Գեյթսի փոխարեն` ԿՀՎ-ի պետը

28/04/2011

Ռոբերտ Գեյթսի փոխարեն ԱՄՆ պաշտպանության նոր նախարար կնշանակվի Կենտրոնական հետախուզական վարչության այժմյան ղեկավար Լեոն Պանետան: Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը: Իսկ Կենտրոնական հետախուզական վարչությունը կղեկավարի Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար գեներալ Դեյվիդ Պետրեուսը: «Associated press» գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի անանուն աշխատակիցներին, հայտնել է, որ կադրային այդ փոփոխությունների մասին Օբաման կհայտարարի ապրիլի 28-ին: Ինքը` Գեյթսը, ավելի վաղ հասկացրել էր, որ ընթացիկ տարվա ընթացքում մտադիր է լքել Պենտագոնի ղեկավարի պաշտոնը: Սպասվում է, որ այդ օրն Օբաման կհայտարարի նաեւ Ռայան Քրոքերին Աֆղանստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակելու մասին: Վերջինս այժմ գլխավորում է Բաղդադում ԱՄՆ դիվանագիտությունը: Օբամայի առաջադրած բոլոր այդ թեկնածությունները պետք է հաստատվեն ԱՄՆ Կոնգրեսի Սենատի կողմից: