Ցանկացած հասարակության մտքերն ու ինքնազգացողությունը արագ հասկանալու համար արժե այցելել երկու վայր` շուկա եւ կենդանաբանական այգի:
Այդ հանրային տարածքներն այն հարթակներն են, որոնք վարվելաձեւերն ու շփման կուլտուրան ոչ թե պարտադրում են (ինչպես, ասենք, թանգարանները), այլ` ցուցադրում են ենթագիտակցական վարվելաձեւի մոդելները: Շուկայում (ոչ սուպերմարկետներում) առեւտուր անելիս` դու շփվում ես մարդու հետ, նրա հետ խոսում դեսից-դենից, տարբեր թեմաներով ու հասցնում պատկերացում կազմել տվյալ հասարակության մասին: Ցանկացած մարդ, ով շուկա է գնում ոչ թե վաճառելու կամ ձեռք բերելու, այլ` հենց այնպես, դառնում է հետազոտող: Շուկան մեր կյանքի չխմբագրված` ռետուշ չարված հայելին է: Նույնն էլ կենդանաբանական այգու դեպքում է: Այգի այցելելով` ակամայից դառնում ես ամբողջի մի մասը ու համոզվում ես, որ մարդը կենդանի արարածին ընկալում է այնպես, ինչպես ինքն իրեն: Այսինքն` կամ հարգում է ինքն իրեն, կամ` չի հարգում: Եթե չի հարգում, ուրեմն հանգիստ սրտով ու տհաճ հռհռոցով կարող է դրդել սեփական երեխային փայտ խոթել կապիկի աչքը կամ քարով խփել առյուծի ձագին: Կենդանին ընդամենը խաղալիք է, որը բանտարկված է վանդակում եւ պաշտպանվելու հնարավորություն չունի: Անգամ հսկա փիղն է անզոր դիմադրել, երբ իրեն հարսի քող են հագցնում ու դարձնում անճաշակ հարսանյաց հանդեսի անտուրաժը: Ինքն իր արժեքը չգիտակցող, ինքն իրեն բանի տեղ չդնող մարդու համար կենդանին ոչ մի արժեք չունի: Հետեւաբար` կենդանուն նսեմացնելը նորմալ երեւույթ է ընկալվում: Եթե դա է նորմալը, ուրեմն պետք է ընտելանալ այն մտքի հետ, որ վաղը քեզ եւ քո երեխային կարող են քարով խփել, տունդ խլել կամ էլ թեկուզ` տանդ բակի ծառը կտրել: Ամենաթողությունը սկսվում է մանրուքից:
«Լավ է, որ կենդանիները դեռ կենդանի են»
Երեւանի կենդանաբանական այգին այսօր կանգնած է լուրջ վերափոխումների շեմին: Անհրաժեշտ է վերանորոգել ոչ միայն տարածքներն ու վանդակները, այլեւ` աշխատանքային մոտեցումները: Մայիսի 1-ին այգին բացելու է իր հերթական աշխույժ աշխատանքային սեզոնը: Սակայն այն տարբերվելու է մյուս բացման արարողություններից, քանի որ զերծ է մնալու «ռաբիս» տոնախմբություններից ու քեֆային երգ ու պարից: Զուտ արտաքնապես այգու տեսքը միանգամից չի փոխվի, սակայն այգին կունենա իր լոգոտիպը (հայկական էնդեմիկ կենդանիների` հովազի, մուֆլոնի ու արծվի պատկերով), աբոնեմենտային քաղաքականությունն ու համազգեստը:
Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու տնօրեն Հայկ Բալյանը, ով ակտիվ մասնակցություն ունի մեր այգու մոդեռնացման գործում, նշում է, որ իրեն հիմնականում հարցնում են փղերի կամ գետաձիերի մասին, մինչդեռ` Հայաստանում կան այնպիսի միջատներ, որոնց ճակատագիրն ու բնութագրումը շատ ավելի հետաքրքիր կարող է ընկալվել հայաստանցիների կողմից, քան փղին զուգընկերուհի գտնելու փաստը: «Մի թերագնահատեք ձեր բնությունը ու միայն ամենախոշոր կենդանիներին հիշատակեք: Բնությունը մի շղթա է, որի ամեն մի օղակն է արժեքավոր»,- ասում է նա` ավելացնելով, որ բնավ էլ առաջնային չի համարում փղի զուգընկերոջ հարցը, քանի որ խստաշունչ ձմեռների պայմաններում փիղը չի կարող լիարժեք ապրել` ամիսներ շարունակ փակված մնալով ձմեռանոցում:
Հայկ Բալյանը, ով ֆինանսապես ու մասնագիտորեն է սատարում մեր այգին, առաջնային քայլ է համարում Կենդանաբանական այգիների եւ ակվարիումների եվրոպական ասոցիացիային անդամակցելու հարցը: Դա կօգնի մեզ հետագայում ակնկալել, որ երբ «SOS» կանչենք` մեզ օգնության կհասնեն, քանի որ այդ ասոցիացիայի միջոցով է կատարվում կենդանիների փոխանակումը եւ մասնագիտական համագործակցությունը: Հայկ Բալյանը նշեց նաեւ, որ շուտով հայաստանցիները կկարողանան «որդեգրել» կենդանիներին, նրանց ապահովել սննդով: Նա կոչ արեց մթերային խանութների տերերին հիշել այդ մասին:
– Պարոն Բալյան, որքա՞ն ժամանակ է պետք մեր այգին ոտքի կանգնեցնելու համար:
– Ընդհանրապես պետք է հիշել, որ այգին ռեֆորմացնելը միշտ էլ ավելի երկար ու բարդ գործ է, քան նոր այգի կառուցելը: Նոր այգին կարելի է 5 տարվա ընթացքում ստեղծել, իսկ թե որքա՞ն կտեւի վերափոխման փուլը` չեմ կարող ասել: «Արտիսում», օրինակ, այդ փուլը բավականին երկար ու ցավագին է անցել: Ամեն դեպքում դա շատ արագ լինել չի կարող: Երեւանի այգում կան բաներ, որոնք անհապաղ պետք է փոխել, սակայն կան նաեւ լավ բաներ:
– Ի՞նչն է մեր այգում լավ:
– Լավ է, որ կենդանիները դեռ կենդանի են: Մեր հիմնական գործը կենդանիների սննդի, վարքագծի ուսումնասիրումն է: Հետեւելու ենք, որ կենդանիները լինեն առողջ, կուշտ ու, որքան հնարավոր է` լավ պայմաններում ապրեն: Կարծում եմ` փոփոխությունները շատ արագ իրենց զգացնել կտան: Այգու նոր տնօրեն Ռուբեն Խաչատրյանն արդեն կենդանաբանական այգու խորհուրդ է ստեղծել, իսկ «Արտիսի» մասնագետները բուժօգնություն են ցույց տվել կենդանիներին:
– Որոշ կենդանիներ զննվել, վիրահատվել են հոլանդացի մասնագետների կողմից: Արդյո՞ք այդ գործը շարունակելու են նաեւ հայ անասնաբույժները, թե՞ նրանց դեռ չեք վստահում:
– Ես դեռ չեմ հասցրել լավ ծանոթանալ այգու բոլոր աշխատակիցների հետ եւ իրավունք չունեմ խոսել նրանց պրոֆեսիոնալ պատրաստվածության մասին: Բայց գիտեմ, որ մենք այստեղ ենք` օգնելու, մեր փորձը փոխանցելու համար: Հոլանդացի մասնագետները կատարել են այն անհապաղ վիրահատական ու բուժական գործը, որն իր բնույթով վտանգավոր էր եւ հմտություն էր պահանջում: Մենք դիկտատորներ չենք, ավելի շուտ` ցուցադրողներ ենք: Թող հայ մասնագետները տեսնեն, ծանոթանան ու իրենք որոշեն` ի՞նչ է պետք անել, ո՞րն է ճիշտ եւ ո՞րը` սխալ: Արդեն մեկ հայ մասնագետ վերապատրաստվել է Նիդեռլանդներում, իսկ հիմա այստեղ են նաեւ այն հոլանդացի մասնագետները, ովքեր 42 տարվա աշխատանքային փորձ ունեն:
– Կարծիք կա, որ կենդանիներին խնամել կարողանալու համար նախ պետք է սիրել կենդանիներին: Այդպե՞ս է:
– Գիտելիքի սկիզբը միշտ էլ սերն է: Չէ՞ որ սիրել` նշանակում է` պատրաստ լինել սովորելուն եւ պատասխանատվություն կրել: Երբ մարդը սիրում է բնությունն այնպես, ինչպես իր երեխային, նա հասկանում է, որ սիրելը դժվար աշխատանք է: Անձամբ ես որոշեցի կենսաբան դառնալ շատ վաղ հասակում, քանի որ շատ էի սիրում կենդանիներին ու հաճախ էի այցելում Ամստերդամի կենդանաբանական այգի: Եվ ես վստահ եմ, որ եթե երեխան այդ պատասխանատվության զգացումով է դաստիարակվում` մեծանալով նա նաեւ սկսում է մտահոգվել իր շրջապատի, վայրի բնության պահպանման խնդիրներով: Հիմա Երեւանում շատ հետաքրքիր վիճակ է. դուք բնապահպանական կրթության ֆորման վերափոխելու շանս եք ստացել: Այգում էկո-քոլեջ ստեղծելու ու երեխաներին կրթելու գաղափարը ֆանտաստիկ արդյունք կունենա: Այն կօգնի գնահատել ու պահպանել ձեր զարմանալի հարուստ բնաշխարհը: Բնությունը փիլիսոփայություն է, որի հիմքում ոչ միայն մարդու ու բնության, այլեւ` մարդու եւ մարդու շփումն է: Եվ ես շատ ուրախ եմ, որ հիմա Երեւանի կենդանաբական այգում աշխատելու են առավելապես երիտասարդները, նրանք կբերեն այն թարմությունը, որից այգին նախկինում զրկված էր:
– Հայտնի է, որ Դուք դեռ երկու տարի առաջ էիք փորձում համագործակցել մեր այգու հետ, սակայն նշեցիք, որ դա անհնար էր:
– Նախկինում Երեւանի կենդանաբական այգին զարգացման կոնցեպտ չուներ: Չկար տեսլական, թե, վերջիվերջո` ի՞նչ է պետք անել: Նկատելով, որ այգում չկան համակարգիչներ ու հետեւաբար` տարբեր բաժինների արված գործը մեկ տեղում չի ամբողջանում, ես նախկին տնօրինությանը մի քանի համակարգիչներ նվիրեցի: Սակայն դրանք անհետացան: Սակայն հիմա հարկ չկա անցյալի մասին խոսել, ապագան ավելի հետաքրքիր է: Վստահ եմ, որ Երեւանի կենդանաբանական այգին դառնալու է ավելի ու ավելի լավը: Հայաստանը կարող է տարածաշրջանի ամենախոշոր եւ լուրջ կենդանաբանական ու բուսական պարկը ստեղծել: