«Մեր պատմական խնդիրն արդեն հին է»

29/04/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Սերապ Օզյուրտը մեզ հանդիպող այն հազվադեպ մարդկանցից է, ում նախասիրություններից մեկը համաշխարհային գրադարաններ հաճախելու քարտեր հավաքելն է:

Երիտասարդ աղջկա պատմելով` ամեն անգամ օտար երկիր գնալիս առաջնահերթ գործերից մեկը համարում է տվյալ երկրի գրադարաններից մեկում գրանցվելը: «Իրականում այդքան էլ շատ չեն իմ քարտերը: Դրանցից հատկապես կարող եմ առանձնացնել աշխարհի ամենամեծ գրադարաններից մեկի` Վաշինգտոնում գտնվող Կոնգրեսի գրադարանը: Այն հսկա գրադարան է, որտեղ տեղեկատվության հսկա աղբյուր կա: Առանց որեւէ գումար վճարելու, դու կարող ես այդ գրադարանում գրանցվել եւ գրքեր վերցնել, օգտագործել այդ հսկայական տեղեկատվությունը»,- ասում է Թուրքական գրադարանների ասոցիացիայի Ստամբուլի մասնաճյուղի աշխատակից Սերապ Օզյուրտը: Ըստ նրա` ԱՄՆ-ում հանրային գրադարանները բավական հետաքրքիր են, որոնք իրենց բազմաթիվ մասնաճյուղերն ունեն տարբեր քաղաքներում: «Միգուցե զվարճալի է գրադարանների քարտերի հավաքածուն, բայց դա իմ սիրելի զբաղմունքներից մեկն է: Իհարկե, շատ դեպքերում չեմ հասցնում գրադարաններից շատերը հաճախել, բայց, կարծում եմ` կարեւոր է օտար երկրի գրադարան ազատ հաճախելու գաղափարը»,- նշում է Սերապը, ով աշխատում է Ստամբուլի դպրոցներից մեկում` իբրեւ գրադարանավար: Նրա ասելով` գրադարանների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունն առկա է ամբողջ աշխարհում: Դրանում բացառություն չէ նաեւ Թուրքիան: Թուրք գրադարանավարի կարծիքով` համակարգչի եւ ինտերնետի գերիշխանության դարաշրջանում գիրքը, ասես, երկրորդ պլան է մղվել: «Մենք միայն գրքերով չենք զբաղվում, այլ տեղեկատվություն հավաքելով` ինտերնետից, ամսագրերից եւ այլն: Այսօր գրքերը բավական թանկ են: Դա է պատճառը, որ աշակերտներիս տնային առաջադրանք տալիս երբեմն խորհուրդ եմ տալիս օգտվել էլեկտրոնային գրադարաններից, այլ ոչ թե գուգլի բերած տեղեկատվությունից: Հատկապես վիքիպեդիայի բերած տեղեկատվությունը հաճախ ճիշտ չի լինում»,- վստահեցնում է Թուրքական գրադարանների ասոցիացիայի աշխատակիցը, ում կարծիքով` գլխավորը անհրաժեշտ տեղեկատվություն գտնելն է, եւ այն օգտագործելու միջոցներ փնտրելը: Ներկայումս Ստամբուլում կա 300 գրադարան, եւ, չնայած դրան, գրադարանից օգտվողների թիվն ընդհանուր առմամբ պակասել է: Շատ ուսանողներ համալսարանն ավարտելուց հետո քիչ կամ ընդհանրապես չեն օգտվում գրադարաններից: «Ամենամեծ խնդիրներից մեկ էլ մերօրյա գրադարանավարի կերպարն է: Այս հարցում կարծրատիպերը շատ են: Որոշ մարդկանց համար գրադարանավարը ծեր կին է, ով ընթերցողներին անընդհատ զգուշացնում է շշուկով խոսել, ձայն չհանել: Սա ոչ միայն Հայաստանում, Թուրքիայում, այլեւ աշխարհում առկա երեւույթ է: Գրադարանի իմիջի խնդիր կա անգամ ԱՄՆ-ում»,- ասում է Սերապը` նկատելով գրադարանների ֆինանսավորման խնդիրն ու եկամտաբեր գործ չլինելու հանգամանքը: Թուրքական գրադարանների ասոցիացիան, որտեղ Սերապն աշխատում է, հիմնվել է 1949թ. Անկարայում, եւ այն պետական ֆինանսավորում չունի: Ասոցիացիան ունի 23 մասնաճյուղ, իսկ աշխատակիցներն աշխատում են կամավորական սկզբունքներով: «Մեր նպատակներից մեկն այն է, որ մարդիկ գրադարաններ գնան ոչ թե գրքեր վերցնելու կամ հանձնելու համար, այլ իրենց կյանքի համար: Իսկ կյանքում երկար սովորելը միշտ էլ այժմեական եւ կարեւոր է: Մեծամասամբ մարդիկ ավարտելով համալսարանները` մոռանում են գրադարանների տեղը»,- նկատում է թուրք գրադարանավարուհին:

«Շատ արդիական հարց է գրադարանավարների որակավորման բարձրացման խնդիրը: Մյուս կողմից էլ` հասարակության վերաբերմունքի փոփոխությունը: Այդ իմաստով մենք որոշ ծրագրեր ենք իրականացնում հենց հասարակության համար` գրադարան-հասարակություն կապը վերականգնելու համար: Դա նաեւ ժողովրդավար հասարակություն ստեղծելուն է միտված»,- ասում է Ստամբուլի Սաբանջի համալսարանի տեղեկատվական կենտրոնի աշխատակից, թուրքական գրադարանների ասոցիացիայի Ստամբուլի մասնաճյուղի ղեկավար Մեհմետ Մանյասը: Նրա փոխանցմամբ` իրենք հատկապես աշխատում են դպրոցների հետ, եւ գիտակցում են դժվարությունները: Ըստ Մ. Մանյասի` դժվարություններից մեկը երիտասարդներին գրավելն է, ովքեր ավելի շատ նախընտրում են ինտերնետային կայքերից ստանալ տեղեկատվությունը: Ստամբուլում կա ավելի քան 40 համալսարան` ի տարբերություն Թուրքիայի մյուս քաղաքների, որտեղ, զրուցակցիս կարծիքով, մեծ թիվ չեն կազմում, 5, 6, իսկ լավագույն դեպքում` 10 համալսարան կա: «Անատոլիայի հատվածում յուրաքանչյուր քաղաք` Իզմիր, Տրապիզոն, Բուրսա, Ադանա եւ այլն, ունեն համալսարաններ: Ընդհանրապես Թուրքիայի Կառավարությունը խրախուսում է ամեն քաղաքում համալսարան հիմնելու քայլերը: Միայն Ստամբուլի պետական համալսարանում սովորում է մոտ 15.000 ուսանող: Ինչ վերաբերում է դպրոցներին, կարող եմ ասել, որ Ստամբուլում կան մոտ 3000 միջնակարգ եւ հիմնական դպրոցներ, որտեղ սովորող աշակերտների թիվը կազմում է 3, 5 միլիոն: Միայն Ստամբուլում կա մոտ 100.000 ուսուցիչ: Իսկ թե ինչքանո՞վ են այս թվերն արդյունավետ գրադարանների դեպքում, կարող եմ ասել, որ այդքան էլ գոհացուցիչ չէ»,- նշում է Թուրքական գրադարանների ասոցիացիայի Ստամբուլի մասնաճյուղի ղեկավարը, ում ասելով` հրավերի դեպքում ինքը մեծ հաճույքով կցանկանա Հայաստան գալ: Ասում է` Հայաստանի հարցում որեւէ կարծրատիպեր չունի, եւ ունի հայ ծանոթներ: «Սաբանջ համալսարանում հայ ուսանողներ կային: Մենք ընկերացանք: Մենք որեւէ նեգատիվ տեսակետ չունենք Հայաստանի հարցում: Կարծում եմ` մի օր բոլոր կամուրջները պետք է տեղաշարժել: Դա զուտ քաղաքական հարց է, ոչ թե հասարակական: Բայց հավատում եմ, որ ապագայում այդ հարցը պետք է լուծում ստանա»,- ավելացնում է թուրք գրադարանավարը: Իսկ հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս կբացատրի թուրքական դպրոցներում պատմության դասագրքերում Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվության բացակայությունը, Մ. Մայասը նշեց, որ այդ մասին ամփոփ է տրված, մանրամասն տեղեկատվությունն Առաջին համաշխարհային պատերազմի պատմության մասին է, որը տեղ է գտել դասագրքերում: «Դա պատմաբանների ու քաղաքական գործիչների հարցն է, ոչ թե հասարակության: Մենք որեւէ խնդիր չունենք ոչ հայ, ոչ թուրք հասարակության հետ: Ինչպես նշեցի, ես հայ ընկերներ ունեմ: Այո՛, մենք պատմական հիմնախնդիր ունենք, բայց դա արդեն հին է: Մենք պետք է ապագային նայենք: Այս հարցում մենք ուզում ենք ապագան տեսնել»,- հավելում է Թուրքական գրադարանների ասոցիացիայի Ստամբուլի մասնաճյուղի ղեկավարը:

Ստամբուլ-Երեւան