Սահակաշվիլին` Ալիեւի դե՞մ

29/04/2011

«Էդուարդ Շեւարդնաձեի գահընկեցությունից անմիջապես հետո Վրաստանի ներկայիս ղեկավարությունն իրեն հռչակեց հեղափոխությունների տարածող: Այն ժամանակ Սահակաշվիլին իր ընկեր Վիկտոր Յուշչենկոյի հետ դարձավ յուրատեսակ «ժողովրդավարական երկրների միության» կազմակերպիչներից մեկը»,- վրացական «Georgia times» կայքին տված հարցազրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ, պատգամավոր Սերգեյ Մարկովը` մեկնաբանելով մեկ այլ ռուս քաղաքագետ, Ռուսաստանի իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալի այն հայտարարությունը, թե Վրաստանը պետական հեղաշրջում է պատրաստում Ադրբեջանում: Նշենք, որ նախօրեին Ջեմալը հայտարարել էր, թե Վրաստանը պետական հեղաշրջում է պատրաստում Ադրբեջանում, եւ, որ դրա նախաձեռնողը Վրաստանի արեւմտյան գործընկերներն են, ովքեր ցանկանում են Հարավային Կովկասում կրկնել Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցած իրադարձությունները: «Ադրբեջանն էլ հանդիսանում է Հարավային Կովկասի եւ, ընդհանուր առմամբ, Մեծ Կովկասի առանցքային երկիրը: Եվ եթե այնտեղ իշխանության գան Արեւմուտքից առավել մեծ կախում ունեցող քաղաքական գործիչները, ապա նրանք ակնթարթորեն Ադրբեջանը կվերածեն Իրանին հարվածել պատրաստվող ԱՄՆ ռազմաբազայի»,- ասել էր նա: Սերգեյ Մարկովը` հակառակը, կարծում է, որ Վրաստանն այլեւս աջակցություն չի ստանում Արեւմուտքից, մասնավորապես` ԱՄՆ-ից: «Այժմ հնարավոր է` տարածաշրջանում իրավիճակի սրումը կապված լինի նրա հետ, որ Թբիլիսին կորցնում է Վաշինգտոնի աջակցությունը: Ամերիկացիները գործնականում զրոյացրել են վրացական բանակին ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը` բացառությամբ Աֆղանստանում գտնվող վրաց խաղաղապահների: Այդպիսի տխուր ճակատագրի են արժանացել նաեւ բազմատեսակ «խաղաղ» դրամաշնորհները, որոնց հարցում Արեւմուտքը նախկինում բավական առատաձեռնություն է ցուցաբերել,- ասել է Մարկովը` շեշտելով,- Դրա համար էլ այժմ Սահակաշվիլին նոր միջոցառումներ է ձեռնարկում ԱՄՆ-ի ուշադրությունն իր վրա բեւեռելու համար: Հյուսիսային Աֆրիկայում ու Մերձավոր Արեւելքում տարածված հեղափոխական ալիքը Սահակաշվիլիի համար բացառիկ պահ է համարվում: Բացի այդ, քաղաքական ասպարեզից Իլհամ Ալիեւի հեռացումը չափազանց ձեռնտու է հենց իրեն` Սահակաշվիլիին: Ադրբեջանում իրագործված հաջող հեղափոխությունը մեծապես կբարձրացներ Սահակաշվիլիի արժեքը եւ նրան կվերադարձներ Արեւմուտքի կողմից հատկացվող ֆինանսական մեծ հոսքերը: Դրա համար էլ նա մի կողմից աջակցում է Ալիեւին, իսկ մյուս կողմից` ադրբեջանական ընդդիմությանը,- ասել է Մարկովը` ավելացնելով,- Բնականաբար, այժմ վրացական կողմը բազմիցս կհերքի այդ տեղեկատվությունը, սակայն Ադրբեջանն առավել զգուշավորություն կցուցաբերի Սահակաշվիլիի ռեժիմի նկատմամբ: Դա մասնավորապես վերաբերում է Թբիլիսիի ու Երեւանի շփումներին»: