Աշխատենք միասին

28/04/2011

Այսօր Ազատության հրապարակում տեղի է ունենալու Հայ Ազգային կոնգրեսի հանրահավաքը, որը, ինչպես ապրիլի 8-ին հայտարարել էր ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը` լինելու է կա՛մ ջրբաժանի, կա՛մ երկխոսության օր: Անցած 20 օրերին տեղի ունեցած իրադարձություններն ու զարգացումները ցույց են տվել, որ ավելի հավանական է դառնում երկխոսության հնարավորությունը, թեեւ իրականում այն կարծես վաղուց արդեն ընթանում է: Երեք տարի ՀԱԿ-ի պահանջները գրեթե արհամարհող իշխանություններն ընդամենը երկու շաբաթվա ընթացքում կատարեցին Կոնգրեսի երեք պահանջներից երկուսը` նախագահ Սերժ Սարգսյանը խոստացավ «նոր թափ» հաղորդել Մարտի 1-ի բացահայտմանը, նախօրեին էլ Երեւանի քաղաքապետարանը պաշտոնապես արտոնեց այսօրվա հանրահավաքը Ազատության հրապարակում: Իսկ ՀԱԿ-ի հասցեին արված երեկվա հայտարարություններով Սերժ Սարգսյանն ամբողջացրեց իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ «իդիլիայի» մասին բոլոր գնահատականները: Այսինքն` անկախ այսօրվա հանրահավաքի ռիտորիկայից, գնահատականների կոշտացումից կամ մեղմացումից, ՀԱԿ-ի եւ իշխանության երկխոսության այս փուլը կարելի է համարել ավարտված: Առավել եւս, որ Ս. Սարգսյանի երեկվա հայտարարությունը` Արդարադատության նախարարին համապատասխան հանձնարարականներ տալու վերաբերյալ, գրեթե բոլոր շրջանակներում ընկալվել է որպես ՀԱԿ-ի երրորդ պահանջի` քաղբանտարկյալների ազատ արձակման մասին հավաստիացում: Ավելի կարեւոր է, սակայն, թե ի՞նչ է լինելու հետո: ՀԱԿ-ը հայտարարել է, որ իշխանությանը ներկայացրած պահանջների կատարումից հետո պատրաստ է երկխոսություն սկսել արտահերթ ընտրությունների վերաբերյալ (ընդ որում, չկոնկրետացնելով` նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական): Բացառված չէ անգամ նման օրակարգով երկխոսության կայացումը: Այսինքն` ՀԱԿ-ն ու իշխանությունները կարող են անգամ պաշտոնապես նման գործընթաց սկսել, հրապարակային հանդիպումներ ու բանավեճեր կազմակերպել… մինչեւ ընդամենը մեկ տարի հետո կլրանա հերթական խորհրդարանական ընտրությունների ժամկետը: Իրավիճակի նրբությունն այն է, սակայն, որ իշխանության եւ ընդդիմության միջեւ տեղի ունեցող ներկայիս, ըստ էության, համագործակցային պայմաններում արդեն երկրորդական է դառնում` խորհրդարանական ընտրությունները կլինեն հերթակա՞ն, թե՞ արտահերթ: Կարեւորը դրանց արդյունքում «միջազգային ասպարեզում իշխանության դիրքերի ուժեղացումն է», որը, ինչպես հայտնի է, խոստացել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռեւս մարտի 17-ի հանրահավաքում: