Երեկ` Հայ Ազգային կոնգրեսի հանրահավաքի նախօրեին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կրկին ընդդիմության մասին դրական հայտարարություններ է արել: Նա անգամ համագործակցության մասին ակնարկ է արել:
Նա այս անգամ դրական միտումներ է նկատել արտախորհրդարանական ընդդիմության, այս դեպքում` ՀԱԿ-ի գործունեության մեջ, եւ կարեւորել է դա: «Ընթանում են հանրահավաքներ, հնչում են ելույթներ, որոնք միտված չեն հասարակության պառակտմանը, որոնք միտված չեն ջարդել-փշրել հասկացողությունները զարգացնելուն, որոնք միտված են քաղաքական պայքարը տեղափոխել նաեւ որոշակի հարթակներ: Ինձ դուր է գալիս նաեւ, որ հանրահավաքի կազմակերպիչները եւ ոստիկանները կարողանում են իրար հետ աշխատել, եւ, փառք Աստծո, վերջին` արդեն տեւական ժամանակահատվածում այդ միջոցառումների ընթացքում չեն գրանցվել հասարակական կարգի կոպիտ խախտումներ»,- ասել է նա:
Ս.Սարգսյանի խոսքերով` այդ միտումները կարող են հանգեցնել նրան, որ հանրահավաքները նորից անցկացվեն Ազատության հրապարակում, եւ այն նորից կդառնա այլընտրանքային գաղափարների բարձրաձայնման տեղ: «Սա է հենց Ազատության հրապարակի խորհուրդը: Եվ եթե իրադարձություններն այսպես զարգանան, ես կարծում եմ, որ մեր համատեղ ուժերով կարող ենք մաքրել այդ հրապարակից այն կեղծ պատկերացումները, որ այսօր, կամ ավելի ճիշտ` երեկ, գոյություն ունեին իբրեւ ծայրահեղականություն սնող մի միջավայր: Սա մեզ համար չափազանց կարեւոր է… Այսօր մենք ունենք ընդդիմություն, որը թույլ չի տալիս իշխանություններին իրենց զգոնությունը թուլացնել, եւ համագործակցելով` մենք կարող ենք իրոք մեր երկրի համար ապահովել լուրջ հաջողություններ: Այստեղ եւս մենք պատրաստ ենք առաջինը լինելու, պատրաստ ենք լիցքաթափման քայլեր կատարելու, եւ ես արդեն հանձնարարել եմ արդարադատության նախարարին տալ առաջարկություններ»,- երեկ հայտարարել է Ս.Սարգսյանը:
Հատկապես վերջին արտահայտությունը քաղաքական շրջանակներում եւ հանրության մեջ ընկալվել է որպես Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալներին ազատ արձակելու ակնարկ: Եվ չի բացառվում, որ այսօր արդեն արդարադատության նախարարի կամ մեկ այլ պաշտոնյայի կողմից համապատասխան հայտարարություն հնչի: Իսկ քաղբանտարկյալներին ազատ արձակելը ՀԱԿ-ի կամ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին երեք պահանջներից մեկն էր, որը նա հնչեցրել էր ապրիլի 8-ի հանրահավաքի ժամանակ: Մյուս երկու` Ազատության հրապարակը բացելու եւ Մարտի 1-ի գործը բացահայտելու մասին հավաստիացման պահանջներն արդեն կատարվել են: Երեկ նաեւ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանն էլ իր հերթին հայտարարել է, թե ոստիկանապետը հատուկ հանձնարարական է տվել Ոստիկանության մասով օպերատիվ հետախուզական միջոցառումներ կատարելու վերաբերյալ: Իսկ նախորդ հանրահավաքում Լ.Տեր-Պետրոսյանը նույնիսկ ակնարկել էր քաղբանտարկյալներին ազատ արձակելու տարբերակներից մեկը` առանց խնդրագրի ներում շնորհելը: Եվ չի բացառվում, որ ընտրվի այս տարբերակը, հատկապես, որ առջեւում մայիսի 28-ն է, Հայաստանի Առաջին Հանրապետության Անկախության օրը: Վերջին հանրահավաքում Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարել էր նաեւ, որ եթե այդ 3 պահանջները չկատարվեն, այսօրվա հանրահավաքը կդառնա ջրբաժանի օր: Ամեն դեպքում Ս.Սարգսյանն այսօր ընդդիմությանն ընդառաջ քայլեր է անում: Իսկ Կոնգրեսն ու նրա ղեկավար Լ.Տեր-Պետրոսյանն, այս երեքից զատ, ունի եւս 11 պահանջներ: Օրինակ` «փոխհատուցել Մարտի 1-ի ոճրագործությունից տուժած բոլոր քաղաքացիների նյութական վնասները` մասնավորապես սպանվածներից յուրաքանչյուրի ընտանիքին հատկացնելով 1 միլիոն դոլար, իսկ վիրավորներին` առնվազն 100.000 դոլար. ՀՀ նվազագույն աշխատավարձը դարձնել 200 դոլար, գործազրկության նպաստը` 100 դոլար, իսկ միջին կենսաթոշակը` 112 դոլար. կամ մասնագիտական ապաշնորհության համար անմիջապես զբաղեցրած պաշտոններից հեռացնել` վարչապետ Տիգրան Սարգսյանին, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին, Քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանին»: Արդյո՞ք իշխանությունները պատրաստվում են աստիճանաբար կատարել նաեւ այս պահանջները: ՀՀԿ մամլո խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը շրջանցեց հատկապես պաշտոնանկություններին վերաբերող հատվածն ու ասաց, թե իշխանության համար ընդունելի քաղաքական գործիքը երկխոսությունն է եւ ոչ թե ուժային տարբերակը: Եվ, որ այդ քաղաքականությունը բխում է ՀՀԿ-ի եւ Ս.Սարգսյանի նախընտրական ծրագրերից ու համոզմունքներից: «Մեր համոզմունքներն այն է, որ երկրում պետք է իրականացնել լայնամասշտաբ ժողովրդավարական, սոցիալ-տնտեսական եւ այլ ոլորտի բարեփոխումներ, որոնք ավելի կլավացնեն մեր հասարակության կյանքը: Ուշադիր ընթերցեք նախագահի վերջին հայտարարությունները եւ կստանաք ձեր հարցի պատասխանը: Մեր գործողությունները պայմանավորված չեն ընդդիմադիր ճամբարից հնչած պահանջներով: Շատ բնական է, որ ընդդիմությունը դա պետք է վերագրի իր պահանջներին: Փաստն այն է, որ ընդդիմությունն էլ ընդունում է, որ կա առաջընթաց»,- պատասխանեց Է.Շարմազանովը:
Այդ դեպքում ՀՀԿ-ն ու Ս.Սարգսյանն անցած 3-4 տարիներին ինչո՞ւ չէին կատարում վերը նշված բարեփոխումները, որոնք նաեւ ընդդիմության ու հասարակության պահանջներն էին: Օրինակ, ինչո՞ւ ավելի վաղ չէր կարեւորվում Ազատության հրապարակի, որպես այլընտրանքային գաղափարների` բարձրաձայնման տեղի նշանակությունը: Չէ՞ որ ընդդիմության բոլոր հանրահավաքներն ու երթերն անցնում էին խիստ կազմակերպված ու հանգիստ մթնոլորտում: «Նախ պետք է ասեմ, որ իշխանության մեջ հետեւողական քաղաքականության կողմնակից ենք, եւ ամեն ինչ միանգամից տեղի չի ունենում: Եվ եթե մի քիչ ետ գնաք, ապա կտեսնեք, որ այս 3 տարիներին նախագահի գլխավորությամբ քայլ առ քայլ շատ միջոցառումներ են իրականացվել: Դա եւ Հանրային խորհրդի ստեղծումն է, եւ համաներումն ու ներում շնորհելն է, եւ ընտրական ու հավաքները համակարգող օրենսդրական բարեփոխումներն են: Կան խնդիրներ, որոնք կարճ ժամանակում են լուծվում, կան խնդիրներ` որ մի քանի տարում»,- ասում է Է.Շարմազանովը:
Իսկ Կոնգրեսն ի՞նչ մարտավարություն է ընդունելու, համարո՞ւմ է, որ վերջին 3 պահանջները կատարված են, այսօր երկխոսությա՞ն, թե՞ ջրբաժանի օր է լինելու, կամ ինչպե՞ս է ներկայացնելու մյուս պահանջների կատարումը, նորի՞ց փոքր չափաբաժիններով: Այս բոլոր հարցերին ի պատասխան` ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ասաց. «Բոլոր այս հարցադրումների պատասխանը կստանաք ապրիլի 28-ի հանրահավաքում»: