Դուր է գալիս

28/04/2011

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ՀԱԿ-ի գործողություններում դրական միտումներ է տեսնում. «Ընթանում են հանրահավաքներ, հնչում են ելույթներ, որոնք միտված չեն հասարակության պառակտմանը, որոնք միտված չեն ջարդել-փշրել հասկացողությունները զարգացնելուն, որոնք միտված են քաղաքական պայքարը տեղափոխել նաեւ որոշակի հարթակներ: Ինձ դուր է գալիս նաեւ, որ հանրահավաքի կազմակերպիչները եւ ոստիկանները կարողանում են իրար հետ աշխատել եւ, փառք Աստծո, վերջին` արդեն տեւական ժամանակահատվածում այդ միջոցառումների ընթացքում չեն գրանցվել հասարակական կարգի կոպիտ խախտումներ»: Ըստ Ս. Սարգսյանի` սա կարող է հնարավորություն ընձեռնել, որպեսզի Ազատության հրապարակը նորից դառնա Հայաստանի համար, Հայաստանի զարգացման համար այլընտրանքային կարծիքներ հայտնելու վայր: «Եվ սա է հենց Ազատության հրապարակի խորհուրդը: Եվ եթե իրադարձություններն այսպես զարգանան, ես կարծում եմ, որ մեր համատեղ ուժերով կարող ենք մաքրել այդ հրապարակից այն կեղծ պատկերացումները, որ այսօր կամ, ավելի ճիշտ, երեկ գոյություն ունեին իբրեւ ծայրահեղականություն սնող մի միջավայր: Սա մեզ համար չափազանց կարեւոր է»: