«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը երեկ հայտարարել է, որ Հայ Ազգային կոնգրեսի եւ իշխանության միջեւ սկսվել է երկխոսություն, հետեւապես ՀԱԿ-ի կողմից ապրիլի 28-ին հայտարարված հանրահավաքը չի լինի ջրբաժանի օր:
«Կարծում եմ, որ ջրբաժանի օրը կտեղափոխվի: Այդտեղ որոշակի տրամաբանություն կա, քանի որ ՀԱԿ-ի որոշակի պահանջներ կատարվել են, եւ գնում է երկխոսություն»,- ասել է նա: Միաժամանակ Ա. Կարապետյանը հայտարարել է, որ եթե այդ երկխոսության նպատակը իշխանությունը միմյանց միջեւ կիսելն է, ապա դա «շատ վատ» է, եւ դրանից տուժելու է միայն հասարակությունը: «Իսկ եթե այդ երկխոսությունը բերելու է ապագա «Միասնության» դաշինքի, ապա դա իրենց խնդիրն է: Մի քիչ դժվար է պատկերացնել, որ իշխանությանն ավազակապետություն, թաթար-մոնղոլներ անվանող ուժը միանա նույն այդ իշխանության հետ եւ դաշինք կազմի»,- ասել է Ա. Կարապետյանը: Ի դեպ, վերջինս երեկ նաեւ հայտարարել է, թե «ՀԱԿ-ի ներսում իշխանությունների հետ համագործակցության հարցում որոշակի հակասություն կա»: Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ նշել է, թե «ջրբաժան» բառն ընդունելի չէ, քանի որ այն գործածվում է թշնամիների դեպքում: Խոսելով ՀԱԿ-իշխանություն երկխոսության մասին` Վ. Բոստանջյանը նշել է, թե երկխոսություն հասկացությունը լիրիկայի ժանրից է, ուստի պարտադիր չէ այն հասկանալ ուղիղ իմաստով: «Երկխոսությունն այն է, երբ մի կողմը լուծում է մյուս կողմի առաջ քաշած խնդիրները»,- ընդգծել է ԲՀԿ-ական պատգամավորը: Ավելին` Վ. Բոստանջյանի կարծիքով` ՀԱԿ-ը ոչ թե պահանջներ է առաջադրել, այլ մտահոգություններ է հայտնել, որոնք կիսում են նաեւ իշխանությունները ու դրանց ուղղությամբ քայլեր են անում: Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` 2008թ. մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրությանը «նոր թափ» հաղորդելու մասին հանձնարարականին, Ա. Կարապետյանն ասել է, թե այդ որոշումը միջազգային հանրության պարտադրանքի հետեւանք է: Ըստ նրա` մարտի 2-ից հետո եվրոպական կառույցներում Հայաստանի վերաբերյալ ընդունված չորս բանաձեւերը խանգարում են, որպեսզի Հայաստանը լուծի իր խնդիրները, մասնավորապես`վարկավորման հետ կապված։ «Այդ պատճառով էլ փորձ է արվում ցույց տալ, որ Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ աշխատանք տարվում է»,- ասել է նա: Միաժամանակ նա նշել է, թե Մարտի 1-ի դեպքերի վերանայումը կարեւոր է մեկ այլ տեսանկյունից. «Եթե իշխանությունն ու ՀԱԿ-ը ի մի գան, ապա այդ պարագայում օդից կախված է մնալու Մարտի 1-ի զոհերի խնդիրը: Ստացվում է, որ մարդիկ զոհվեցին, իսկ իշխանությունն ու ընդդիմությունը գնացին ու իրար հետ պայմանավորվեցին: Այս առումով Մարտի 1-ը դառնալու է որոշակի քննարկումների թեմա»: Ա. Կարապետյանի խոսքով` Տիգրան Պասկեւիչյանի սցենարով նկարահանված «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը դիտելուց այն տպավորությունն է ստացել, որ թե՛ իշխանությունը, թե՛ ՀԱԿ-ը փնտրում են այն գլխավոր դեմքին, որը պետք է դառնա քավության նոխազ: «Շատ դեպքերում իրականությունը ներկայացվում է այնպես, որ մարտի 1-ին կայացված բոլոր որոշումները եղել են առանց Սերժ Սարգսյանի իմացության: Ժամանակը ցույց կտա` դա այդպե՞ս է եղել, թե՞ ոչ»,- ասել է Ա. Կարապետյանը` հավելելով, որ Մարտի 1-ի «սլաքը թեքված է դեպի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմը»:
Իսկ Վ. Բոստանջյանի կարծիքով` Մարտի 1-ի գործի վերանայումը «ինչ-որ մեկի դեմ սարքված գործ չէ», եւ այն ամենեւին էլ նպատակ չունի կոնկրետ ինչ-որ անձի պատասխանատվության կանչել: «Մարտի 1-ն ինչ-որ մեկը չի հրահրել, այն պարզապես ստացվեց»,- ասել է Վ. Բոստանջյանը: Անդրադառնալով վարկային քաղաքականությանը, ԲՀԿ-ական պատգամավորը հայտարարել է, թե ՀՀ կառավարությունն արդյունավետ չի օգտագործում արտոնյալ վարկային միջոցները: Նա հիշեցրել է, որ ինքը «Վարկային միջոցների արդյունավետ օգտագործումը վերահսկելու մասին» օրինագիծ էր մշակել, սակայն այդ օրենքը չի ընդունվել: «Ես կոալիցիոն ներկայացուցիչ լինեմ, թե` ոչ, հասկանում եմ, որ այդ միջոցները մենք արդյունավետ չենք օգտագործում»,- հայտարարել է Վ. Բոստանջյանը: Ըստ նրա` կառավարությունում կան մարդիկ, «ովքեր կարողանում են իրենց գործը լավ անել, եւ կան մարդիկ, ովքեր իրենց գործը լավ չեն անում, չնայած հավակնելով այդ գործին»: