ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ «Վալլեքս» խմբի ընկերությունների վարչական շենքում հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների տնօրեններն ու սեփականատերերը:
Խորհրդակցության սկզբում նա ընդգծել է, որ հանդիպման նպատակը` ոլորտի ներկայացուցիչների հետ հանքարդյունաբերության ներկայի եւ ապագայի, այդ ոլորտում գործող ընկերությունների զարգացման ծրագրերի, կառավարության, պետական եկամուտների կոմիտեի հետ համագործակցության մասին խոսելն ու հանքարդյունաբերության այսօրվա խնդիրներին եւ դրանց լուծումներին անդրադառնալն է: «Գիտեք, որ սկսել ենք հարկային եւ մաքսային ոլորտի բարեփոխումներ, ընդամենը մի քանի օր առաջ Անվտանգության խորհրդում հաստատեցինք հարկային, մաքսային բարեփոխումների եռամյա ծրագիրը, որի նպատակն է` թեթեւացնել հարկ վճարողների հոգսերը, պարզեցնել ողջ համակարգը: Ընդամենը օրեր առաջ կառավարությունը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ, որը մասնագետներն արդեն հասցրել են որակել` որպես հարկային համաներում: Իրականության մեջ դա հարկային համաներում չէ: Ճիշտ մոտեցում է, որի արդյունքում ընկերությունների համար ստեղծվել են բացառիկ հնարավորություններ` աշխատելով Պետեկամուտների կոմիտեի հետ, մշակել նախորդ տարիներին չվճարված հարկերի մարման ժամանակացույց եւ ազատվել տույժերից ու տուգանքներից: Սա ձեռնտու է ինչպես տնտեսվարողներին, այնպես էլ` պետությանը: Կարծում եմ, որ ձեզնից շատերն արդեն սկսել են հարկային մարմինների հետ աշխատել էլեկտրոնային տարբերակով, եւ այս հնարավորությունն, իհարկե, նոր էջ է բացում մեր հարաբերություններում: Նման նախաձեռնությունների պակաս չենք ունենալու»,- ասել է Ս. Սարգսյանը: Նրա խոսքով` ինչպես խոշոր, այնպես էլ փոքր ու միջին ձեռնարկությունների հետ հարկային, մաքսային մարմինների աշխատանքը հիմնված է լինելու համագործակցության վրա` բացառելով արհեստական խնդիրներ ստեղծելու մոտեցումները, որոնք պետության համար մերժելի են: Նաեւ ընդգծել է, որ փոփոխությունների ընթացքում չպետք է թույլ տալ բյուջետային մուտքերի կրճատում. «Սա ես ուղղակի բացառում եմ, որովհետեւ մենք չենք կարող չվճարել սոցիալական, կրթության, առողջապահության, պաշտպանության ծախսերը: Չենք կարող թոշակներ եւ աշխատավարձեր չվճարել կամ վճարել ուշացումներով: Մենք դա ուղղակի բացառում ենք: Ուստի, բոլորս պետք է շահագրգռված լինենք փոփոխությունների ընթացքում լինել կառուցողական: Քանի որ այս մոտեցումները բխում են եւ՛ տնտեսվարողների, եւ՛ պետության շահերից, ես իրավունք ունեմ ակնկալելու, որ ձեր համատեղ աշխատանքը լինելու է տեւական եւ արդյունավետ: Ես իմ հանդիպումների շարքը խոշոր տնտեսվարողների հետ սկսեցի հենց հանքարդյունաբերության ոլորտից, որովհետեւ հանքարդյունաբերությունը մեր տնտեսության կարեւոր ճյուղերից մեկն է: Այսօր միջազգային շուկայում գունավոր մետաղների գինը հնարավորություն է տալիս զարգացման նոր ծրագրեր կազմելու եւ ավելի վստահորեն նայելու ապագային: Նաեւ սա է պատճառը, որ բոլորիդ կոչ եմ անում ընդլայնվել, նոր ծրագրեր կազմել: Մի կողմից` սեփականատերերը կստանան շահույթ, մյուս կողմից` աշխատատեղեր կստեղծվեն, եւ, բնականաբար, պետությունը կստանա հավելյալ հարկային եկամուտներ»: Ի դեպ, խորհրդակցության ժամանակ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է հանքարդյունաբերության ոլորտի ընդհանուր տնտեսական նկարագիրը, առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ու ոլորտի զարգացմանն ուղղված պետության մոտեցումները: Այնուհետեւ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը խոսել է հանքարդյունաբերության ոլորտի առանձնահատկությունների եւ այդ առանձնահատկություններից ելնելով` իրականացվող հարկային քաղաքականության, ոլորտի զարգացման դինամիկայի եւ դրան համարժեք` հարկերի հավաքագրման տեմպերի, ինչպես նաեւ` ՊԵԿ-ի եւ հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների համագործակցության մասին, որից հետո տեղի է ունեցել քննարկում: