Հայկական բենզինի «բույրը»

28/04/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Բենզալցակայան մտած վարորդներին երեկ կրկին «հաճելի» անակնկալ էր սպասվում. բենզինի գինը կրկին թանկացել էր 20 դրամով։ «Ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրը 430 դրամից դարձել է 450 դրամ, «Պրեմիումինը»՝ 460-ից՝ 480 դրամ, իսկ «Սուպերը» վաճառվում էր արդեն 500 դրամով։

Վարորդների հարցին, թե ինչո՞ւ է թանկացել՝ բենզալցակայանի աշխատակիցներն ուսերը թոթվելով պատասխանում էին՝ չգիտենք, մենք ընդամենը լիցքավորող ենք։ Իսկ իրենց մշտական հաճախորդներին, լավության կարգով, խորհրդավոր տոնով ավելացնում էին՝ հնարավոր է` էլի թանկանա։

Ինչո՞վ է պայմանավորված այս թանկացումը։ Լրագրողները երեկ փորձել են պարզաբանումներ ստանալ վառելիք ներմուծող ընկերություններից։ Նրանց մի մասը հրաժարվել է որեւէ կերպ մեկնաբանել, ոմանք էլ թանկացումը բացատրել են բենզինի եւ նավթամթերքի համաշխարհային գների թանկացմամբ։

Մասնավորապես, «Սիթի պետրոլ գրուպ» ընկերությունից tert.am-ին ասել են, որ բարձրացումը պայմանավորված է համաշխարհային շուկայում գների աճով՝ նշելով, որ ընկերությունը ամբողջովին արդեն վաճառել է Փոթիում պահեստավորված համեմատաբար էժան բենզինը եւ հիմա արդեն վաճառում է ամենաթանկ գներով ձեռք բերված վառելիքը։ «Եթե այսքան ժամանակ կարողանում էինք զսպել գների աճը` այդ էժան խմբաքանակի հաշվին, այժմ արդեն չենք կարող, քանի որ այդ խմբաքանակը վերջացել է»,- ասել են ընկերության ներկայացուցիչները։ Ընդ որում, ընդգծել են, որ գների բարձրացումն իրենց նույնպես ձեռնտու չէ, քանի որ ընկերությունները կորցնում են շուկան` քաղաքացիներն անցնում են այլընտրանքային վառելիքի` գազի։ «Միկան» նույնպես գների բարձրացումը պայմանավորել է համաշխարհային շուկայի միտումներով:

Նշենք, որ բենզինի համաշխարհային գներն իրո՛ք աճել են։ Որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ երեկ այդ մասին նշել էին՝ հետաքրքիր զուգադիպությամբ՝ բառացիորեն կրկնելով հետեւյալ նախադասությունը. «Նշենք, որ մարտի 14-ից մինչեւ հիմա միջազգային շուկայում Brent տեսակի նավթի գինը 1 բարելի(159 լ) հաշվով $113,8-ից բարձրացել է մինչեւ $124 դոլար (9% աճ): Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի ապրանքային բորսայում 1 տոննա բենզինի գինը 957 դոլարից բարձրացել է 1020 դոլարի (6,5% աճ)»։

Հայաստանում բենզինը թանկացել է 4.5-5%-ով։ Սակայն տարբերությունն այն է, որ ի տարբերություն բորսայական գների, թանկացումը եղել է ոչ թե մեկ ամսում, այլ՝ մեկ օրում։

Համաշխարհային գործոններով հետաքրքրվողների համար նշենք, որ վառելիքի համար միջազգային բորսաներում հիմք են հանդիսանում, այսպես կոչված, ֆյուչերսային գները։ Պարզ ասած, ֆյուչերսային գինը դա պայմանավորվածություն է առաջիկա կոնկրետ ժամանակահատվածում ձեռք բերել կոնկրետ խմբաքանակ՝ պայմանավորված գնով։ Այսինքն՝ վաճառողը պարտավորվում է անկախ ամեն ինչից այդ գնով վաճառել ապրանքը, գնորդը՝ գնել։ Իսկ մայիս ամսվա ֆյուչերսային գները վերջին 1-2 օրվա ընթացքում աճել են ընդամենը կես տոկոսով՝ հասնելով 3.3229 դոլարի՝ մեկ գալոնի դիմաց։ Այնպես որ, սպասվող թանկացումները միջազգային գներով բացատրելը այնքան էլ հիմնավորված չէ։

Ի դեպ, միջազգային գներից ոչ այնքան տեղյակ վարորդներին բենզինի թանկացումը առավել տարօրինակ թվաց դոլարի արժեզրկման ֆոնին։

Տարօրինակ զգացողությունների առաջացմանը նպաստում է նաեւ այն հանգամանքը, որ բենզինը Հայաստանում թանկանում է նույն չափով եւ միաժամանակ (րոպեի ճշտությամբ) բոլոր բենզալցակայաններում։ Այս ամենի արդյունքում՝ դժվար է հավատալ ներկրողների հավաստիացումներին։ Եթե սպառողները պարզապես ներքին բնազդով չեն հավատում բենզին ներկրող օլիգարխներին, ապա փորձագետները դա փորձում են ապացուցել։ Օրինակ՝ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երեկ նշել է, որ բենզինի թանկացման հիմնական պատճառը մրցակցության բացակայությունն է, երբ բենզինի ամբողջ ներկրումը կենտրոնացած է 1-2 ընկերությունների ձեռքում։

Վառելիքի շուկայի օլիգոպոլիկ կառուցվածքի մասին միշտ նշել են ոչ միայն տեղացի փորձագետները, այլեւ միջազգային կազմակերպությունները՝ մասնավորապես, Համաշխարհային բանկը։

Ընդհանրապես, վառելիքի շուկան շատ հարցականներ է պարունակում, որոնք իրենց պատասխանները երբեք չեն ստանում՝ տեղեկատվության՝ ոչ լիարժեք լինելու պատճառով։ Բազմիցս նշվել է, որ այսօր պաշտոնական տվյալներով Հայաստան է ներմուծվում նույնքան (կամ ավելի պակաս չափով) բենզին, քան 1990-ականների սկզբներին։ Դա` այն դեպքում, երբ վերջին 20 տարիների ընթացքում ավտոմեքենաների քանակը հանրապետությունում ամեն տարի ավելացել է 15-20 հազարով։ Ոլորտի պատասխանատուներն այս անհամաչափությունը պայմանավորում են այն հանգամանքով, որ բենզինի թանկացման պատճառով մեքենաների տերերը աստիճանաբար անցել են բնական գազով շահագործմանը։ Սակայն փորձագետներն այս հիմնավորումն արժանահավատ չեն համարում։ Ինչպես նշում է Հ. Բագրատյանը, Համաշխարհային բանկի տվյալներով` գազով աշխատող մեքենաները 15 տոկոս են կազմում միայն։ Իրականում, ըստ նախկին վարչապետի, այսօր Հայաստան է ներմուծվում տարեկան 500-550 հազար տոննա բենզին, որի կեսից ավելին չի արձանագրվում։ Իրենք` ներկրողները, նշում են, որ հանրապետությունում գազով շահագործվող մեքենաները կազմում են 70%։

Ներկրողների եւ փորձագետների կարծիքները չեն համընկնում նաեւ մրցակցության հարցում։ Մասնավորապես, ներկրողները հավաստիացնում են, որ թեպետ շուկայում գործում են մի քանի խոշոր ընկերություններ, սակայն դաշտում առկա է լիարժեք մրցակցություն։

Բենզինի թանկության համար ներկրողները մասնավոր զրույցներում մեղադրում են կառավարությանը։ «Թող հարկերն իջեցնեն, բենզինի գներն էլ կնվազեն»,- ասում են նրանք։ Ավելին, մտավախություն են հայտնում, բենզինով մեքենա վարելը այսօր դարձել է շռայլություն, եւ եթե այսպես շարունակվի՝ Հայաստանում բնակչության մեծ մասը կսկսի տեղաշարժվել հեծանիվներով։ Իհարկե՝ հեծանիվն ավելի առողջարար է եւ, բացի այդ, կլուծի մայրաքաղաքի գերծանրաբեռնված երթեւեկության խնդիրը, սակայն կպակասեն ինչպես բենզին ներկրողների շահույթները, այնպես էլ՝ բենզինի ներկրումից բյուջե մտնող գումարները։

Բյուջեի գումարները քիչ չեն. խոշոր հարկատուների առաջին տասնյակում սովորաբար տեղ են գտնում 2-3 բենզին ներկրող ընկերություններ։ Սակայն հարկային ցանկերը ուսումնասիրելիս ակամայից սկսում ես գնահատել բենզին ներկրողներին։

Օրինակ՝ երկու խոշորագույն բենզին ներկրողները՝ «Ֆլեշը» եւ «Սիթի Պետրոլ Գրուպը» (այս երկու ընկերությունների մասնաբաժինը շուկայում գերազանցում է 80%-ը), 2010 թվականի ընթացքում պետբյուջե են վճարել, համապատասխանաբար, 11.6 եւ 10.6 միլիարդ դրամի հարկեր։ Սակայն ուղղակի հարկերը առաջինի դեպքում 15.3 միլիոն դրամ են, երկրորդի դեպքում՝ 7.7 միլիոն դրամ (վճարված հարկերը գրեթե ամբողջությամբ հաստատագրված վճարներ են)։ Եթե անգամ ընդունենք, որ վճարված հարկերն ամբողջությամբ շահութահարկ են, եւ ըստ այդ ցուցանիշների հաշվենք շահույթը՝ ապա կստացվի, որ այս ընկերությունների տարեկան շահույթը չի գերազանցում 100 հազար դոլարը։ Սա` այն դեպքում, երբ յուրաքանչյուրը տարեկան ներմուծում է 70-80 հազար տոննա բենզին։ Եթե հավատանք թվերին, ապա ստացվում է, որ բենզինի գործ անողները վաճառված յուրաքանչյուր մեկ լիտրից ստացել են 1 դրամից էլ պակաս շահույթ։

Պատկերացնո՞ւմ եք՝ այդքան շատ գլխացավանք, եւ այդքան քիչ շահույթ։ Փաստորեն, կարելի է կարծել, որ վառելիքի ներկրմամբ զբաղվող ընկերությունները հերոսական գործ են անում, քանի որ իրենց գլխավոր առաքելությունը ոչ թե շահույթ ստանալն է, այլ հանրապետության բնակչությանը բենզինի անխափան մատակարարում ապահովելը (համենայն դեպս, նրանց մեծ մասի վեբ կայքերում հենց այդպես էլ ներկայացված է)։ Զարմանալին այն է, որ նրանք դա անում են մեծագույն հաճույքով, եւ ոչ մի դեպքում սեփական կամքով թույլ չեն տա, որ կողքից ինչ-որ մեկը մտնի շուկա եւ փոքր-ինչ թեթեւացնի իրենց ծանր բեռը։