«Ես համարում եմ, որ քաղաքական գործընթացները մեր երկրում ընթանում են նորմալ հունով, կամ գոնե ամեն ինչ գնում է դրան»,- երեկ «Վալլեքս» ընկերությունում` պատասխանելով լրագրողների հարցին, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նաեւ հավելել է, որ այսօր կոալիցիոն կուսակցություններն ակտիվացրել են իրենց գործողությունն` ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր մարմիններում: Տնտեսության որոշակի ոլորտներում նկատվում է աշխուժություն, ոգեւորություն. «Եվ կարծում եմ, որ դրանց արդյունքները, ինչպես ցուցանիշների, այնպես էլ հասարակական ընկալման տեսանկյունից, մոտ ապագայում հստակ կերեւան»:
Սերժ Սարգսյանի խոսքով` այսօր բավական ակտիվ է ընթանում խորհրդարանական գործունեությունը. «Ընդդիմադիր ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցություններն ակտիվացրել են իրենց գործունեությունը: Կարծում եմ, որ շատ կարեւոր ավանդույթ է ձեւավորվում խորհրդարանում այն առումով, որ քննարկումները թեեւ կոշտ են լինում հաճախ, նույնիսկ հնչում են մեղադրանքներ, այնուհանդերձ, այդ քննարկումները գրեթե ընթանում են, ավելի ճիշտ` ընթանում են կոռեկտության սահմաններում: Սա շատ կարեւոր հանգամանք է: Եվ կարծում եմ, որ եւ՛ կոալիցիայի, եւ՛ խորհրդարանական ընդդիմության կողմից որոշակի ջանքերի ներդրման պարագայում մենք կարող ենք գալ, հասնել քաղաքակիրթ նշաձողի: Սա շատ կարեւոր է»:
«Ուզում եմ բոլորիդ հիշեցնել, որ այս տարի լրանում է մեր հանրապետության 20-ամյակը: Եվ ուզում եմ հիշեցնել, որ մենք նաեւ այս օրերին ենք միջոցառումներ անցկացնում, եւ այդ միջոցառումները տեւելու են ոչ թե մինչեւ սեպտեմբերի 21-ը, այլ նաեւ մինչեւ տարվա վերջ: Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ մենք բոլորս մտնում ենք մայիս ամիս, մեր ժողովրդի համար հաջողությունների ամիս, հաղթանակների ամիս։ Մենք մայիսին տոնելու ենք նաեւ Հանրապետության օրը, տոն, որ շատ լուրջ դասերով է լի, եւ այդ դասերն այսօր էլ են արդիական»,- հայտարարել է ՀՀ նախագահը: Ըստ Սերժ Սարգսյանի` պառակտումը երբեք լավ բան չի բերել ոչ մի ժողովրդի, ոչ մի երկրի, չարությամբ որեւէ տեղ զարգացման խնդիրներ չեն կարողացել լուծել: «Մենք բոլորս պետք է կարողանանք չարությանը հաղթել: Իսկ չարությանը կարողանում են հաղթել միայն ուժեղները: Այսօր մենք ունենք ուժեղ իշխանություն, այսօր մենք ունենք ընդդիմություն, որը թույլ չի տալիս իշխանություններին իրենց զգոնությունը թուլացնել, եւ համագործակցելով` մենք կարող ենք իրոք մեր երկրի համար ապահովել լուրջ հաջողություններ: Այստեղ եւս մենք պատրաստ ենք առաջինը լինելու, պատրաստ ենք լիցքաթափման քայլեր կատարելու, եւ ես արդեն հանձնարարել եմ արդարադատության նախարարին` տալ առաջարկություններ»,- նկատել է Ս. Սարգսյանը: Նրա խոսքով` մենք պիտի կարողանանք արագացնել քաղաքացիական հաստատությունների կայացումը, պետք է կարողանանք կյանքն այնպես աշխուժացնել, որ մեր երկրում դժգոհների քանակը քիչ լինի. «Սա է ցանկացած իշխանության նպատակը, եւ մենք այդ նպատակին հասնելու գործում հաստատակամ ենք»: