«Իրական քաղաքական կոնֆլիկտը ոչ թե գործող նախագահ Սերժ Սարգսյանի եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, այլ Ս.Սարգսյանի եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջեւ է»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն` անդրադառնալով իշխանության եւ ՀԱԿ-ի մեջ տեղի ունեցող վերջին զարգացումներին: «Մարտի 1-ը դեռ լուծված չէ, իսկ փոփոխությունների համար հասարակական պահանջն աճում է: Բայց ես ուզում եմ ասել, որ կոնֆլիկտն այլեւս ոչ թե ընդդիմության եւ իշխանության, այլ ղեկավարող էլիտայի միջեւ է: Մարտի 1-ի նոր, անկախ հետաքննությունը, վտանգ կա, որ միայն կշփոթեցնի եւ վատ դրության մեջ կդնի նախկին նախագահ Քոչարյանին եւ նրանց, ովքեր ժամանակին կատարեցին Քոչարյանի որոշումները»,- ավելացրել է նա: