հնարավորություն, որ երբ հայկական օդանավերը օգտագործում էին Վրաստանի օդային տարածքը, եւ նրանց բեռը նախատեսված էր հայկական բանակի համար, այնտեղ կարող է լինել նաեւ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի համար նախատեսված բեռը: Ինչ վերաբերում Վրաստանին, անկասկած, ռուսական ռազմական բեռների` իր տարածքով տարանցման մասին Մոսկվայի հետ կնքած համաձայնագրի երկարաձգումից հրաժարվելը նոր խնդիրներ կստեղծի Հայաստանի ռազմական անվտանգության համար, հետեւաբար, դա չի նպաստի հայ-վրացական հարաբերությունների բարելավմանը: Փոխադարձ վստահության մակարդակն այդ քայլից հետո չի ավելանա: Խնդիրներն այդ ուղղությամբ նվազագույնի հասցնելու համար, Վրաստանը մի շարք քայլեր է արել, որոնք կարող են դրական արձագանք գտնել Երեւանում: Մասնավորապես, խոսքը գնում է «Հայոց ցեղասպանությունը» վրացական պարբերականներում 1914-1918 թթ. գրքի վրացերեն գրքի շնորհանդեսի մասին: Վրաստանն այսօր փորձում է իրեն ներկայացնել որպես տարածաշրջանային լիդեր, սակայն Թբիլիսին չի նկատում, որ իրական լիդերը Բաքուն է, որին ամբողջությամբ աջակցում է Անկարան: Կարելի է անգամ, վստահաբար ասել, որ Բաքուն եւ Անկարան բոլոր ջանքերը կգործադրեն, որպեսզի թույլ չտան Վրաստանին տարածաշրջանային լիդեր դառնալ»,- կարծում է Ցիգանոկը: «Մյուս կողմից, Ռուսաստանը նախորդ ամիս համաձայնել է, որ իր տարածքով ՆԱՏՕ-ին պատկանող հսկայական զենք փոխադրվի Աֆղանստան, եւ ես կարծում եմ, որ Ռուսաստանը միջոց կգտնի Վրաստանի օդային տարածքը շրջանցելու: Այսպիսով, չնայած դժվարություններին, Ռուսաստանի ռազմական բեռների տեղափոխումը Հայաստան կշարունակվի»,- ասել է նա: Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երկրի խորհրդարանին առաջարկել է չերկարաձգել Ռուսաստանի հետ 2006-ին կնքված համաձայնագիրը` ռուսական ռազմական բեռները Վրաստանի տարածքով տարանցելու վերաբերյալ: Այդ համաձայնագրի ժամկետը լրանում է այս տարվա նոյեմբերին: Այդ բեռները տեղափոխվում էին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայան: