«Առաջ գիտեի։ Հիմա չգիտեմ…»

29/04/2011 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Մշակույթի նախարարության գործառույթներն ու հատկապես միմյանց հաջորդող նախարարների երկար ցանկը թեեւ մտահոգում էր գրող, մշակութաբան, երգասաց Վահրամ Թաթիկյանին, սակայն նա գուցե շարունակեր համբերատար սպասել` թերեւս ինչ-որ բան կփոխվի, եթե չլսեր լուրը` նախատեսվում է Հասմիկ Պողոսյանին փոխարինել ՕԵԿ անդամ Հեղինե Բիշարյանով: Թեեւ նոր էր դուրս եկել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից (ուր վերադառնալ, հասկանալի է, չի պատրաստվում)` գրողն իր անհանգստությունը թաքցնել չկարողացավ:

– Ռուսաստանը Հայաստանից անկախանալուց հետո (ես այդպես եմ գտնում) ունեցել է մշակույթի ընդամենը 4-5 նախարար: Վերջին 20 տարիներին մենք մշակույթի ութ թե ինը նախարար ենք ունեցել: Հայաստանում մշակութային կյանքը շատ «տնական» է, եւ մշակույթի բոլոր մարդիկ անխտիր ճանաչում են միմյանց: Հետաքրքրականն այս դեպքում այն է, որ մշակույթի նախարարի պաշտոնին այս անգամ հավակնում է մեկը, ով երբեւէ չի առնչվել մշակույթին: Առաջին նախարարները` անկախ նրանից, թե ինչպես են տնօրինել իրենց ոլորտը, գոնե կապ ունեին մշակույթի հետ: Թեեւ նրանք գրեթե բոլորն էլ ձախողվեցին: Երեւի հիմա էլ մտածեցին` ավելի լավ է մեր կուսակցական ընկերը լինի, մի քիչ գոնե կօգտվի: Ու սկսվեց…

– Մեր երկրում այս պաշտոնին նշանակելիս գրեթե վստահ են, որ մշակույթի նախարարի թեկնածուն պետք է անպատճառ պոետ, նկարիչ կամ, ծայրահեղ դեպքում, երաժիշտ լինի:

– Մշակույթի նախարարի պաշտոնին պետք է բազմակողմանի մշակութաբան լինի, չունենա իր անձնական նկրտումները, պետք է կարողանա համակարգել բնագավառը: Գիտականորեն պետք է սահմանվեն մշակույթի բնագավառի առաջնահերթությունները, նախարարության դերը: Երբ մի առիթով ինձ հարցրեցին` կցանկանա՞մ մշակույթի նախարար լինել, ասացի` այո՛: «Իսկ ո՞րը կդառնա քո ծրագիրը»,- հետաքրքրվեցին: Ասացի` «Նախ` Մշակույթի նախարարությունը փակելը. ես այդ ծրագրո՛վ կմտնեմ, որովհետեւ ներկայումս այն բնույթով մի յուրօրինակ մշակութային ռայկոմ է, ուր ռայկոմական մակարդակով լուծվում են հարցեր` ո՞վ է գնալու արտասահման, ինչքա՞ն է մուծվելու, որ ուղարկեն ա՛յս եւ ո՛չ այն խմբին, ո՞ւմ կոչում, գլխավոր մրցանակ, դահլիճ տան եւ այլն»:

– Ավելի վե՞հ գաղափարներ եք ակնկալում այդ գերատեսչությունից:

– Մենք մինչ օրս չունենք այն արժեքների համակարգը, որը հետաքրքիր է միջազգային հանրությանը, որը կապ ունի հայկական ինքնության, Սփյուռքի հետ, քանի որ այսօր մեր տարբեր գերատեսչություններ խառնված են այդ ոլորտին: Այդ թվում` Սփյուռքի եւ Գիտության ու կրթության նախարարությունները, ԳԱԱ-ն, հեռուստաընկերությունները: Սփյուռքն արդեն ի վիճակի չէ, ի՛նքը չի կարողանում պահել այն, ինչ ունեցել է: Ամբողջ ժամանակ խոսում են Եղեռնից, սակայն մինչեւ հիմա չեն տպագրել զոհ գնացած մեր գրողների թարգմանությունները: Դա սփյուռքի պարտքն է: Ասելու փոխարեն, որ կոտորել են մեկուկես միլիոն հայի (եթե արեւմտահայ մտավորականներից անգամ քսանին կոտորեին, արդեն եղեռն էր), պետք է ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իսպաներեն, թուրքերեն Սիամանթո, Վարուժան եւ այլ հեղինակների թարգմանեին: Սփյուռքն ուներ այդ հնարավորությունը: Ի՞նչ է անում Սփյուռքը. ասում է` պահանջատեր լինենք: Բոլորս էլ լավ գիտենք` առանց պատերազմի ոչ ոք հող չի տա: Աստծուն էլ է պարզ եւ անգամ ամենավերջին թուրքին, որ իրենք եղեռն են արել: Եվ Անգլիան այդ մասին վկայող ավելի շատ փաստաթուղթ ունի, քան Հայաստանը: Հիմա ուզում են ցեղասպանությունը ճանաչվի, որ կոնկրետ նյութական պահանջներ ներկայացնեն:

– Չե՞ք կարծում, որ այնքան էլ արդար չէ Սփյուռքին մեղադրելը: Ձեր մայրը` Շաքե Վարսյանը, եղել է սփյուռքագիտության հիմնադիրներից մեկը, եւ Դուք ավելի, քան որեւէ մեկը, գիտեք, որ Սփյուռքի հետ կապված նախաձեռնությունները հայրենիքում, որպես կանոն, ադեկվատ չեն ընդունվում:

– Այո, մայրս` որպես մելքոնյանցի, ճանաչում էր բոլոր սփյուռքահայ արվեստագետներին: Երբ նա գաղափար հղացավ` հրավիրենք աշխարհի լավագույն օպերաներից մեր երգիչներին եւ «Անուշ» բեմադրենք (իսկ մենք հրաշալի վոկալ դպրոց ունեինք), այստեղ խառնվեցին իրար` ահա, կգան, կերգեն, ու մեր տունը կքանդեն: Մյուս օրինակը` Արշիլ Գորկին իր քրոջ որդուն` Կառլեն Մուրադյանին էր կտակել նկարների իր ողջ կոլեկցիան` մոտ 150 գեղանկար: Նրա հորեղբայրը` Ադո Ադոյանը, Արշիլ Գորկու մասին հանրագիտարանի համար գրված հոդվածն անգամ թույլ չտվեց հանրագիտարանում դնել` ասելով, թե նա բուրժուական նկարիչ է, իսկ նրա նկարներն աղբ են: Այս մակարդակով ենք վերաբերվել Սփյուռքին: Կարելի է անհոգ վերաբերմունքի մի մեծ ցանկ ներկայացնել` ընդհուպ մինչեւ մեր օրերը` Խորեն Տեր-Հարության, վերջերս զոհ գնացած Մարկոս Գրիգորյան: Ո՞ր մեկին ասես…

– Տեսնո՞ւմ եք: Եվ նույն տրամաբանությամբ էլ Սփյուռքը կարող է մեզ մեղադրել, որ ունենալով պետություն, այսքան գերատեսչություններ, չենք կարողանում գրագետ հարաբերվել Սփյուռքի հետ: Անգամ ի վիճակի չենք տեր կանգնել այն հուշարձաններին, որ ունենք:

– Մեր հուշարձանները վատթար վիճակում են: Երբ դա անում են մեր հարեւանները, քաղաքական շարժառիթներ ունի: Իսկ մեզանո՞ւմ… Հիմքից քանդում են 5-րդ դարի եկեղեցին եւ 13-րդ դարի ոճով եկեղեցի են կառուցում: Մեծ պատմիչ, կաթողիկոս Ղազար Փարպեցու անվան հետ կապված 5-րդ դարի Թարգմանչացը Փարպիում այլանդակեցին, հին, արժեքավոր քարերը գյուղով մեկ ցրված են: Կիկլոպյան ամրոցի վրա Ծիրանավոր եկեղեցու արտաքին պատերը ցանկանում են հեռացնել, ինչի հետեւանքով` նա կկորցնի իր կարեւոր պատմական բազմաշերտ նկարագիրը ու կվերածվի նոր շինության: Եկեղեցիներով զբաղվում են ո՛չ թե մասնագետները, այլ պատշարներին ստիպում են եվրավերանորոգում անել: Խաչքարերը գողանում են: Նախարարությունում, փաստորեն, ոչինչ չի արվում ո՛չ հուշարձանների ու պեղումնավայրերի, նաեւ այդտեղ գործող թանգարանների համար: Իրականում` իսկական բազար է գրանտներ ստանալու համար: Եվ դա է պատճառը, որ ցանկանում են` նախարարությունում կողմնակի անձ հանկարծ չլինի:

– Բոլոր գերատեսչություններում, այդ թվում` Մշակույթի նախարարությունում, ստուգումները ցույց են տալիս պետական միջոցների վատնում: Վերահսկիչ պալատի ստուգումները բացահայտում են` մեր չինովնիկները, որպես կանոն, անազնիվ են:

– Մենք շախով-շուխով տապալեցինք Արամ Խաչատրյանի 100-ամյակը: Ինչ-որ ձեւական վերանորոգում սկսեցին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, փողերը կերան, եւ 100-ամյակի միջոցառումը չեղավ: Այդ ժամանակ թուրքերն Անկարայի սիմֆոնիկը տարան եւ Մուսա Լեռան վրա մնացած միակ հայկական գյուղում կատարեցին Խաչատրյանի Ջութակի կոնցերտը: Մշակույթի նախարարությունը ոչ մի լուրջ արխիվ չունի` Գոհար Գասպարյանի, Տաթեւիկ Սազանդարյանի, մյուս մեծերի ձայնագրություններ գտնելը գրեթե անհնար է: Ինտերնետի այս դարում «YouToub»-ի հայկական մասն ամենաանմակարդակն ու սիրողականն է աշխարհում: Սերունդներն այդպես էլ չեն կարող տեսնել, թե ինչպես էր Դավիթ Խանջյանը Տերտերյան ներկայացնում, Վիլեն Գալստյանի, Ռուդոլֆ Խառատյանի «Սպարտակ»-ներից ոչինչ չկա: Գիտե՞ք, Մշակույթի նախարար չեն նշանակում: Մշակույթի միջից դուրս են գալիս: Ոչ թե սովետական չինովնիկի ընտանիքում մեծացած, մետալուրգի մասնագիտությամբ մեկին են նշանակում: Հասմիկ Պողոսյանը պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանին դրել է թեւի տակ, ընկերություն են անում: Փարավոնը շատ վատ նկարիչ է, վատ տնօրեն է, նաեւ հանցակիցը Գառնիի «Բազալտե երգեհոնի» ավերման, որը համաշխարհային հուշարձան է եւ միայն հայերիս չի պատկանում: Նախարարն այնպես նախանձախնդրորեն է նրան պաշտպանում, որ արդեն մտածում ես` միասին բիզնես են անում:

– Տվեցիք կոնկրետ անուններ, նշեցիք նաեւ այն վիճակը, որ տասնամյակներով ունենք: Կարծում եք` անձը կարո՞ղ է փրկել այն, ինչ արդեն կորցրել ենք: Այսինքն` իրավիճակը փրկության ենթակա՞ է:

– «Առաջ գիտեի, հիմա չգիտեմ». սա սփյուռքահայ բանաստեղծ Մուշեղ Իշխանի հանճարեղ խոսքերն են: Հիմա Հայաստանում ոչ ոք ոչինչ չգիտի: Որեւէ մակարդակով Հայաստանում այսօր ոչինչ չի լուծվում:

– Այդ դեպքում Ձեր ակնկալիքը ո՞րն է, ինչո՞ւ եք հետաքրքրված, որ այս նախարարին փոխարինի այսինչը եւ ոչ այնինչը: Ինչո՞ւ եք դեմ Հեղինե Բիշարյանին:

– Հասմիկ Պողոսյանն ինչ էլ որ լինի, նրա հետ կա մշակույթի գործիչների խումբ, որ աշխատում են: Նրա հետ աշխատել հնարավոր է: Իսկ այդ անձնավորությունը կուսակցական ֆունկցիոներ է, անհատականությունից լիովին զուրկ: Հիմա` Հեղինե Բիշարյանը պետք է լինի Արթուր Բաղդասարյանի ներկայացուցիչը, կատարի նրա ցուցումները: Իսկ ինչո՞վ է հայտնի Արթուր Բաղդասարյանը արվեստում: Դե, կներեք…

– Կարծում եք, մշակույթի ոլորտն այնպիսի վիճակում է, որ դեռ ավելի վատ լինելու տեղ կա, եւ դա կարող է տեղի ունենալ Հեղինե Բիշարյանի՞ օրոք:

– Հիշում եմ Այգեկցու առակը: Նույն Ռոլանդ Շառոյանը Տիգրան Լեւոնյանին, Օհան Դուրյանին աշխատանքից ազատեց: Բայց Օհան Դուրյանը Օհան Դուրյանն է: Արտիստ: Դա անել չէր կարելի: Նախարարությունը պետք է կարողանա կազմակերպել քո մշակույթն աշխարհին ներկայացնելու, քո ժողովրդին աշխարհի մշակույթին ծանոթացնելու միջոցառումների գրաֆիկը: Չարենցի եւ ուրիշ մեծերի 100-ամյակը, Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծման 1000-ամյակը տապալում են…

– Այնքան հեշտ է ասել` տապալում են: Իսկ Նարեկացու «Մատյանը», Արամ Խաչատրյանի երաժշտությունն արդեն մեզանում տապալված չե՞ն: Հասարակությունը պատվեր ունի՞ Մշակույթի նախարարությանը:

– Ժամանակին, երբ Աշոտ Մանուչարյանը կազմում էր ցուցակ` ում ինչ պաշտոն է նախատեսվում, ասում եմ. «Աշո՛տ, իմ անունն էլ գրի. ես մշակութային քաղաքականության վերաբերյալ գաղափարներ ունեմ»: Ասաց. «Մեզ առաջարկողներ պետք չեն, մեզ պետք են քվեարկողներ: Դու քվեարկող չես»: Այս սկզբունքը մեզ մոտ հիմքից է դրված: Խոսում ենք այնպիսի կարեւոր բնագավառի, ինչպիսին գորգագործությունն է, օրհասական վիճակի մասին: Ասում ենք` մեր գորգը տարան (ասես` ինքներս չենք ծախում մինչեւ այսօր), յուրացրեցին: Բայց 30 տարի է, ցանկանում եմ ստեղծել գորգարվեստի ուսումնասիրության կենտրոն, մինչեւ վերջ մշակված ծրագիր ունեմ, որի կարեւոր հանգրվանը Գորգի թանգարանի ստեղծումն է (Ադրբեջանում հինգը կա, Թուրքիայում` 50-ը)` ձայն բարբառո անապատի:

– Կա՞ մեկը, ում կվստահեիք այդ պաշտոնը:

– Ցավոք, այն մարդիկ, ովքեր կարող էին դա անել, ծերացել են, հոգնել են, հեռացել են, մահացել: Երիտասարդներ կան, ովքեր ունեն էներգիա, բայց ներկա սերունդը դարձել է շատ պրագմատիկ, կասկածամիտ, ոչնչի չեն հավատում, կոմպրոմիսի են գնում եւ այլն:

– Դուք չունեք թեկնածու, մյուսն անուն չի տալիս, թեկնածու ունի Արթուր Բաղդասարյանը: Ինչո՞ւ եք դժգոհում:

– Մեր կադրային վիճակը մշակութային ոլորտից աղետալի վիճակում է: Եթե այդպես է, ինչո՞ւ Հերմինե Նաղդալյանին չեն նշանակում կամ Զարուհի Փոստանջյանին: Ի՞նչ տարբերություն:

– Մշակույթի նախարարի պորտֆելն ՕԵԿ-ինն է:

– Բիշարյանն ունի մի մեծ թերություն` կուսակցական է: Հասմիկ Պողոսյանն ունի առավելություն` կուսակցական չէ: Հաճոյակատար է, այո՛: Ես ուղղակի համոզված եմ` կուսակցականին չի կարելի ոլորտ վստահել: Առհասարակ` հումանիտար որեւէ ոլորտ` լինի կրթությունը թե սփյուռքը, չի կարելի կուսակցականացնել: Իսկ գուցե առհասարա՞կ կառավարությունն իր բոլոր օղակներում ապակուսակցական լինի: Անձամբ ես դրանում համոզված եմ: