Բարդ տարածաշրջանում, որտեղ սուբյեկտների միջեւ հարաբերությունները բարդ են, խճճված կամ էլ ընդհանրապես հարաբերություններ չկան, կհայտնվի եւս մեկ միջնորդ: Նա ձեռնամուխ է լինելու քանդելու հակասությունների այս թնջուկը, վերացնելու փոխադարձ ատելությունը, սերմանելու բարեկամություն եւ սեր: Եվ ամեն ինչ աստիճանաբար իր տեղը կընկնի:
Միջնորդը սկսելու է գործել հաջորդ շաբաթվանից: Նա կժամանի նախ` Վրաստան, ապա` Ադրբեջան, իսկ հետո` նաեւ Հայաստան: Միջնորդի խորհրդականը հայտարարեց. այցը կնվիրվի կովկասյան հանրապետությունների միջեւ երկխոսության հաստատմանը: Խորհրդականն ասաց նաեւ, թե միջնորդի դերն այն է լինելու, որ երկխոսությունը տեղից շարժվի: Ասաց նաեւ, որ հարկավոր է այդ երկրների քաղաքական առաջնորդների ու մարդկանց շփում, որպեսզի հնարավոր լինի նստել ու իրար հետ խոսել: Միջնորդի խորհրդականը խոստացավ, որ ինքը` միջնորդը, կխրախուսի չլուծված հակամարտություններում ներքաշված երկրներին` թեկուզ մի փոքրիկ քայլ անելու փոխըմբռնման եւ երկխոսություն սկսելու ուղղությամբ: Ապա խորհրդականը մի քիչ ավելի կանգ առավ Վրաստանի վրա: Նա լսարանին հայտարարեց, որ Վրաստանի հարցը բարդ է, եւ որ Վրաստանի ու Հարավային Օսեթիայի միջեւ պետք է երկխոսություն սկսվի, որպեսզի նրանք չշրջափակեն մեկը մյուսի գազա ու ջրամատակարարումը:
Այս ամենի մասին միջնորդի խորհրդականը շատ լավ խոսեց: Պարզապես հիանալի: Ոչ մի վատ բան չկա: Ամեն ինչ ճիշտ է: Բայց, ա՛յ այսպիսի հայտարարություններ կարդալով, ինչպիսին արեց միջնորդի խորհրդականը, ես հասկացա, թե ինչքան ճիշտ է բաքվեցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն իր բորբոքված ու սարկազմով լի դիտողություններով: Իր վերջին աշխատություններից մեկում, որ նվիրված է ղարաբաղյան հակամարտությանը, նա մի տեսակ դառը հուսահատությամբ գրել է. «Մի՞թե մեր երկու ազգերի խելքն այդքան չի հասնում, որ ուղղակի բանակցություններ վարեն: Մի՞թե բազմադարյա հարեւանները ոչ մի կերպ չեն կարող յոլա գնալ առանց միջնորդների: Ո՞ւր են կորչում բանականությունն ու իմաստությունը, որոնցով պարծենում ենք, երբ պետք է խոսենք իրար հետ, ոչ թե հույսներս դնենք ուրիշների վրա»:
Ճի՛շտ է Զարդուշտ Ալիզադեն. հազար անգամ ճի՛շտ է:
Իսկապե՞ս մեզ` անդրկովկասցիներիս, թերարժեք մարդկանց տեղ են դրել: Պարզվում է` միջնորդի դերն այն է, որ երկխոսությունն առաջ շարժի: Շնորհակալությո՛ւն միջնորդի խորհրդականին, շա՛տ շնորհակալություն. ո՛չ Բաքուն, ո՛չ Երեւանը դրա մասին չգիտեին: Բայց այժմ, շնորհիվ նրա, արդեն գիտեն:
Միջնորդը կխրախուսի, եթե քայլ արվի… Գրողը տանի՛, ոնց որ փոքր ժամանակ, երբ հանգուցյալ տատիկս ասում էր` ա՛յ, եթե երեք օր հարեւանները քեզնից չբողոքեն (սովորաբար իրենց երեխաների հետ տուրուդմբոցի կամ էլ առանց թույլտվության այգի մտնելու պատճառով), քեզ համար գնդակ կառնեմ: Գնդակն, իհարկե, մեծ գայթակղություն էր, բայց երեք օր անտարբեր անցնել հարեւանի այգու հասած բալերի կողքով, անգամ, եթե մեր տան սառնարանում կար շուկայից գնվածը, կամ էլ երեք օր ոչ մեկի վզակոթին չհասցնելը չափազանց ծանր էր: Բայց մի անգամ ես երեք օր դիմացա ու հարեւանների հետ չկռվեցի եւ տատիցս պահանջեցի խոստացված գնդակը: Նա ինչ-որ բան ասաց, թե իբր թոշակն ուշացրել են: Ես մնացի առանց գնդակի եւ դադարեցի նման պայմանավորվածություններին հավատալուց… Բայց մանկական հուշերիս մասին` մի ուրիշ անգամ:
Խորհրդականը եւս մի կարեւոր միտք արտահայտեց. ասաց, թե Վրաստանն ու Հարավային Օսեթիան չպետք է շրջափակեն մեկը մյուսի գազն ու ջուրը: Բայց խորհրդականն ինքը ճիշտ չէ: Քանի որ նա պարզապես չգիտի, որ Հարավային Օսեթիան վաղուց արդեն կախված չէ Վրաստանի գազամատակարարումից. նա այդ գազը, համարյա երկու տարի է, ստանում է ուղիղ Ռուսաստանից: Ջրամատակարարումը եւս խնդիր չէ. միջնորդի խորհրդականը, ինչպես ասում են, մի տեղից մի բան է լսել…: Ջրամատակարարման խնդիրներ եղել են Ցխինվալի շրջանի վրացական գյուղերում: Հիմա այդ խնդիրները վերացել են, քանի որ 2008թ. պատերազմից հետո այնտեղ վրացական գյուղեր չկան: Մարդ չկա, որ անջուր թողնեն:
Իսկ հիմա ասացե՛ք խնդրեմ, կարելի՞ է արդյոք ակնկալել, որ միջնորդը «տեղից կշարժի» Հարավային Կովկասում իրավիճակը, եթե խորհրդականը նրան ինչ-որ ինֆորմացիա ներկայացնի, որով, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», նա հանդես է եկել լիտվական Ziniu radijas ռադիոկայանով: Ես չեմ ուզում ոչ մի վատ բան ասել նրա մասին. այդ մարդու մտադրությունները միանգամայն ազնիվ են: Բայց ես, չգիտես ինչու, համոզված եմ, որ այդ առաքելությունն ապարդյուն կլինի: Միակ հույսն այն է, որ միջնորդը կին է, եւ կովկասյան առաջնորդները, գոնե քաղաքավարությունից ելնելով, նրան շատ ուշադիր կլսեն եւ իսկապես կփորձեն կատարել նրա գոնե ամենափոքրիկ խնդրանքը: Միջնորդի անունը Դալյա Գրիբաուսկայտե է: Նա Լիտվայի նախագահն է, որն այս տարի ԵԱՀԿ նախագահող երկիրն է: Նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն իր ճամփորդությունը կսկսի մյուս շաբաթ: Բարի գալո՛ւստ Անդրկովկաս: Անձամբ ես շատ եմ ուզում, որ նրան թեկուզ մի բան հաջողվի: