Հարգարժան ընթերցողը երեւի միանգամից կմտածի. «Տեսնես` ի՞նչ կապ կարող է ունենալ գովազդը Արամազդի հետ»: Կանխավ նշեմ, որ հենց հարցն էլ այն է, որ կապ ընդհանրապես գոյություն չունի, ճիշտ այնպես, ինչպես կապ չես գտնի հայկական եթերում գովազդվող որոշ ապրանքատեսակների եւ գովազդի նյութի, բովանդակության միջեւ:
Վաղուց արդեն նկատելի երեւույթ է, որ հեռուստատեսային կոմերցիոն գովազդներում հաճախ կարելի է տեսնել եկեղեցական խորհրդանիշերով, եկեղեցիների պատկերներով հոլովակներ: Մեր աչքերը դեռ չէին ընտելացել Գեղարդավանքի պատկերով «Գեղարդ» մսամթերքի գովազդային պաստառներին, երբ հանկարծ էկրանին հայտնվեց կիսամերկ մի վազորդ, ով խաչքարի տակից գտնում է «Ջավախք» կոնյակի մի շիշ` պիտակի վրա պատկերված խաչով: Քիչ անց հեռուստացույցը մեզ պատմում է կովի անարատ կաթի մասին. «Անի» կաթը մեզ հրամցնող ընկերության տարբերանշանում էլ կտեսնենք Էջմիածնի Մայր Տաճարի գմբեթը: Այսպիսով, այսօր մեծաքանակ են այն գովազդներն ու ապրանքային տարբերանշանները, որոնցում կարելի է տեսնել եկեղեցիներ ու վանքեր, եկեղեցական-հոգեւոր զարդեր ու խորհրդանիշեր, եկեղեցական պատկերագրության նմուշներ: Համաձայն ենք, որ վերոգրյալները հայ ժողովրդի դարավոր մշակույթի արգասիքներն են, եւ ազգայինի «պրոպագանդան» շատ կարեւոր նշանակություն ունի օտարամետ այս դարում, սակայն այդ ամենը գովելի ու գնահատելի կլիներ, եթե խորհրդանիշերն ու եկեղեցիները «գովազդվեին» իրենց բովանդակային բուն նշանակության ծիրում, այլ ոչ թե մսամթերքի, խմիչքի կամ կաթնամթերքի ֆոնի վրա` կոմերցիոն նպատակներով: Սույն հանգամանքը վարկաբեկում է ոչ միայն պատմամշակութային անգին արժեքները, այլեւ վիրավորում է այդ արժեքները կրողների հոգեւոր զգացումները: Նման բարձիթողի վիճակի պատճառը, թերեւս, գովազդի եւ ֆիրմային անվանումների մասին օրենքներում համապատասխան դրույթների բացակայությունն է: Թեեւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքով պետք է կանխվի այն գովազդների տարածումը, որոնք առաջ են բերում «ոտնձգություններ հասարակական արժեքների եւ բարոյականության համընդհանուր նորմերի նկատմամբ» եւ անհարիր են հոգեւոր-բարոյական տեսանկյունից` «վարկաբեկելով բարոյականության համընդհանուր եւ ազգային նորմերը», սակայն հստակ չէ, թե արդյո՞ք եկեղեցական խորհրդանիշերը համարվում են «հասարակական արժեք» եւ կամ արդյո՞ք բարոյական համընդհանուր եւ ազգային նորմի վարկաբեկում է դիտարկվում Ազգային Եկեղեցու սրբությունների անհարիր օգտագործումը…
Օրենքի այս բացթողնման եւ թերակատարության արդյունքում նորանոր դռներ են բացվում մեր սրբություններն ու նվիրական արժեքներն անտեղի օգտագործելու, ինչո՞ւ չէ, նաեւ սրբապղծորեն ոտնահարելու համար: Այս առթիվ, նկատենք, քիչ բողոքներ ու վրդովմունքներ չեն, որ ազգի զավակները հայտնում են: Առավել վտանգավոր եւ անթույլատրելի է եկեղեցական խորհրդանշանների կիրառությունը կրոնական եւ աղանդավորական զանազան կազմակերպությունների կողմից: Եթե ժամանակին որոշ նորօրյա կրոնական ուղղություններ հայտարարում էին, թե իրենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ընդունում են իբրեւ մայր եկեղեցի, ապա որոշ ժամանակ անց անիմանալի տրանսֆորմացիայով ներքին զրույցներում Հայ Եկեղեցին սկսեց ներկայացվել իբրեւ «քույր եկեղեցի»: Այժմ արդեն, ըստ այդ կազմակերպությունների, որեւէ տարբերություն չկա Հայ Առաքելական եւ, օրինակ, «Արարատի Նոյան Տապան» եկեղեցու միջեւ: Այս կերպ, պարզ է, հոգեւորսությունն ավելի դյուրին ու արդյունավետ է դառնում: Համապատասխան օրենքի բացակայությունը եւ երբեմն էլ հասարակության անտարբեր կամ ոչ ուշադիր կեցվածքն այսօրինակ խնդիրներին թույլ են տալիս Հայաստան մուտք գործած աղանդներին իրենց կեղծարարությունը հասցնել այնտեղ, որ սեփական շրջանակները լայնացնելու համար պատրաստված նյութերում (հայտարարություններ, հրավերներ, թերթոններ, ամսագրեր, ֆիլմեր) հաճախ կիրառվում են եկեղեցական խորհրդանիշեր, շարականներ, մանրանկարներ եւ այլն: Օրինակ` «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության մասին պատմող հոլովակներում կարելի է տեսնել Հայ եկեղեցուն բնորոշ խաչաձեւի` «ծաղկյալ խաչի», իսկ ամսագրերում` Հայ միջնադարյան մանրանկարչության նմուշների կիրառություններ, իսկ Վանաձորի Հոգեգալստական աղանդի կողմից բաժանված հրավիրատոմս-թերթոններում էլ զետեղված է «Ամենափրկիչ» խաչքարի պատկերը: Պարզից էլ պարզ է, որ նման ճանապարհով աղանդները ստեղծում են նմանության պատրանք Հայ Առաքելական եկեղեցու հետ եւ խաբեությամբ իրենց շարքերն են քաշում միամիտ հավատացյալներին: Սակայն հարց է առաջանում. ի՞նչ հիմնավորմամբ եւ իրավունքով են կրոնական այդ կազմակերպությունները գործածում եկեղեցական խորհրդանիշերն ու արժեքները` ոտնահարելով Հայ Եկեղեցու իրավունքները եւ Եկեղեցու զավակների նվիրական զգացմունքները, երբ այդ նույն կազմակերպությունների գործունեությունն ուղղված է հենց այդ արժեքների դեմ, այդ արժեքները ստեղծողների եւ պահպանողների դեմ: Ինչեւէ… Կարեւոր ենք համարում կոչ անել պետական պատկան մարմիններին հնարավորինս շուտ ձեռնամուխ լինել օրենքի շտկմանն ու չարաշահումներից խուսափելու համար նոր օրենքների ձեւակերպմանը, իսկ մեր հայրենի արտադրողներին` հրաժարվել մեր նվիրական արժեքների անհարկի օգտագործումից: Հավատացյալ հայորդիներին էլ ցանկանում ենք զգուշացնել, որ եկեղեցու կամ խաչի պատկերի առկայությունը թերթոնների կամ գրքերի վրա դեռեւս երաշխավորները չեն այն բանի, որ պատրաստված նյութերը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցունն են: Դրանք կարող են խայծ լինել աղանդների մեջ ներքաշվելու համար. «Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են» (Մատթ. 7:15):
Արթուր սարկավագ ՍԱՐԳՍՅԱՆ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան