Քինգը վերադառնում է

29/04/2011

Ամերիկացի հաղորդավար Լարի Քինգը կվերադառնա CNN հեռուստաընկերություն` հատուկ ծրագրով` «Աներեւակայելին. Ալցհայմերի հիվանդության համաճարակը» («Unthinkable: The Alzheimer’s Epidemic»), որը նվիրված կլինի այս անբուժելի հիվանդությանը: Հաղորդումը կհեռարձակվի մայիսի 1-ին: Ինչպես հայտնում է Associated Press-ը, Լարի Քինգի հետ մեկտեղ` հաղորդմանը կմասնակցի նաեւ ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի 52-ամյա որդին: Քինգը եւ Ռեյգանը կգնան Լաս Վեգասի` Ալցհայմերի հիվանդության գծով մասնագիտացված հիվանդանոց: Նրանցից մեկը նկարահանումների ժամանակ բուժզննում է անցել, որը թույլ է տալիս պարզել Ալցհայմերի հիվանդության նկատմամբ հակվածություն ունենալը, իսկ երկրորդը` հրաժարվել է բուժզննումից: Հաղորդման ինտրիգը պահպանելու համար Լարի Քինգը հրաժարվել է հայտնել, թե իրենցից ով է ենթարկվել բուժզննման: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանն իր կյանքի վերջին տարիներին տառապում էր Ալցհայմերի հիվանդությամբ: Լ. Քինգը հայտնել է, որ ինքն առողջ է, սակայն, ինչպես տարեց մարդկանց մեծ մասը, չի կարող չմտածել այս հիվանդության ռիսկի մասին: Alzheimer’s Association կազմակերպության տվյալներով` Ալցհայմերի հիվանդությունից տառապում է 5,4 մլն ամերիկացի, իսկ 21-րդ դարի կեսերին հիվանդների թիվը կարող է հասնել 16 մլն-ի: Քինգն ասել է, թե մտադիր է CNN-ի համար նկարահանել առնվազն եւս երկու հաղորդում, որոնցից մեկը նվիրված կլինի բեյսբոլին, իսկ մյուսին կմասնակցի դերասան Ջոնի Դեպը: Լարի Քինգը խոստովանել է, որ ինքը զգում է ամենօրյա թողարկումների պակասը եւ կցանկանար լուսաբանել այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են Ճապոնիայի երկրաշարժը կամ Եգիպտոսի հեղափոխությունը, սակայն «չի կարոտում Քարդաշյանների ընտանիքին»: