«Մի քանի տարի հետո մեր երկրում էլ մարդ չի մնա»

29/04/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործառույթը բնակչության հետ աշխատելն է, որի մեջ ներառվում է ժողովրդագրական տենդենցներին հետեւելը, վերլուծություններ կատարելը, դրանց ազդեցությունները երկրի բոլոր ոլորտների զարգացումների վրա, ինչպես նաեւ` կապն աղքատության հետ:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան ներկայացուցչության գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի ներկայացրած տվյալներն ու ժողովրդագրական անկման վերաբերյալ դիտարկումները բավականին ահազանգող են: «Երկու կարեւորագույն խնդիր կա` աղքատությունը եւ մյուսը, որը լուրջ խնդիր է ապագայի համար, սպառնում է ազգային անվտանգությանը, դա ժողովրդագրությունն է: Մեր ժողովրդագրությունը վատ վիճակում է, որովհետեւ ունենք լուրջ ծերացման տենդենց. այսօր այն կազմում է 13%, բայց մի 5-6 տարի հետո, երբ արդեն թոշակի կանցնեն 1946թ. հետո ծնվածները` մենք արդեն կդառնանք 20%-անոց ծերացող երկիր, որը լուրջ խնդիր է, քանի որ միջազգային տվյալներով` 9%-ից ավելին համարվում է կրիտիկական թիվ»,- վկայակոչում է Գ. Հայրապետյանը` հավելելով, որ նվազում է այն մարդկանց քանակը, ովքեր այսօր պետք է սատարեն մեծահասակներին: Նույն պատկերն է նաեւ վերարտադրողական առողջության ոլորտում, որն անմիջականորեն կապված է դեմոգրաֆիկ խնդրի հետ: Այլ կերպ ասած`վտանգված է մեր ազգային «լինելիությունը», որով առաջին հերթին պետք է մտահոգվեն իշխանությունները եւ փորձեն ազգային ծրագրերով եւ օրենսդրական մեխանիզմներով նպաստել բնակչության վերարտադրողականությանը: «Մի քանի տարի հետո կարիք չի լինի, որ ադրբեջանցին պատերազմի, նա հանգիստ կգա մեր հողի վրա կապրի, որովհետեւ մեր երկրում էլ մարդ չի մնա»,- նկատում է Գ. Հայրապետյանը: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ մշակվել է ժողովրդագրական ռազմավարություն, ինչպես նաեւ` առաջին անգամ Հայաստանում կատարվել է բնակչության ծերացման հետազոտություն: Համաձայն այդ տվյալների` 50-ից բարձր տարիք ունեցող անդամներով տնային տնտեսությունները կազմում են ՀՀ բոլոր տնային տնտեսությունների 2/3-ը: Ընդ որում` կանայք մեծամասնություն են կազմում: Հետազոտությունը ցույց է տվել, որ մեր երկրում կանանց մահացության կտրուկ աճ է նկատվում 65-70 տարեկանում, քանի որ կանանց տոկոսն այդ տարիքային խմբում նվազում է, իսկ տղամարդկանց մահացությունը գերակշռում է 70 տարեկանից հետո: Հետաքրքիր է, որ կա օրինաչափություն, ըստ որի` ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գյուղաբնակ կին-տղամարդիկ ավելի երկար են ապրում, քան քաղաքաբնակները: 60-64 տարեկան կանանց շրջանում այրիների կտրուկ աճ է նկատվում: Ի դեպ, հարկ է նշել, որ մեր երկրում զգալի է 75 տարեկանից բարձր թոշակառուների աշխատանք փնտրելու ակտիվությունը, որտեղ մեծամասնություն են կազմում տղամարդիկ: ՄԱԲՀ «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանի հավաստմամբ` տարեցների վերաբերյալ հետազոտությունը շատ լայնածավալ է, եւ տարածաշրջանում առաջին անգամ է կատարվել. «Դա կատարվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ: Կատարել ենք նաեւ միգրացիայի, ընտանիքի եւ Հայաստանի վերարտադրողական վարքագծի վերաբերյալ հետազոտություններ, որոնք շատ կարեւոր են: Տարեցների վերաբերյալ հետազոտության հիման վրա մենք կարողացանք մշակել տարեցների հիմնախնդիրների եւ սոցիալական աջակցության ռազմավարություն եւ գործողությունների ծրագիր: Այդ մոդելը կիրառվում է ԱՊՀ երկրներում: Հայաստանն այսօր կանգնած է վերացման լուրջ խնդրի առջեւ, եւ հետագայի հետ կապված կանխատեսումները օպտիմիստական չեն»: Թեեւ ՀՀ առողջապահության նախարարության տարբեր պաշտոնյաներ հայտարարում են, որ վերջին շրջանում իրականացվող միջոցառումների արդյունքում ծնելիությունն աճում է, այդուհանդերձ, ըստ Ա. Հովհաննիսյանի` ուսումնասիրությունները հակառակն են ցույց տալիս. այստեղ եւս անկում կա: Թեեւ ծնելիության նվազման միտումը կոնկրետ պաշտոնական բացատրություններ չունի, այդուհանդերձ` ենթադրությունները հիմնականում սոցիալական են: ՄԱԲՀ «Սեռական եւ վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի համակարգող Վահե Գյուլխասյանի խոսքով` վերարտադրողական առողջության ոլորտում նույնպես հետազոտություններ են կատարվել: «Պետք է ասեմ, որ այսօր Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը միակ կազմակերպությունն է, որը ներկրում եւ անվճար հիմնարկություններին բաժանում է բեղմնականխիչ մեթոդներ: Հայաստանի 75 կետերում, որոնցից 24-ը` մայրաքաղաքում, անվճար հիմունքներով մարդկանց տրամադրվում են բեղմնականխիչներ»,- վստահեցրեց Վ. Գյուլխասյանը: Սակայն նրա այս հայտարարությունն առնվազն զարմանալի է, քանի որ այս ծրագիրն իրականացվում է 1997-ից, իսկ Հայաստանում անգամ լրատվամիջոցների համար այն նորություն է: Բանն այն է, որ սոցիալապես խոցելի խմբերում ընդգրկված շատ ընտանիքներ երեխա են ունենում զուտ այն պատճառով, որ պաշտպանիչ միջոցներ ձեռք բերելու գումար չունեն: Մեր թերթի էջերում ներկայացրել ենք նման բազմաթիվ ընտանիքներ, երբ 4-5 երեխաների մայրը վստահեցրել է, որ, օրինակ` պահպանակի գումար չեն ունեցել, իսկ հղիանալուց հետո էլ` աբորտ անելու հնարավորություն չի եղել, ուստի ստիպված ծննդաբերել է: Անվճար կերպով բեղմնականխիչների տրամադրումը մի կողմից` կկանխի անցանկալի հղիությունն, իսկ մյուս կողմից էլ` կպահպանվի մայրական վերարտադրողական առողջությունը, քանի որ կինը ստիպված չի լինի դիմել աբորտի: Սակայն Հայաստանում ՄԱԿ-ի կողմից տրամադրվող բեղմնականխիչները հավանաբար բուժհաստատությունների թեթեւ ձեռքով անցնում են «ստվերային» դաշտ: Ինչեւէ, ՄԱԿ Բնակչության հիմնադրամի կատարած հետազոտություններն, այնուամենայնիվ, բավականին հետաքրքիր են, որին հետագայում անդրադառնալու առիթ կունենանք: Նշենք, որ երեկ Բնակչության հիմնադրամի ծրագրերի ներկայացուցիչները տարբեր լրատվամիջոցների այդ ոլորտներով զբաղվող լրագրողներին հրավիրել էին քննարկման: «Մենք ուզում ենք օգտագործել ձեր ուղեղները: Մեզ համար շատ կարեւոր է լսել ձեզ, ձեր առաջարկություններն ու ձեր կողմից մատնանշված խնդիրները: Վստահ ենք, որ լինելով այս ոլորտի լուսաբանողներ` դուք քաջատեղյակ եք խնդիրներին, եւ մեզ համար կարեւոր է ձեր դիտարկումները քննարկել»,- նշեց Գարիկ Հայրապետյանը: