Վերջերս Ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը գտնվում էր ԱՄՆ-ում, ուր, ինչպես ինքն էր վստահեցնում, մի շարք կարեւոր հանդիպումներ է ունեցել Պետդեպարտամենտում եւ Սպիտակ տանը: Քննարկված մի շարք հարցերից նա կարեւորեց հատկապես Կովկասին վերաբերող խնդիրը, ասելով. «Աշխարհում ամենաթեժ կետը հիմա Կովկասն է: Աշխարհում ապառազմականացման գործընթացներ են ընթանում, եւ Կովկասը միակ տարածաշրջանն է, որտեղ ռազմականացման հզորացում է տեղի ունենում: Ադրբեջանն ու Հայաստանը հզորացնում են իրենց բանակը մեկը մյուսի դեմ, Վրաստանը` մյուսի դեմ, Աջարիան, Աբխազիան էլ իրենց բանակն են հզորացնում, Պարսկաստանն ինչ-որ պատերազմ է հայտարարում Իսրայելին…»:
Հ. Հովհաննիսյանը Կովկասում տիրող ռազմականացված գործընթացները բացատրում է տարածաշրջանում առկա կոնֆիկտներով եւ, վստահեցնում է, որ դրանց լուծումները պետք է հնարավորինս շուտ տալ: «Եթե դա տեղի չունենա, ապա Կովկասը կվերածվի այնպիսի տարածաշրջանի, որտեղ կկուտակվի այն քանակությամբ զենք, որ պատերազմն այլեւս անխուսափելի կդառնա: Նրանք հիմա իրենց ռեսուրսները միայն զենք ձեռք բերելու մեջ են ներդնում: Շատ արագ պետք է լուծել այդ խնդիրները, հակառակ դեպքում` տարածաշրջանը նմանվում է վառոդի տակառի, որը կարող է պայթյուն առաջացնել»:
Լ.Ս.