«Մինչ 1990թ. Թուրքիայում հայը չէր կարող խոսել Ձեզ հետ հանրային ոլորտի մասին: Թուրքերը փորձում էին ինչքան հնարավոր է ապահով եւ անտեսանելի պահել այն: 1990-ականներից սկսած նրանք սկսեցին փոխվել: Մարդիկ սկսեցին խոսել հայերի կամ ոչ մուսուլմանների հետ անցյալում ունեցած խնդիրների մասին»,- ասում է Ստամբուլի «Բիլգի» մասնավոր համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արուս Յումուլը: Վերջինս բնիկ պոլսեցի է` ծնվել է Ստամբուլում, սովորել է հայկական նախակրթարանում, այնուհետ` անգլիական դպրոցում: Բարձրագույն կրթություն ստացել է Ստամբուլի Բողազիչի համալսարանում, որն ավարտելուց հետո դոկտորական աստիճանը պաշտպանել է Անգլիայում, որտեղ էլ ավարտել է Օքսֆորդի համալսարանը: Ա. Յումուլի կարծիքով` Թուրքիայում հայերը միշտ էլ դժվարություններով են ապրել, քանի որ մուսուլմանական երկրում, այսպես թե այնպես, քրիստոնյան խնդիրներ ունի: Ներկայումս Թուրքիայում ապրում է շուրջ 60.000 հայ, ընդ որում` Ստամբուլի Թուրքական տնտեսական եւ սոցիալական ուսուցման հիմնադրամի Ժողովրդավարության ծրագրի ղեկավարի օգնական Օզգե Ջենչի փոխանցմամբ` դա Թուրքիայի քաղաքացիություն ունեցող հայերի պաշտոնական վիճակագրական տվյալն է: Թուրքիայում ապրող հայերի հիմնական դժվարություններից մեկը պետական հաստատություններում աշխատանք չստանալու խնդիրն է: Այս մասին խոսեց նաեւ «Բիլգի» համալսարանի հայ դասախոսը` մատնանշելով աշխատանք գտնելու հարցում սեփական օրինակը: Յումուլի գնահատմամբ` ստամբուլահայերը չեն դիտվում իբրեւ սփյուռք, եւ սփյուռքահայ մյուս օջախներից տարբերությունները շատ են: Ըստ նրա` ստամբուլահայության պարագայում սփյուռք հասկացությունը գուցե ճիշտ է հնչում, բայց առարկայորեն այդպես չէ: «Երբ դուք նայում եք Ստամբուլի հայ համայնքին, մի շարք տարբերություններ կգտնեք մյուս երկրների հայ համայնքների հետ համեմատ: Այս համայնքը հայկական աշխարհի համար կորսված նավ է: Սա գլխավոր տարբերությունն է: Այստեղ չկան հայկական կուսակցություններ հանրապետության հիմնումից հետո: Եթե չեմ սխալվում, այս առիթով մի ակադեմիկոս այսպես էր ասել` դուք ոչ ռամկավար եք, ոչ դաշնակ, դուք հայեր եք: Սա տարբերիչ հատկանիշն է ստամբուլահայերի եւ մյուս հայ համայնքների միջեւ»,- նկատեց ստամբուլահայ դասախոսը, ով երբեւէ չի եղել Հայաստանում, բայց, ինչպես ինքը նշեց, միշտ էլ ցանկացել է Հայաստան գալ: Յումուլի փոխանցմամբ` ստամբուլահայերը միշտ վախով են ապրել` փորձելով նվազագույն զայրույթ չառաջացնել թուրք պաշտոնյաների եւ բնակչության շրջանում, եւ որ ամենակարեւորն է` չխառնվել Հայաստանի քաղաքականությանը: «Հայ հասարակությունն ապրում է լռակյաց կյանքով` չխառնվելով քաղաքականությանը, երախտագիտություն հայտնելով հեղինակություններին, ովքեր թույլ են տվել ապրել այս երկրամասում: Սա փոքրամասնությունների ռազմավարությունն է, որտեղ բացառություն չեն կազմում նաեւ ստամբուլահայերը»,- նշեց Ստամբուլում հեղինակավոր համալսարաններից մեկի դասախոսը` դա համարելով փոքրամասնությունների կյանքի ռազմավարություն, որոնց դեպքում համակերպվելն ու լռելը հավասարազոր է թուրք հասարակության կամ հեղինակությունների հետ խնդիրներ չունենալուն: Չնայած այս հանգամանքին, աճում է նաեւ Թուրքիա գնացող հայերի թիվը: Դրան զուգահեռ` վերջին 20 տարիներին ավելանում են նաեւ խառն ամուսնությունները: Արուս Յումուլի կարծիքով` դա ստամբուլահայության հիմնական քննարկվող հիմնախնդիրն է: «Դա ամենամեծ քննարկվող հարցն է հայ համայնքի կողմից: Դրանք սովորաբար կանայք են, ովքեր պարզապես կորում են: Մեծ դիմադրություն կա նրանց ծնողների կողմից, ովքեր ընդդիմանում են իրենց երեխաների ընտրությանը: Բայց այսօր դա փոխվել է: Համայնքն ավելի բաց է դարձել, ինչը նշանակում է, որ հաջորդ սերունդը հիբրիդացված կլինի, կունենա էթնիկ ընդհանրություններ, եւ իրենք կընտրեն իրենց ինքնությունը` իրենց համարելով հայեր, թուրքեր եւ այն, ինչ իրենք կցանկանան»,- ասաց հայազգի դասախոսը` մաքուր ազգ հասկացությունը համարելով վիպագրություն: Խառն ամուսնությունների հետեւանքով էլ տեղի է ունենում հայերի բնական ինտեգրումը թուրք հասարակությանը: Իսկ այդ ճանապարհին արդեն երկրորդական խնդիր է դառնում մայրենի լեզվի պահպանումը: Յումուլի ասելով` դեռեւս 19-րդ դարում Անատոլիայում բնակվող հայերը մեծամասամբ խոսում էին թուրքերեն, քրդերեն, եւ հայերենով չէին կարողանում խոսել: «Էթնիկ լեզվի գիտելիքը սիմվոլիկ կարեւորություն ունի»,- ընդգծեց ստամբուլահայ դասախոսը` նկատելով, որ հայկական դպրոցներում ու վարժարաններում օրեցօր նվազում է հայ աշակերտների թիվը: Իհարկե, շատ ընտանիքներ էլ երեխաներին մասնավոր ուսուցման են տալիս: Հայերենը Թուրքիայում հաղորդակցության, մեղմ ասած` արդյունավետ միջոց չէ, եւ հայ երեխաներից սկսած` հիմնականում սովորում են պետության պաշտոնական լեզուն: Յումուլի հավաստմամբ` թուրքական համալսարաններում զգալի թիվ են կազմում նաեւ հայերը, թեեւ «Բիլգի» համալսարանում, ըստ նրա, հայ չի սովորում: Փոխարենը, ավելի քան 10.000 ուսանող ունեցող համալսարանում դասավանդում են երկու հայ դասախոսներ` մեկը մեր զրուցակիցն է, իսկ երկրորդը դասավանդում է հաշվապահություն: Թեեւ հայերենի սիմվոլիկ դերին, հայկական դպրոցներն ու վարժարանները շարունակում են աշխատել: «Ինչպես արդեն ասացի` 1990-ականներին իրավիճակը սկսեց փոխվել: Հրանտ Դինքը խիզախեց, եւ նա մտավ հասարակական ոլորտ սեփական ինքնությամբ` 1997թ. Հրանտ Թուֆրատից փոխելով իր անունը: Նրա միջոցով թուրք հասարակությունը սկսեց սովորել հայերի, եւ ամենակարեւորը` իրազեկվել անցյալի մասին: Նա պատրաստ էր դիմագրավելու մարտահրավերներին, եւ այդ ամենի համար վճարեց իր կյանքով: Նրա ժառանգությունը մեծ է: Հրանտի մահից հետո շատ մարդիկ սկսեցին մտածել նրա ասածների, գրածների մասին, եւ թուրք հասարակությունը սկսեց նայել անցյալին հայերի աչքերով: Սա նորությունն էր մեզանում»,- նկատեց հայազգի դասախոս Արուս Յումուլը: Ըստ նրա` Թուրքիայում հայկական հարցը միայն անցյալում էր երկրորդական, երբ այդ մասին անգամ հայոց պատմության դասագրքերում այդ հարցը գոյություն չուներ: Մինչդեռ հիմա, Յումուլի կարծիքով, Թուրքիայում կատարվող փոփոխությունները նկատելի են, որոնց թվում է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հարցը: Սա արդյունք է ոչ թե Թուրքիայի դեմոկրատացման, այլ, ըստ Յումուլի, աշխարհում կատարվող փոփոխությունների: Դա նաեւ նոր որակ հաղորդեց միջազգային մտածելակերպին: «Հայոց ցեղասպանության հարցն այնքան քաղաքականացված է, որ չեմ կարող ասել` արդյոք Թուրքիան մի օր կընդունի՞ այն, թե՞ ոչ: Այն, ինչ կատարվեց Հրանտի հետ, դա ճնշումների վերադարձն էր: Իսկ ինչո՞ւ եմ ասում, թե դա վերադարձ էր, որովհետեւ այն, ինչ կարծում էին խորապես մոռացված, նա հիշեցնում էր այդ մասին: Իսկ կարեւոր հանգամանքն այն է, որ մարդիկ սկսեցին իրար ճանաչել»,- ավելացրեց Ստամբուլի «Բիլգի» համալսարանի հայազգի դասախոսը:
Ստամբուլ-Երեւան