– Հայ Ազգային կոնգրեսի եւ իշխանությունների միջեւ տեղի ունեցող երկխոսությունն ինչի՞ արդյունք է: Իշխանություններն իսկապե՞ս տեղի տվեցին համաժողովրդական շարժմանը, ինչը մինչ հիմա չէին անում, թե՞ կա այլ նպատակ:
– Ինչ-որ մենք տեսնում ենք այժմ, դա ընդհանուր առմամբ բանակցությունների եւ որոշ մերձեցման միտումներ են` առանց պաշտոնական տերմինոլոգիայի օգտագործման: Հետաքրքիր ու կարեւոր է, որ իշխանությունը վերջապես որոշեց ընդունել եւ ճանաչել ընդդիմության որոշ եւ ավելի ժողովրդավար դառնալու պահանջները: Այստեղ երկու շատ կարեւոր միտումներ կան, առաջինը` ՀՀ նախագահի վերջին հայտարարությունները Մարտի 1-ի գործի վերանայման առումով, երկրորդը իշխանությունների լեգիտիմության պակասն է, ինչպես նաեւ` Հայաստանի կառավարության համար այն վտանգը, որն առաջանում է ժողովրդի պահանջներն անտեսելու պատճառով: Իսկ դա նշանակում է, որ այլընտրանք չկա, քան ավելի խորը ռեֆորմները: Սակայն հարց է ծագում, թե արդյո՞ք դա ուշացած եւ քիչ չէ: Բայց սա էլ ցույց է տալիս, որ իրական քաղաքական կոնֆլիկտը ոչ թե նախագահ Սերժ Սարգսյանի եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, այլ Ս.Սարգսյանի եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջեւ է:
– Այսինքն` Կոնգրեսի եւ Ս.Սարգսյանի միջեւ տեղի ունեցող այս երկխոսությունն ուղղված է նաեւ Ռ.Քոչարյանի՞ դեմ: Նախկին նախագա՞հն է դրա շարժառիթը:
– Իրական քաղաքական կոնֆլիկտն ավելի արմատական է: Այս կոնֆլիկտի մեջ ներգրավված են ինչպես Ռ.Քոչարյանը, այդպես էլ Ս.Սարգսյանը: Քոչարյանն առիթ չէր: Մարտի 1-ը դեռ լուծված չէ, փոփոխությունների համար հասարակական պահանջն աճում է, բայց ես ուզում եմ ասել, որ կոնֆլիկտն այլեւս ոչ թե ընդդիմության եւ իշխանության, այլ ղեկավարող էլիտայի միջեւ է:
– Ռ.Քոչարյանը գոնե արտաքուստ ակտիվության նշաններ ցույց չի տալիս, քաղաքական կյանքին չի միջամտում: Ինչո՞ւ է նա այդքան վտանգավոր, որ իշխանությունն ու արմատական ընդդիմությունը որոշել են իրենց դիրքորոշումներում փոխադարձ զիջումների գնալ:
– Մարտի 1-ի նոր, անկախ հետաքննությունը, վտանգ կա, որ միայն կշփոթեցնի եւ վատ դրության մեջ կդնի նախկին նախագահ Քոչարյանին եւ այլոց` նրանց, ովքեր ժամանակին կատարեցին նրա որոշումները:
– Բայց անցած երեք տարիներին Ս.Սարգսյանն առանձնապես դեմ չի արտահայտվել այդ որոշումների կատարման նկատմամբ: Նա գործող իշխանության մեջ էր, վարչապետ էր, եւ, ի վերջո Մարտի 1-ը տեղի ունեցավ նրա նախագահ դառնալու նպատակով:
– Բայց տարբերություն կա, որովհետեւ նախագահ Սարգսյանը ժառանգեց սա: Այս որոշումները մեծամասամբ կատարվել են Քոչարյանի ղեկավարության ժամանակ: Ես իրականում չգիտեմ շարժառիթները, բայց կարեւորն այն չէ, թե ինչու է սա անում, կարեւորն այն է, որ անում է սա: Հատկապես փորձելով վերջնականապես լուծել Մարտի 1-ի խնդիրը:
– Համոզվա՞ծ եք, որ վերջնականապես կլուծվի այդ խնդիրը, կբացահայտվի Մարտի 1-ը:
– Անպայման չէ, որոշումը կարեւոր էր եւ ողջունվում էր, բայց իրական թեստն այն էր, թե ով եւ ինչպես կիրականացնի այդ հետաքննությունը: Եվ սա իրական փորձություն է տեսնելու համար` էֆեկտիվ կլինե՞ն հայտարարություններն ու սպասվելիք զարգացումները, թե՞ ոչ:
– Իսկ Ռ.Քոչարյանը կփորձի՞ դեմ կանգնել գործող իշխանությունների եւ ընդդիմության միջեւ նոր սկսվող այդ երկխոսությանը, կամ առաջիկա ընտրություններին կփորձի՞ մասնակցություն ունենալ:
– Այսօր դա ոչ մեկը չգիտի, ես չեմ ուզում ներքաղաքական հարցերի շուրջ շատ խոսել, ես ավելի մասնագիտացած եմ արտաքին քաղաքական հարցերի վրա: Սա այն խնդիրներից է, որի վրա շատ մարդիկ են սպեկուլյացիաներ անում:
– Կոնգրեսի ու իշխանության այս երկխոսությանը շատ խանդով են վերաբերվում ընդդիմադիր դաշտի մյուս կուսակցությունները` «Ժառանգությունը», «Դաշնակցությունը», ՆԺԿ-ն եւ այլք: Արդյո՞ք նրանց հնչեցրած մտահոգությունն իրական հիմք ունի, թե՞ իրականում նրանք մտահոգված են, որ ծավալվող իրադարձությունների արդյունքում դուրս կմնան քաղաքական գործընթացներից: Ամեն դեպքում նրանք շատ ցավագին արձագանքեցին ՀԱԿ-ի եւ իշխանության մեջ տեղի ունեցող վերջին զարգացումներին:
– Չեմ կարող ասել: Ես չեմ կարծում, որ նրանք խանդոտ են, մենք հիմա ունենք շատ բազմաշերտ ընդդիմություն, որոնցից յուրաքանչյուրը խաղում է իր կանոնների համաձայն:
– Իսկ ներքաղաքական այս զարգացումների վրա կա արտաքին ազդեցություն: Տարածաշրջանում շահեր ունեցող գերտերությունները` ՌԴ-ն կամ ԱՄՆ-ը ու Եվրոպան դերակատարություն ունեցե՞լ են այս գործում: Չէ՞ որ հաճախ են կարծիքներ հնչում, թե ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը միջնորդավորված է միջազգային կառույցների կամ ՌԴ-ի կողմից:
– Շատ ավելի քիչ, քան մարդիկ մտածում են: Իրական, շատ ուժեղ գործոնը հասարակության կողմից փոփոխությունների պահանջն է եւ դժգոհությունը: Եվ դա շատ ավելի մեծ ազդեցություն է ունենում լեգիտիմության պակաս ունեցող իշխանությունների վրա, եւ դա շատ ավելի ուժեղ գործոն է, քան Եվրոպան, ԱՄՆ-ը կամ ՌԴ-ն կարող են անել: Եվ եթե մենք նայենք վերջին տարիներին, ապա կտեսնենք, որ այդ արտաքին ուժերը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ կապված` ավելի պասիվ էին, քան նախկինում: Նրանք, իհարկե, ավելի ակտիվ են Լեռնային Ղարաբաղի, պատերազմի վտանգի խնդրում, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում:
– Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կասեցվե՞ց, թե՞, այնուամենայնիվ, որոշակի շարժ կա:
– Ոչինչ չի փոխվել, դրանք ժամանակավորապես սառեցվել են մինչեւ հունիսին Թուրքիայում կայանալիք ընտրությունները: Բայց դա էլ արվել է միայն պաշտոնական մակարդակով: Փոփոխություններ եւ շարժ կա հասարակական մակարդակում` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապրիլի 24-ին արարողություններ անցկացվեցին նաեւ Թուրքիայի տարբեր քաղաքներում:
– Կարծես թե փակուղի է մտել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Իսկ ինչը կատարվում է, կարծես այնքան էլ հայկական կողմի օգտին չէ:
– Իհարկե, փակուղու մեջ է, եւ տարիների ընթացքում այդ հարցը եղել է փակուղու մեջ, սակայն հիմա մի տարբերություն կա` մենք վերադարձել ենք հիմքերին: Եվ ամբողջ խաղաղ գործընթացը մի բանի մասին է` Ադրբեջանի կողմից սպառնացող պատերազմի չեզոքացում: Հիմք ասելով` նկատի ունեմ, որ ոչ թե խոսում ենք Մադրիդյան սկզբունքների կամ ԼՂ կարգավիճակի մասին, այլ պատերազմը կանխելու մասին: Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ պահելու խնդիր կա: Նրանք սպառնում են դուրս գալ խաղաղ բանակցային գործընթացից:
– Միգուցե Ադրբեջանի սպառնալիքները պարզապես Հայաստանին ու միջազգային հանրությանը սպառնալիքի ու շփոթի մեջ պահելու, կամ ներքաղաքական նպատակնե՞ր ունեն:
– Ես կցանկանայի, որ այդպես լինի, բայց արդեն շատ հայ զինվորներ են սպանվել ադրբեջանական սպառնալիքների արդյունքում: