Վաշինգտոնն ու Լոնդոնը պատասխանել են ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի դժգոհ ելույթին, որտեղ նա պաշտպանում էր Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆիին: Նախօրեին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Լիամ Ֆոքսը եւ Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը համատեղ ասուլիսում ասել են, որ անձամբ Կադաֆին չի հանդիսանում ՆԱՏՕ-ի օդային հարվածների նշանակետ. Գեյթսը նշել է, որ հրամանատարական կետերն ու կառավարման կենտրոններն են դիտարկվում որպես ընդունելի նշանակետեր. այսինքն` Կադաֆիի բունկերը նույնպես կարող է դառնալ հարվածների նշանակետ: Պուտինը Դանիա կատարած այցի ժամանակ քննադատել էր ՆԱՏՕ-ին` Լիբիայում ռազմական գործողություն ծավալելու եւ Կադաֆիի նստավայրը ռմբակոծելու համար: ՌԴ վարչապետի կարծիքով` «պետք է մարդկանց (լիբիացիներին) թույլ տալ ինքնուրույն լուծել խնդիրները»: Պուտինը հիշեցրել էր Լիբիայի օդային տարածքը փակելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը` կշտամբելով, որ մի կողմից` խոսում են օդային տարածքի փակման մասին, մյուս կողմից` օրուգիշեր ռմբակոծում են Կադաֆիի պալատները: «Ասում են` ոչ, մենք չենք ուզում վերացնել նրան: Այդ դեպքում ինչո՞ւ են խփում պալատներին, ինչ է, այդկերպ մկնե՞ր են քշում այնտեղից»,- հետաքրքրվել է Պուտինը: Այդուհանդերձ,
ՆԱՏՕ-ն պաշտոնապես հրաժարվել է մեկնաբանել ՌԴ վարչապետի հայտարարությունը: «Մենք իրականացնում ենք ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւով առաջադրված մանդատը»,- ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Կարմեն Ռոմերոն: