Ինչո՞ւ «այո» եւ ինչո՞ւ «ոչ»

02/11/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

«Մենք գտնում ենք, որ այդ փաստաթուղթը` համեմատած գործող Սահմանադրության հետ, ավելի լավն է»,- սահմանադրական փոփոխությունների՝ հանրաքվեի դրված նախագծին իրենց դրական վերաբերմունքն այսպես է հիմնավորում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Վերջինիս կարծիքով՝ այս փաստաթուղթը լավագույնը չէ, սակայն անկախ որոշ թերություններից` գործող Սահմանադրության համեմատ մեկ քայլ առաջ է: Ա. Հարությունյանն այդ առավելությունների շարքում նշում է Սահմանադրական դատարան քաղաքացիների դիմելու իրավունքի ամրագրումը: «Նախագահը չի կարող կամայականորեն լուծարել խորհրդարանը: Այն կարող է լուծարվել միայն որոշակի դեպքերում»,- գործող Սահմանադրության համեմատ առաջարկվող փոփոխությունների առավելություններն է շարունակում թվարկել նա: «Ազգային համաձայնության» ղեկավարի կարծիքով՝ հանրաքվեի դրված նախագծում էական առաջընթաց կա դատական իշխանության անկախությունն ապահովելու ուղղությամբ: «Օրինակ, Արդարադատության խորհրդի ձեւավորումը շատ ավելի ընդունելի է, քան գործող Սահմանադրությամբ. նախագահն այլեւս Արդարադատության խորհրդի անդամ չէ»,- մանրամասնում է նա: Ա. Հարությունյանի խոսքերով՝ ի տարբերություն որոշ ուժերի, իրենք մասնագիտորեն են մոտենում սահմանադրական փոփոխությունների հարցին եւ բովանդակային քննարկումների կողմնակից են: Բովանդակային քննարկումների կողմնակից է նաեւ սահմանադրական փոփոխությունների փաթեթին դեմ արտահայտված Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը: Վերջինս սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելու անհրաժեշտությունը հիմնավորում է նրանում իրենց կողմից անընդունելի մի շարք դրույթների առկայությամբ: Դրանց շարքում Ա. Սարգսյանը շեշտում է այն, որ առաջարկվող փոփոխությունների 56.1 հոդվածի համաձայն` հանրապետության նախագահն անձեռնմխելի է: ՀԴԿ-ի համար անընդունելի դրույթների շարքին է պատկանում նաեւ առաջարկվող փոփոխությունների 81 հոդվածի 2-րդ կետի ա) ենթակետը, որի համաձայն` Ազգային ժողովը հանրապետության նախագահի առաջարկությամբ կարող է վավերացնել երկրի պետական սահմանի փոփոխությանը վերաբերող միջազգային պայմանագրեր: Ա. Սարգսյանը փոփոխություններին «ոչ» ասելու կոչ է անում նաեւ առաջարկվող փոփոխությունների արդյունքում ստեղծվելիք «սոցիալական վատ փաթեթի» համար ու նաեւ՝ որ «վստահության մթնոլորտ չկա»` ինչպես շեշտում է նա: Ընդդիմությունը հանրաքվեի դրված տարբերակը մերժում է նաեւ այն պատճառով, որ երաշխիքներ չի տեսնում, որ ընդունվելու դեպքում այն, ինչպես գործող Սահմանադրությունը, չի ոտնահարվելու: Ի՞նչ երաշխիքներ կան, որ ընդունվելու դեպքում փոփոխված Սահմանադրությունը չի խախտվի: «Խախտողներ միշտ էլ կգտնվեն: Եթե այդ մտածելակերպով շարժվենք, ընդհանրապես ոչ մի օրենք պետք չէ ընդունել, որովհետեւ աշխարհի բոլոր օրենքները գոնե մեկը խախտել է: Նման ձեւով էլ՝ պետք չէ փողոցում լուսաֆոր դնել, որովհետեւ մարդիկ կան, որոնք անցնում են ոչ կանաչ լույսի տակ: Չի կարելի առանց թղթին նայելու «ոչ» կամ «այո» ասել»,- այս տեսակետին այսպես է ընդդիմանում «այո»-ի կողմնակից Ա. Հարությունյանը: Վերջինիս խոսքերով՝ խախտողը պետք է պատժվի, սակայն այն, որ այսօր Սահմանադրությունը խախտողները վատ են պատժվում, արտահայտվում է գործող Սահմանադրության եւ կեղծիքով ընտրություններ անցկացնելու մեջ: