Մեր իշխանությունները ծանր տարան «Gallup» ընկերության տարածած տեղեկատվությունը: Ինչպես միշտ, ձեւացրին, թե չեն նկատել, բայց ծանր տարան: Կատակ բան չէր: Հասարակական հարցումների ամենահայտնի ընկերությունն էր տխուր բաներ հրապարակել: Հայաստանցիների 54 տոկոսն այս ընկերության հարցման տվյալներով գտնում է, որ չի ապրում, այլ պայքարում է գոյատեւման համար: Եվս 34 տոկոսի համար Հայաստանում ապրելը հավասարազոր է տառապանքի: Փաստորեն, մեր հասարակության 88 տոկոսն իրեն իրական կյանքից դուրս է համարում: Ամենասարսափելին այն է, որ այս ամենը տեղի է ունենում հարազատ կառավարության տիտանական աշխատանքների ֆոնին: Դաժան (թե՞ նենգաբարո) հրապարակումը համընկավ մի պահի, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանի հորդորով ՀՀ կառավարությունը համարյա ամբողջ կազմով դեմքով դեպի գյուղն ու գյուղացին է շրջվել: Ճիշտ այն պահին, երբ կառավարությունն իր առջեւ միջին խավ կերտելու հանձնարարական է դրել: Դրել ու կատարում է: Ի հեճուկս համաշխարհային տնտեսական ճգնաժամի ու մանր-մունր այլ խոչընդոտների: Պաշտոնական վիճակագրության համաձայն` մենք համարյա գործազուրկներ չունենք: 2008թ. պաշտոնապես գործազուրկ էր համարվում մոտ 75 հազար մարդ: Ճգնաժամի հետեւանքով` այդ թիվը մի քիչ աճեց` մոտ 6,5 հազար մարդով: Փոխարենը` վերջին տարիներին անշեղորեն աճում է միջին ամսական աշխատավարձը: Աճում է` տարեկան մեկից մի քանի հազար դրամով: Սույն փաստն, իհարկե, բավարար հիմք է միջին խավի ձեւավորման մասին խոսելու համար: Եթե դուք ՀՀ կառավարության անդամ եք, իհարկե: Որովհետեւ այս դեպքում դուք կասեիք, որ միջին աշխատավարձը անցած տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 5,7 տոկոսով: Բոլորովին կարեւոր չէ, թե գնաճի իրական աճ է եղե՞լ այդ մեկ տարում: Նույնիսկ դրամի արժեզրկումը կարեւոր չէ: Անկախ այն փաստից` դուք կառավարության անդա՞մ եք, թե՞ ոչ: Որովհետեւ պաշտոնական վերջին տվյալներով` անդադար աճող միջին աշխատավարձը ընդամենը 108 հազար դրամ է կազմում: Եթե հաշվի առնենք, որ միջին հայկական ընտանիքը բաղկացած է 4,7 մարդուց եւ, որ նրանցից լավագույն դեպքում երկուսն աշխատանք ունեն, տխուր պատկեր կնկատենք: Բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտը ամենաճոխ հաշվարկով մոտ 50 հազար դրամ է: Այսինքն` պաշտոնական աշխատավարձ-եկամտով հայ մարդն ընդամենը հացի խնդիր է լուծում: Եկամտի նման ցուցանիշ ունեցող երկրում միջին խավի ձեւավորման մասին միայն պետական բարձրագույն պաշտոն ունեցողը կամ անուղղելի երազողը կարող է խոսել: Փոխարենը` խիստ նկատելի է հասարակության մնացած հատվածի` 12 տոկոսի ներկայությունը: Նկատելի է բոլոր տեսանկյուններից: Հայաստանը, հարկավ, մեկ շնչին բաժին ընկնող թանկարժեք ավտոմեքենաների, առանձնատների քանակով «կծալի» նույնիսկ արաբական թիթիզ երկրներին: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ այդ թիթիզ երկրների շքեղ ավտոմեքենաների ու առանձնատների մի մասը մեր նույն 12 տոկոսի մի մասին են պատկանում: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ նույն 12 տոկոսի մեջ իրենց նկատելի բաժինն ունեն պետական բարձրաստիճան պաշտոնյաները: Մեր կառավարությունը, հայտնի փաստ է, անողոք պայքար է մղում կոռուպցիայի դեմ: Մերոնք պայքար են մղում, իսկ լրատվամիջոցները հայտնում են, որ Վրաստանում են ձերբակալել Ֆինանսների նախարարության 23 աշխատակիցների: Հայի բախտ է` պայքարը մերոնք են մղում, հաջողությունը ուրիշին է բաժին ընկնում: Այդ պատճառով էլ ոչ ոք այլեւս չի զարմանում, որ մեր գործարարները կամաց-կամաց իրենց բիզնեսը Վրաստան են տեղափոխում: Չնայած, որ այս գործընթացում մի զարմանալի բան կա: Հայաստանից քոչում է ոչ միայն մանր ու միջին բիզնեսը, այլեւ խոշորը: Մի քանի տարի առաջ բարեփոխումների ու ստվերային տնտեսության դեմ պայքարի անվան տակ վերանայվեց պարզեցված հարկի մասին օրենքը: Այդ պահին փորձագիտական տվյալներ կային, որ մոտ 100 հազար ընտանիք է իր կենսամակարդակի անկումով վճարելու դրա դիմաց: Կարծիքները հաշվի չառան: Հիմա նոր-նոր վարչապետի հանձնարարությամբ մանր ու միջին բիզնեսի գործարարների հետ «հետողորմյա» քննարկումներ են սկսվել: Քննարկումներ կամ դրանց իմիտացիան: Որովհետեւ չեռնոմիրդինյան հայտնի ասացվածքի համաձայն` «մեր իշխանությունները լավն են ցանկանում, բայց ստացվում է` ինչպես միշտ»: Այ տեսեք, եթե իշխանությունները երկար ու լուրջ աշխատեն միջին խավ ձեւավորելու ուղղությամբ, այն` գերհարուստ 12 տոկոսը ավելի կբյուրեղանա: Կբյուրեղանա ու մի քանի տոկոսով կպակասի: Որովհետեւ մեր իրականության մեջ տրամաբանական ու համակարգված քայլեր սպասելն անիմաստ է: Կարդացեք երեկվա տեղեկատվությունը: Մեր Ոստիկանության զորքերի աշխատավարձը տեղափոխող մեքենայի վրա հարձակում է եղել: Լուրի մեջ ոչ մի տրամաբանություն չկա: Նույնիսկ ՀՀ վարչապետին չի հետաքրքրի այն փաստը, որ ոստիկանական զորքերի աշխատավարձը, օրենքի խախտումով, կանխիկով են վճարում: Ճիշտ այնպես, ինչպես որ պատկան մարմիններին չի հետաքրքրի,. թե ինչու են 97 մլն դրամը տեղափոխում հնամաշ Գազ 24 ավտոմեքենայով: Բոլորը կձեւացնեն, որ չեն նկատել: