Մայիսի 28-ի՞ն

28/04/2011

«Հիշո՞ւմ եք, տղաները որ նկարված էին (խոսքը ԶԼՄ-ներում տպագրված քաղբանտարկյալների լուսանկարների մասին է.- խմբ.), ժամանակին ահավոր մի մեծ էջ էին կազմում թերթում: Հիմա շատ փոքր մասն է մնացել, եւ այդ նկարները վաղը կամ վաղը չէ մյուս օրը կվերջանան»,- երեկ հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը` առաջարկելով ՀԱԿ-ին «մի փոքր երկարացնել» քաղբանտարկյալների ազատ արձակման ժամկետը: «Ապրիլի 28-ից տեղափոխել մեկ ամիս հետո»,- ասել է նա: Փաստորեն, Վ. Բոստանջյանն ակնարկել է, որ ուղիղ մեկ ամիս հետո բոլոր քաղբանտարկյալներն ազատության մեջ կլինեն, իսկ այդ «մեկ ամիս» ժամկետն էլ, որ նշել է կոալիցիայի ներկայացուցիչը, ամենեւին էլ պատահական օր չէ: Մայիսի 28-ը Անկախության օրն է, եւ հենց այդ օրը բազմաթիվ կալանավորների ՀՀ նախագահի կողմից ներում է շնորհվում: Իսկ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր վերջին հանրահավաքներից մեկում, որպես քաղբանտարկյալներին ազատ արձակելու միջոց, նշել էր հենց ներում շնորհելու տարբերակը: